Գլխավոր տեղեկություն
Номер
N 35
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.09.15/22(405)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
16.08.2011
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
16.08.2011

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարարության հետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

 

___________________ Վ. Գաբրիելյան

 

___________________ Գ. Խաչատրյան

 


 16 օգոստոսի 2011 թ.

 N 35

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Ե» ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետի համաձայն «մինչև սույն հոդվածի «դ» կետով նախատեսված ժամկետները կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով»:

Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը սահմանված է ՀՀ կառավարության 14.04.2011թ. «Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը հաստատելու մասին» N 511-Ն որոշմամբ:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Հսկիչ-դրամարկղային մեքենայի ֆիսկալային հասույթի վերաբերյալ տեղեկություններ (հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացրած դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկություններ) ներկայացնում են հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցած բոլոր անձինք, բացառությամբ սույն պարզաբանման 2-րդ կետում նշված անձանց` անկախ այն հանգամանքից, թե տվյալ ամսում տվյալ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկներ կատարվել են, թե ոչ: Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացրած դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ՀՀ կառավարության 14.04.2011թ. N 511-Ն որոշմամբ հաստատված ձևով:

2. Հսկիչ-դրամարկղային մեքենայի ֆիսկալային հասույթի վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացնում`

1) այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք 2012 թվականի հունվարի 1-ից կամավոր հարկային մարմին կուղարկեն հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը ցանցային կապի միջոցներով.

2) այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք առևտրի իրականացման վայրերում իրականացնում են գործունեություն և ցանցային կապուղիների միջոցով հարկային մարմին են ուղարկում օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկություն.

3) այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացրել են դիմում-հայտարարություն գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ` գործունեության ժամանակավոր դադարեցված ժամանակահատվածում ներառված ամբողջական ամիսների համար.

4) այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք լիցենզավորման կարգի պահանջներից ելնելով հարկային մարմնում գրանցել են հսկիչ-դրամարկղային մեքենա, սակայն տվյալ ամսվա ընթացքում լիցենզիա դեռ չեն ստացել և լիցենզավորման ենթակա գործունեություն չեն իրականացրել` տվյալ գործունեության մասով.

5) արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը:

3. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են ներկայացնել հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ճշտված տեղեկություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ ճշտված տեղեկությունները վերաբերում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններին:

4. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային մարմնում ունեն գրանցած մեկից ավելի հսկիչ-դրամարկղային մեքենա, պարտավոր են հարկային մարմին ներկայացնել յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկություն` անկախ այն հանգամանքից, թե տվյալ ամսում տվյալ հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դրամական հաշվարկներ կատարվել են, թե ոչ: Եթե կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն կետում նշված որևէ հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն չեն ներկայացրել կամ չեն ներառել ՀՀ կառավարության 14.04.2011թ. N 511-Ն որոշմամբ հաստատված տեղեկության ձևում, ապա տվյալ հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը համարվում է չներկայացված: