«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2000 թվականի N 774
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրին (կցվում է):
2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել`
ա) տարածքի գոտևորման նախագծի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը.
բ) կառուցապատման տեխնիկատնտեսական հիմնավորման կազմումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն`
ա) նշված տարածքի կադաստրային քարտեզագրման հողի և անշարժ գույքի գույքագրման ու գնահատման վերաբերյալ.
բ) սահմանված կարգով հողամասերը պետության կարիքների համար վերցնելու և դրանց վրա գտնվող անշարժ գույքի դիմաց հատուցման հարցերը կարգավորելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
Մինչև դարի 20-ական թվականների իր քաղաքաշինական հյուսվածքով և դիրքով Երևանն անտարբեր է եղել դեպի բիբլիական Արարատը և միայն Ա. Լ. Թամանյանի շնորհիվ քաղաքաշինական ճեղքում կատարվեց դեպի բարձր կարգի ազգային խորհրդանիշը: Ալեքսանդր Թամանյանը` հակադրվելով ստեղծված հատակագծային ցանցին քաղաքն ամբողջ երկարությամբ հյուսիսից-հարավ ճեղքեց տարածական նոր առանցքով` Հյուսիսային պողոտա անվամբ:
Ժամանակին շատերին անհավանական թվացող այդ մտահղացումն այսօր ընդունել է իրական ուրվագծեր:
20-30-ական թվականներին կառուցվեցին Երևանի քաղաքաշինական առաջին դոմինանտները` Ազգային Օպերային թատրոնը` Ազատության հրապարակով և Կառավարական շենքը` Հանրապետության հրապարակով, իրապես նշմարելի դարձնելով երկու հրապարակներն իրար կապող ամենակարճ ճանապարհի` Հյուսիսային պողոտայի իրականացման հնարավորությունը: Պողոտան իր ընդհանուր երկարությամբ` երկաթուղային կայարանից մինչև Կոմիտասի փողոց կազմում է 6,5 կմ երկարության, որի շուրջ 85%-ն իրականացված է: Այս առանցքի վրա, բացի երկաթուղային կայարանի շենքից գտնվում են «Ռոսիա» կինոթատրոնը, Օղակաձև զբոսայգու վրա կառուցվող Երևանի Մայր Տաճարը, Կասկադ համալիրն իր հոյակերտ ճարտարապետությամբ:
Պողոտայի կենտրոնական հիմնական հատվածի չիրականացված մասը մոտ 400 մ երկարությամբ` երկու գլխավոր հրապարակները կապող Հյուսիսային պողոտայով կավարտի հորինվածքային գլխավոր շղթայի կազմավորումը:
Պողոտայի այս հատվածի նախագծային լուծման առաջին փորձը նախաձեռնվեց 60-ական թվականներին` փակ մրցույթով (Գ. Աղաբաբյան, Մ. Մազմանյան և Է. Սարապյան) պողոտան, որպես հրապարակների շարք առաջարկությամբ:
70-ական թվականներին` կազմակերպվեց համամիութենական մրցույթ Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի և Կիևի խոշորագույն նախագծային ինստիտուտների մասնակցությամբ:
Արդյունքում «Երևաննախագիծ» ինստիտուտի կոլեկտիվին հանձնարարվեց մշակել տարածքի մանրամասն հատակագծման նախագիծը, որը հաստատվեց 1982 թ-ին:
Մրցույթային աշխատանքի թերություններն, առանց էական վերամշակման, փոխադրվեցին վերջնական ՄՀՆ-ի մեջ և հետագայում նոր, բաց մրցույթի անհրաժեշտություն առաջացրեցին:
1984 թ-ին ներկայացված 11 աշխատանքներից առաջին մրցանակը շնորհվեց «Հայպետնախագիծ» ինստիտուտին` Գ. Մուշեղյանի ղեկավարությամբ կատարված աշխատանքին:
1996 թ. մշակվեց մրցութային նոր ծրագիր, սակայն մրցույթը չկայացավ:
1997 թ. քաղաքաշինական փոքր խորհուրդը որոշեց հենվել Թամանյանական հայեցակարգի վրա և «Երևաննախագիծ» ինստիտուտում մշակել նախագիծը: Հետագա իրադարձությունների զարգացումով խնդիրը տեղից չշարժվեց:
1999 թ. հունվարին Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված նոր մրցույթը ևս չբերեց ցանկալի արդյունքների` ներկայացված ընդամենը երեք աշխատանքներն էլ որևէ հիմնավոր եզրակացության չհանգեցրին: Վերլուծելով անցած ճանապարհը, կարելի է ասել, որ այդպես էլ չգտնվեց ճարտարապետա-գեղարվեստական վառ կերպար ունեցող առաջարկություն, որը երկու հրապարակների ճարտարապետական համալիրները կկապեր ամբողջական մասշտաբային լուծումներով: Եվ քանի որ հարցի պատասխանատվությունը գիտակցում էին նախորդ բոլոր տասնամյակների ղեկավարները, ուստի սույն տարածքը մնում էր անձեռնմխելի ռեժիմի ներքո` կառուցապատման առումով:
Սույն թվականի հունիսի 8-ին Երևանի գլխավոր ճարտարապետի նախաձեռնությամբ քաղաքաշինության խորհրդին ներկայացվեց Հյուսիսային պողոտայի կառուցապատման քաղաքաշինական և կազմակերպչական նոր ռազմավարությունը, որի հակիրճ դրույթները կայանում են հետևյալում`
1. Պողոտայի կառուցապատման հրատապ անհրաժեշտությունը.
● Հին, խարխուլ բնակելի ֆոնդի վատթար, հակասանիտարահիգիենիկ պայմաններով:
● Երևանի բուն կենտրոնում արևելյան հետնախորշերով տարածքի վերակառուցման անհրաժեշտությամբ:
● Քաղաքական նոր պայմաններում համայն հայությանը նոր հազարամյակի շեմին համազգային կառույցի գաղափարի հիմքի վրա նորովի վերամիավորվելու անհրաժեշտությամբ, ներդրումների խթանման և հազարավոր աշխատատեղերի ստեղծման պահանջով:
Երևանը ձեռք կբերի գեղագիտական և ճարտարապետական նոր փայլ և կավարտվի Թամանյանական Երևանի քաղաքաշինական հիմնակմախքի ձևավորումը:
2. Պողոտայի կառուցապատման ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի հիմնական դրույթները.
ա) Հատակագծում
● Պողոտայի նախագծվող հատվածը հանդիսանում է քաղաքի գլխավոր փողոցը:
● Պողոտայի երկրաչափական առանցքը, նախկինում ուղղված է եղել դեպի կառավարության տան նիստերի չիրականացված դահլիճի ծավալը: Պատմության թանգարանի վերնաշենքի հետ կապված, ենթակա է աննշան սրբագրության, ելնելով հետևյալ նկատառումներից`
- Պողոտան միաձուլվելով Աբովյան փողոցի հետ շարունակվում է մինչև Հանրապետության հրապարակ, կազմելով մեկ ամբողջություն:
- Առավելագույնս պահպանվում են գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձանները:
● Պողոտայի կարմիր գծերն ընդունվում են 21 մ կամ 24 մ, ելնելով քաղաքի առաջին հատակագծի դրույթներից:
● Պողոտան ամբողջ երկայնքով նախատեսվում է որպես հետիոտն փողոց:
● Պողոտայի հատակագծումն ընդգրկում է նրան հարող բոլոր թաղամասերը և փողոցները, ներկայացված սահմաններով:
● Հատակագծում հատուկ նշանակություն է տրվում պողոտայի լայնակի տարածական կապերին ներքին թաղամասերի հետ, որտեղ ստեղծվում են առավելապես հասարակական սպասարկման հանգույցներ:
● Նախագծի ընդհանուր հատակագծում առանձնացվում է շինարարության առաջին հերթը, պողոտայի կարմիր գծերից 30-35 մ խորությամբ: Թաղամասերի մնացած մասերը` հատկապես Լալայանց փողոցը նախատեսվում է որպես ազգագրական իրերի ցուցադրման և վաճառքի գոտի:
բ) Տրանսպորտային և հետիոտն շարժման կազմակերպումը
● Պողոտան սպասարկող տրանսպորտային հաղորդակցության հիմնական փողոցներն են Նալբանդյան, Թումանյան, Տերյան, Պուշկինի և մասամբ Ամիրյան փողոցը:
● Տրանսպորտային մոտեցումից մինչև պողոտայի ցանկացած կետ, հետիոտն շարժման մատչելիությունը չի գերազանցում 25 մ (համաձայն գործող նորմերի):
● Պողոտայի հետիոտն գոտին հատում է Տերյան և Պուշկին փողոցները:
● Ապագայում նախատեսվում է Թումանյան փողոցը պողոտայի հատման մասում լուծել ստորգետնյա անցումով:
● Տերյան փողոցը վերակառուցվում է գլխավոր պողոտայի միջով Զաքյան փողոցի հետ միացնելու նպատակով:
● Պողոտայի օբյեկտների տրանսպորտային ծառայողական սպասարկումն իրականացվում է վերը նշված փողոցներից: Նույն ուղիներով են սպասարկվում նաև վերգետնյա և ստորգետնյա ժամանակավոր ավտոկանգառների մուտքերը, որոնց տարողունակությունը հաշվարկվում է ելնելով օբյեկտի կամ նրանց խմբերի պահանջներից:
գ) Կառուցապատման պարամետրերը
● Պողոտայի ֆունկցիոնալ բովանդակությունը, որպես քաղաքի գլխավոր փողոցի, կանխորոշվում է այստեղ բնակելի և հասարակական սպասարկման օբյեկտների, առևտրի և գործարարական հաստատությունների տեղադրմամբ:
● Պողոտայի ոչ մեծ երկարությունը պահանջում է կառուցապատման միասնություն, նպատակահարմար է դարձնում ընդհատումների առավելագույն կրճատումը:
● Կառուցապատման նախագծման ընթացքում շենքերի բարձրությունն ընդունվում է 20-25 մ սահմաններում, այսինքն Օպերայի երկրորդ հարկաշարքի առավելագույն բարձրությամբ (25 մ):
● Օպերայի առաջին հարկաշարքի բարձրությունը 13 մ է: Թատրոնի առջևի և Աբովյան փողոցի միացման հատվածի նիշերի տարբերությունը կազմում է 7 մ:
● Հաշվի առնելով շոգ բնակլիմայական պայմանները և պողոտայի հետիոտնային հագեցվածությունը, նպատակահարմար է շենքերի առաջին հարկերում սպասարկման օբյեկտների առջև պասաժների կազմակերպումը:
● Առաջարկվում է վերնահարկի տանիքները նախատեսել որպես ամառային հարթակներ, ֆունկցիոնալ բազմաբնույթ օգտագործումով:
● Հաշվի առնելով պողոտայի գծային բնույթը, նպատակահարմար համարելով բոլոր ինժեներական կոմունիկացիաները (բացի գազից) անցկացնել նկուղային հարկերի միջանցիկ ուղիներով:
● Պարտադիր նախատեսվում է բոլոր կառույցներում նվազագույնը երկու հարկով ստորգետնյա ավտոկանգառներ:
● Լալայանց փողոցը վերակառուցվում է երկու-երեք հարկանի կառույցներով, որպես ազգագրական իրերի ցուցասրահ-վաճառքի կենտրոն: «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակը Տերյան-Հյուսիսային պող. և Աբովյան-Հյուսիսային պող. հատվածներում կազմավորված եռանկյունին դիտարկվում է որպես քաղաքաշինական հիմնակմախք` հատումների յուրաքանչյուր մասում առանձնահատուկ թեմայով լուծումներ առաջարկելու համար:
ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
3. Պողոտայի կառուցապատման մի շարք ցուցանիշներ.
● Պողոտայի երկարությունը |
400 մ |
● Պողոտայի լայնությունը |
21 (24 մ) |
● Պողոտայի կառուցապատման բարձրությունը |
20-24 մ |
● Կառուցապատման ֆունկցիոնալ բնույթը | - բնակելի, հասարակական և սպասարկման օբյեկտներ |
● Լալայանց փողոցը | - ազգագրական իրերի ցուցասրահ, վաճառքի հետիոտն գոտի |
● Պողոտայի տրանսպորտային բնույթը | - հետիոտն փողոց |
● Պողոտայի ամբողջ տարածքի ընդհանուր մակերեսը |
9.8 հա |
● Առաջին հերթի շինարարության տարածքի մակերեսը |
4.0 հա |
● Ամբողջ տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը |
200 000 քմ |
● Առաջին հերթի շինարարության կառուցապատման ընդհանուր մակերեսը |
112 000 քմ |
● Պողոտայի ամբողջ տարածքի իրացման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը |
- 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ |
● Պողոտայի առաջին հերթի շինարարության
|
- 3.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ |
● Ամբողջ տարածքի կառուցապատման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը |
- 120 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ |
● Առաջին հերթին շինարարության համար անհրաժեշտ ներդրումների ծավալը |
- 67 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ |
● Տարածքների մաքրումը հին ֆոնդի շինարարական աղբից | - 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ |
● Տարածքների բարեկարգում և ինժեներական ենթակառուցվածքների իրականացում |
- 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ |
Ընդամենը |
134 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ |
նԱՐԵԿ սԱՐԳՍՅԱՆ | |
Երևանի գլխավոր ճարտարապետ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|