«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2000 թվականի N 200
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՍՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 7-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում որսորդության համար նախատեսված նշանառության հարմարանքների օգտագործման ու վաճառքի կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում որսորդության համար նախատեսված նշանառության հարմարանքների օգտագործման ու վաճառքի
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է որսորդության համար նախատեսված նշանառության հարմարանքների (այսուհետև` նշանառության հարմարանքներ) օգտագործման ու վաճառքի կարգը:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է այն օպտիկական և ոչ օպտիկական նշանառության հարմարանքների վրա, որոնց օգտագործման շնորհիվ բարելավվում է որսորդական զենքի դիպուկ նշանառությունը:
3. Օպտիկական նշանառության հարմարանքները չպետք է ունենան հեռաչափության և նշանառության սանդղակ, բացառությամբ զենքի հետ համալիր վաճառվողների:
II. Նշանառության հարմարանքների օգտագործումը
4. Նշանառության հարմարանքները կարող են օգտագործվել նաև գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ կատարելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների անշարժացման կամ ներարկումների համար:
5. Նշանառության հարմարանքները որսորդության ժամանակ կարող են օգտագործվել որսորդական օդաճնշիչ և ողորկափող զենքերի հետ միասին` այդ նպատակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ որսորդական ակոսափող զենքի հետ միասին օգտագործման դեպքում` բնակավայրերից 5 կմ հեռավորության վրա, սահմանված տարածքներում:
III. Նշանառության հարմարանքների վաճառքը
6. Նշանառության հարմարանքները վաճառքի են ենթակա առանձին կամ զենքի հետ համալիր, զենքի և դրա փամփուշտների առևտրի իրավունք ունեցող իրավաբանական անձանց վաճառասրահներում:
7. Նշանառության հարմարանքները զենքից առանձին վաճառելու դեպքում վաճառողը զենքի անձնագրում կատարում է համապատասխան նշում, որը հաստատվում է կնիքով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.07.2018, N 765-Ն | 04.08.2018, N 200 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|