Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարար |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
___________________ Վ. Գաբրիելյան |
___________________ Գ. Խաչատրյան |
N 45 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն հարկ վճարողներ են համարվում նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, իսկ 16.1-րդ հոդվածի համաձայն հարկային պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն անչափահաս անձանց եկամուտները հաշվարկում են նրանց ծնողները (խնամակալները): «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարող կարող են հանդիսանալ նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք:
«Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նշված օրենքը տարածվում է նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ), իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ) ստանալու համար հարկային մարմին են ներկայացնում անձնագրի պատճենը, սոցիալական քարտի պատճենը (առկայության դեպքում) կամ սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ լիազորված մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը (բացակայության դեպքում) և ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման դիմում:
Անչափահաս անձանց հարկային մարմիններում հաշվառման կանգնելու և հարկային պարտավորությունների կատարման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Անչափահաս անձանց ՀՎՀՀ-ները տրամադրում են հարկային մարմինները` անչափահաս անձի ծնողի (կամ ծնողներից մեկի) կամ խնամակալի (կամ խնամակալներից մեկի) կողմից ներկայացված ծննդյան վկայականի պատճենի, անչափահաս անձի սոցիալական քարտի պատճենի (առկայության դեպքում) կամ սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ լիազորված մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենի (բացակայության դեպքում) և անչափահաս անձի ծնողի (կամ ծնողներից մեկի) կամ խնամակալի (կամ խնամակալներից մեկի) կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման դիմումի հիման վրա: Անչափահաս անձի հարկային պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր:
2. Հարկ վճարող հանդիսացող անչափահաս անձի կողմից եկամտահարկի տարեկան եկամուտների (պարզեցված) հաշվարկները և ԱԱՀ-ի հաշվարկները հարկային մարմիններին ներկայացվում են նրա ծնողի (կամ ծնողներից մեկի) կամ խնամակալի (կամ խնամակալներից մեկի) միջոցով և ստորագրությամբ` հաշվարկներում նշելով անչափահաս անձի ՀՎՀՀ-ը: Հարկ վճարող հանդիսացող անչափահաս անձի կողմից հարկային պարտավորությունների (այդ թվում` եկամտահարկը և ԱԱՀ-ը) գումարների վճարումները կատարվում են նրա ծնողի (կամ ծնողներից մեկի) կամ խնամակալի (կամ խնամակալներից մեկի) միջոցով և ստորագրությամբ` վճարային փաստաթղթերում նշելով անչափահաս անձի ՀՎՀՀ-ը: