«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 901
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 54 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «Ոչնչացում» մաքսային ռեժիմի կիրառման կարգը (կցվում է):
2. Սույն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետում նշված մարմիններին` «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովի կազմը հաստատելու նպատակով մինչև 2001 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացնել իրենց համակարգը ներկայացնող լիազոր ներկայացուցիչների (նրանց փոխարինող անձանց) տվյալները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է «Ոչնչացում» մաքսային ռեժիմի կիրառման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն «Ոչնչացում» մաքսային ռեժիմն ընտրելու դեպքում` ապրանքներ տեղափոխող անձը մաքսային մարմիններ է ներկայացնում «Ոչնչացում» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծման համար սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագիր, որում արտացոլված տեղեկությունները սահմանված կարգով ներառվում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի տվյալների բազայում:
4. «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված ապրանքների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
5. «Ոչնչացում» մաքսային ռեժիմով լրացված հայտարարագրի ընդունումից հետո ապրանքները հանձնվում են մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը: Հայտարարագիրն ընդունող մաքսային մարմնի ղեկավարը հայտարարագրի ընդունումից հետո մեկօրյա ժամկետում գրավոր դիմում է «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովին (այսուհետև` հանձնաժողով), որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարը:
6. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային վարչության պետն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության մեկական և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության երկու (հարկային և մաքսային գծով) ներկայացուցիչներ:
7. Հանձնաժողովի նախագահը, ստանալով սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը, եռօրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում, քննության առնելով ստացված դիմումը, հանձնաժողովը որոշում է ընդունում ապրանքների հետագա պիտանիության, վտանգավորության, ոչնչացման եղանակը (ձևը) ուսումնասիրելու, ոչնչացման հետ կապված ծախսերը նախնական գնահատելու և ապրանքների ոչնչացման աշխատանքներին ներկա գտնվելու համար հանձնաժողովի անդամներից աշխատանքային խումբ ստեղծելու մասին (ապրանքներ տեղափոխող անձի, վերջինիս պետական գրանցման, եթե քաղաքացի է` բնակության վայրի, տարածքային հարկային տեսչության և ապրանքները ձևակերպող մաքսային մարմնի մեկական ներկայացուցիչների ու հանձնաժողովի այլ անդամների մասնակցությամբ):
8. Հանձնաժողովի նիստերը գումարվում են սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր մարմինների ներկայացուցիչների պարտադիր մասնակցության դեպքում: Սույն կարգի 6-րդ կետում նշված մարմինները պարտավոր են ապահովել իրենց ներկայացուցիչների (կամ նրանց փոխարինող անձանց) ներկայությունը հանձնաժողովի նիստերին:
Հանձնաժողովը որոշումներ է ընդունում հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, որոնք ստորագրվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` համաձայն իրենց դիրքորոշման (կողմ, դեմ, ձեռնպահ, անհրաժեշտ համարելու դեպքում` հատուկ կարծիքի նշմամբ): Քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Հանձնաժողովն իր նիստերի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ նիստի անցկացումից առնվազն երեք օր առաջ, ինչպես նաև ընդունված որոշումների մասին որոշումներն ընդունելուց հետո մեկօրյա ժամկետում տեղյակ է պահում ապրանքներ տեղափոխող անձին, որն իրավունք ունի դիտորդի կարգավիճակով մասնակցելու հանձնաժողովի նիստերին և աշխատանքային խմբերի աշխատանքներին, ներկայացնելու առաջարկություններ, ինչպես նաև դատական կարգով բողոքարկելու դրանց արդյունքները և ընթացքը:
9. Աշխատանքային խումբը կատարում է ոչնչացվող ապրանքների քանակի հաշվառում, որակական հատկանիշների զննում (քննություն), ոչնչացման հետ կապված ծախսերի նախնական գնահատում և եռօրյա ժամկետում գրավոր եզրակացություն է ներկայացնում հանձնաժողովին` նշելով կատարված աշխատանքների ու ոչնչացման իրականացման վերաբերյալ առաջարկությունների մասին:
10. Հանձնաժողովի նախագահը, սույն կարգի 9-րդ կետում նշված եզրակացությունն ստանալուց հետո նույն կամ հաջորդ օրը հրավիրում է հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվում են աշխատանքային խմբի կատարած աշխատանքների արդյունքները և ներկայացրած առաջարկությունները: Քննարկումների արդյունքում հանձնաժողովն ընդունում է ապրանքների նկատմամբ «Ոչնչացում» մաքսային ռեժիմի կիրառման մասին որոշում, որում նշվում են ոչնչացման աշխատանքներն իրականացնող անձը, սույն կարգի 7-րդ կետում նշված` ոչնչացմանը ներկա գտնվող աշխատանքային խմբի մասնակիցները, ոչնչացման վայրը, եղանակը, ժամկետը:
11. Ոչնչացումն իրականացվում է հանձնաժողովի կողմից ընտրված էկոլոգիապես անվտանգ եղանակով` կախված ոչնչացվող ապրանքների տեսակից:
12. Աշխատանքային խումբը ոչնչացման արդյունքները ձևակերպում է ոչնչացման ակտով, որում նշվում են կատարված աշխատանքների տեսակը, վայրը, ժամանակը, դրանց` հանձնաժողովի որոշման պահանջների հետ համապատասխանությունը, կատարված ծախսումների գումարի չափը և այլ տեղեկություններ: Ոչնչացման ակտն ստորագրում են աշխատանքային խմբի բոլոր անդամները: Եթե աշխատանքային խմբի անդամներից որևէ մեկն իրականացված աշխատանքների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին և կազմում է ոչնչացման ակտի անբաժանելի մասը:
Եթե աշխատանքների իրականացման տևողությունը մեկ օրվանից ավելի է, ապա ոչնչացման ակտեր են կազմվում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար:
Ոչնչացման ակտի ձևը հաստատում է հանձնաժողովի նախագահը:
13. Ոչնչացման ակտը կազմվում է առնվազն 5 օրինակից, որից մեկական օրինակ պարտադիր տրվում է հարկային մարմնի ներկայացուցչին, մաքսային մարմնի ներկայացուցչին, ապրանքները հայտարարագրող անձին, ոչնչացումն իրականացնող անձին և հանձնաժողովին:
Պետական կառավարման մարմինները պարտավոր են ոչնչացման ակտերը պահպանել ակտի կազմմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից առնվազն 3 տարի:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.10.2021, N 1681-Ն | 25.10.2021, N 901 | |
31.08.2015, N 981-Ն | 10.09.2015, N 901 | |
22.01.2009, N 78-Ն | 12.02.2009, N 901 | |
25.08.2001, N 770 | 28.09.2001, N 901 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|