«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 1998 թվականի N 689
քաղ. Երևան
ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության առաջարկությունը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը մասնավոր ներդրողների հաշվին ավարտելու վերաբերյալ:
2. Ընդունել ի գիտություն, որ 1998 թվականի ապրիլի 21-23-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչների հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների առաջին փուլի փաստաթղթերը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տեխնիկական օգնության հիմնադրամի հաշվին նշված բանկի կողմից առաջարկված «Վանգարդ կապիտալ» ֆիրմայի միջոցով մշակելու համար:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ծրագրի մյուս փուլերի աշխատանքներն իրականացնելու համար խորհրդատուի ընտրության և աշխատանքներն սկսելու շուրջ բանակցությունների վարումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության հետ համատեղ`
ա) Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հիմնական սարքավորումների (կաթսայական ագրեգատ, տուրբոագրեգատ և այլն) պահպանության ծրագիրն իրականացնելու համար երկշաբաթյա ժամկետում ավարտել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրամադրված վարկի 5,9 մլն ԱՄՆ-ի դոլար մնացորդն ստանալու շուրջ բանակցությունների վարումը նշված բանկի հետ.
բ) մեկամսյա ժամկետում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ճշտել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ծրագիրը, տեխնիկական առաջադրանքը, մշակման ենթակա հիմնավորումների և փաստաթղթերի ծավալներն ու ժամկետները.
գ) կատարված ուսումնասիրությունների, ներկայացված հիմնավորումների և վերլուծությունների հիման վրա մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասնավորեցման ձևերի վերաբերյալ.
դ) մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովել ուղղակի բանակցությունների վարումը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ավարտելու ցանկություն հայտնած պոտենցիալ ներդրողների հետ և արդյունքների մասին առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրամադրված վարկի մնացորդի հաշվին ապահովել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հիմնական սարքավորումների (կաթսայական ագրեգատ, տուրբոագրեգատ և այլն) պահպանման ծրագրի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ծրագրի իրականացման համար ֆինանսավորման այլ աղբյուրների վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|