Գլխավոր տեղեկություն
Номер
N 372
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (19.07.2000-26.10.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.07.19/16(114)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.07.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.07.2000
Дата вступления в силу
19.07.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.07.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 7 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2000 թվականի N 372
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41 և 42 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետությունում միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) ուսումնական հաստատությանը նախկինում տրված լիցենզիան ուժի մեջ է մինչև դրանում նշված ժամկետի ավարտը.

բ) մինչև «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն ստեղծված ու լիցենզավորման ոչ ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կրթական գործունեությունը, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ենթակա է լիցենզավորման մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 7-ի N 372 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի ՀանրապետությԱն կրթական գործունեության լիցենզավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց կրթական գործունեության լիցենզավորման կարգը:

2. Ոչ պետական ուսումնական հաստատությունները կրթական գործունեություն իրականացնելու իրավունք են ձեռք բերում լիցենզիա ստանալու, իսկ պետական ուսումնական հաստատությունները` հիմնադրման պահից:

3. Անկախ կազմակերպական-իրավական ձևից` լիցենզավորման ենթակա է ոչ պետական` հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (կազմակերպությունների) կրթական գործունեությունը, այդ թվում`

նախադպրոցական հաստատությունների (մանկապարտեզներ, մսուր-մանկապարտեզներ, ընտանեկան մանկապարտեզներ),

հանրակրթական (տարրական, հիմնական, միջնակարգ) դպրոցների, վարժարանների և կրթահամալիրների,

հատուկ ընդհանուր և գիշերօթիկ դպրոցների,

նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների,

միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների,

բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների,

հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնագիտական հաստատությունների:

4. Ուսումնական հաստատության մասնաճյուղերի, այդ թվում` օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեությունը լիցենզավորվում է սույն կարգի համաձայն` մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության դիմումի հիման վրա: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է տվյալ մասնաճյուղն ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Տարբեր ծրագրեր իրականացնող կրթական գործունեության (այսուհետև` կրթական գործունեություն) յուրաքանչյուր տեսակի համար տրվում է առանձին լիցենզիա:

6. Լիցենզիան չի կարող օտարվել:

7. Լիցենզիա տալու համար կամ կրթական գործունեության նոր տեսակներ ավելացնելու դեպքում գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

8. Լիցենզիան տրվում է անժամկետ:

9. Առանց լիցենզիայի կրթական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Կրթական գործունեության լիցենզիա տալիս է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) փորձաքննության արդյունքների հիման վրա: Իրավաբանական անձի կրթական գործունեության լիցենզավորման համար եզրակացությունը տալիս է նախարարության լիցենզավորման և հավատարմագրման ծառայությունը (այսուհետև` ծառայություն):

 

II. Լիցենզավորման ընթացակարգը

 

11. Կրթական գործունեության լիցենզիա ստանալու նպատակով իրավաբանական անձը ծառայություն է ներկայացնում`

ա) դիմում, որտեղ նշվում են իրավաբանական անձի`

լրիվ անվանումը,

կազմակերպական-իրավական ձևը,

գտնվելու վայրը, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail),

կրթական գործունեության տեսակները և կրթության ձևը (առկա, հեռակա, դրսեկություն)` ըստ կրթական աստիճանների,

մասնագիտությունների, լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների ցանկը.

բ) կանոնադրության պատճենը.

գ) պետական գրանցման վկայականի պատճենը.

դ) փաստաթղթեր`

հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի,

լաբորատոր բազայի և ուսումնական տարածքի,

ուսումնամեթոդական ապահովման,

գրադարանային-տեղեկատվական բազայի,

ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի վերաբերյալ:

12. Ծառայությունը սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո ստուգում է դրանք, գրանցում դիմումը և դրա մասին ծանուցում իրավաբանական անձին:

13. Ծառայությունը լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով մեկամսյա ժամկետում իրականացնում է փորձաքննություն` ստուգելով`

ա) տարածքներ զբաղեցնելու վերաբերյալ տվյալները` սահմանված սանիտարական նորմերին համապատասխան (աղյուսակ 1).

 

Աղյուսակ 1

 

NN
ը/կ
Կրթական գործունեություն
իրականացնելու համար
հատկացվող տարածքը
Տարածքի տնօրինման ձևը
(սեփական, վարձակալական)
Թիվը Ընդհանուր
մակերեսը
(քառ. մ)
1

2

3

4

5

1. Լսարաններ,
այդ թվում`
     
1.1. դասախոսությունների համար      
1.2. գործնական և սեմինար պարապմունքների համար      
2. Լաբորատորիաներ, ուսումնական և հնչյունային (լինգաֆոնային) կաբինետներ      
3. Համակարգչային դասարաններ      
4. Գրադարան, այդ թվում`      
4.1. գրապահոց      
4.2. ընթերցարաններ      
5. Մարզադահլիճներ      
6. Նախադպրոցական կրթության համար նախատեսված լրացուցիչ (խաղալու, քնելու և սնվելու) տարածքներ` սանիտարական պահանջներին համապատասխան      
7. Վարչական      
8. Օժանդակ      
 

Ընդամենը

     

 

բ) ուսումնամեթոդական փաստաթղթերի համապատասխանությունը պետական-կրթական չափորոշիչների պահանջներին`

մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերը (հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների համար),

սովորողների ընդունելության, ավարտական եզրափակիչ քննությունների հանձնման և դիպլոմային նախագծերի պաշտպանության, տեղափոխման և փոխադրման կարգերը (հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների համար).

գ) ուսումնական հաստատության (կազմակերպության) մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմը (աղյուսակ 2).

 

Աղյուսակ 2

 

NN
ը/կ
Անունը, ազգանունը Աստիճանը Գիտական
կոչումը
Պաշտոնը Հաստիքը
որակա-
վորման

գիտա-
կան

1.            
2.            
3.            

 

N 2 աղյուսակի 6-րդ և 7-րդ սյունակները լրացնելիս համարիչում տրվում են տվյալներ նոր ստեղծվող, իսկ հայտարարում` այլ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) նույն անձի զբաղեցրած պաշտոնի և հաստիքի վերաբերյալ:

Բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմը պետք է բավարարի հետևյալ պահանջները`

առնվազն 50 տոկոսը պետք է լինի տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) հիմնական հաստիքային աշխատող,

առնվազն 50 տոկոսը պետք է ունենա գիտական աստիճան կամ պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության գծով 3-ը մասնագիտական առարկաներից.

դ) ուսումնական և տեղեկատվական գրականությամբ ապահովվածությունը` նախարարության կողմից սահմանված չափաքանակներին համապատասխան (հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, դասընթացների համար): Ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) գրադարանի բացակայության դեպքում ներկայացվում է այլ գրադարանից օգտվելու նպատակով կնքված պայմանագրի պատճենը.

ե) ուսումնալաբորատոր և մարզական բազաներով ապահովվածությունը`

ուսումնալաբորատոր բազա` հագեցված նախարարության կողմից սահմանված անհրաժեշտ նյութերով, չափիչ-ստուգիչ սարքերով, սարքավորումներով, համակարգչային դասարան, իսկ բժշկական ուսումնական հաստատությունների համար` նաև կենդանանոց (վիվարիում).

մարզադահլիճ, որն առնվազն 25 սովորողի միաժամանակյա պարապմունքի անցկացման հնարավորություն է ընձեռում (ուսումնական հաստատությունների համար):

Սեփական ուսումնալաբորատոր և մարզական բազաների բացակայության դեպքում ներկայացվում է համապատասխան այլ բազաներից օգտվելու նպատակով կնքված պայմանագրի պատճենը.

զ) ուսումնական, կլինիկական, մանկավարժական և արտադրական պրակտիկաների բազաներով ապահովումը (միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների համար):

Ուսումնական հաստատությունը ներկայացնում է իր բնագավառի բազային հաստատությունների, հիվանդանոցների և կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև դրանց հետ կնքված պայմանագրերի պատճենները, որտեղ նշվում են`

պրակտիկա անցնողների թիվը և անհրաժեշտ աշխատատեղերը,

պրակտիկայի աշխատանքային ծրագիրը և ժամկետը:

14. Ծառայության եզրակացությունը ներկայացվում է նախարարին, որի հրամանով 15 օրվա ընթացքում կարող է անցկացվել կրկնակի փորձաքննություն: Ծառայությունը լիցենզիա տալու կամ լիցենզիա տալը մերժելու մասին նախարարի հրամանի վերաբերյալ 5-օրյա ժամկետում իրազեկում է իրավաբանական անձին:

15. Լիցենզիա տալը մերժելու հիմքերն են`

ա) փաստաթղթերում ներկայացված տվյալների անհամապատասխանությունը սույն կարգի 13-րդ կետի պահանջներին,

բ) դիմումում և փաստաթղթերում առկա տեղեկությունների ոչ հավաստի կամ կեղծ լինելը:

16. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:

17. Լիցենզիայի վկայականի ձևը սահմանում է նախարարությունը:

18. Ծառայությունը լիցենզիան տալու մասին տեղեկությունը հրապարակում է մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

19. Լիցենզիայի ձևաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

20. Իրավաբանական անձն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու լիցենզիա տալը մերժելու մասին նախարարի հրամանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Ծառայությունն իրավասու է լիցենզիայի պայմանները պահպանելու նպատակով ուսումնական տարվա ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ ուսումնական հաստատությունում կատարելու ուսումնասիրություն:

22. Եթե իրավաբանական անձը խախտել է սույն կարգով սահմանված լիցենզիայի պայմաններից որևէ մեկը, ապա նախազգուշացվում է ծառայության կողմից:

Նախազգուշացման հիմք կարող են լինել նաև`

ա) լիցենզիայի գործողության ընթացքում ծառայություն ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերումը,

բ) կրթական գործունեության մեջ լիցենզավորման պահանջների այնպիսի խախտումների հայտնաբերումը, որոնք կարող են վերացվել:

23. Իրավաբանական անձը պարտավոր է 6-ամսյա ժամկետում վերացնել սույն կարգի 22-րդ կետում նշված խախտումները և դրանց վերացման մասին հայտնել նախարարություն` ներկայացնելով հիմնավորող փաստաթղթեր:

24. Սահմանված ժամկետում խախտումը (խախտումները) չվերացվելու դեպքում կասեցվում է համապատասխան մասնագիտության (մասնագիտությունների) գծով ընդունելությունը` մինչև խախտման (խախտումների) վերացումը:

 

III. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը

 

25. Նախարարությունը ծառայության ներկայացմամբ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում, եթե`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է ուսումնական հաստատության (կազմակերպության) գործունեությունը,

բ) իրավաբանական անձը դիմել է լիցենզիան հանձնելու խնդրանքով,

գ) իրավաբանական անձի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

26. Իրավաբանական անձը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին նախարարի հրամանի արձակման պահից զրկվում է կրթական գործունեություն իրականացնելու իրավունքից: Ուժը կորցրած ճանաչված լիցենզիան 10-օրյա ժամկետում ենթակա է վերադարձման ծառայություն:

27. Ծառայությունը 5-օրյա ժամկետում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին իրազեկում է իրավաբանական անձին և համապատասխան տեղեկատվություն հրապարակում մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

28. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին նախարարի հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

29. Իրավաբանական անձը լիցենզիայի վկայականը կորցնելու դեպքում դիմում է նախարարություն, որը 15-օրյա ժամկետում տալիս է «Կրկնօրինակ» նշագրմամբ լիցենզիայի նոր վկայական, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 7-ի N 372 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում միջին եվ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների եվ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում միջին և բարձրագույն մասնագիտական պետական ու ոչ պետական ուսումնական հաստատությունների (այսուհետև` ուսումնական հաստատություն) և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը:

2. Ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումն ուսումնական հաստատության մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից:

3. Պետական հավատարմագրման վկայական տալու, ինչպես նաև այդ վկայականում փոփոխություն կատարելու դեպքերում գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

4. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը, այդ թվում` օտարերկրյա ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով` մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա: Մասնաճյուղի համար պետական հավատարմագիր տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Պետական հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև` նախարարություն)` անկախ ուսումնական հաստատության կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական ենթակայությունից: Ուսումնական հաստատություններում ուսուցման որակի պետական վերահսկողությունն իրականացնում և մասնագիտությունների հավատարմագրման համար եզրակացությունը տալիս է լիցենզավորման և հավատարմագրման ծառայությունը (այսուհետև` ծառայություն):

 

II. Ուսումնական հաստատությունների եվ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման ընթացակարգը

 

6. Պետական հավատարմագրման նպատակով ուսումնական հաստատությունն իրականացնում է իր գործունեության վերլուծություն` ըստ նախարարության հաստատած միասնական ձևի, որն ընդգրկում է`

ա) պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության հիմնավորումը.

բ) ուսումնական հաստատության ուսումնագիտական ստորաբաժանումների գործունեության արդյունավետության գնահատումը.

գ) ուսումնական հաստատության զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները.

դ) լիցենզավորման պահանջների կատարման գնահատումը:

Ուսումնական հաստատությունը նշված վերլուծության հիման վրա պայմանագրային հիմունքներով դիմում է համապատասխան որակավորում ունեցող և ծառայության կողմից երաշխավորված իրավաբանական անձին, հիմնարկին կամ անհատ ձեռնարկատիրոջը, որը նախարարության սահմանած կարգով իրականացնում է ուսումնական հաստատության ուսումնական գործունեության փորձաքննություն: Ուսումնական հաստատությունը փորձաքննության ավարտից հետո մեկամսյա ժամկետում ծառայություն է ներկայացնում նախարարության սահմանած ձևի փորձագիտական եզրակացությունը և վերլուծության մեկ օրինակը:

7. Դրական փորձագիտական եզրակացության դեպքում` նախարարության սահմանած կարգով իրականացվում է 2 տարվա շրջանավարտների ամփոփիչ ստուգում (ատեստավորում):

8. Փորձագիտական եզրակացության և անընդմեջ 2 տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների հիման վրա ծառայությունը մեկամսյա ժամկետում պետական հավատարմագրման մասին եզրակացություն է ներկայացնում նախարարին: Ծառայությունը պետական հավատարմագիր տալու կամ պետական հավատարմագիր տալը մերժելու մասին նախարարի հրամանը 5-օրյա ժամկետում հաղորդում է ուսումնական հաստատությանը:

9. Պետական հավատարմագիր տալը մերժելու հիմքերն են`

ա) ծառայության բացասական եզրակացությունը.

բ) մեկ տարվա շրջանավարտների ատեստավորման 60 տոկոսից ցածր դրական արդյունքները:

10. Պետական հավատարմագրման մերժման մասին նախարարի հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Ուսումնական հաստատություններն իրենց շրջանավարտներին պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայական, դիպլոմ) տալու իրավունք են ձեռք բերում իրենց պետական հավատարմագրման պահից: Հավատարմագրման մասին նախարարի հրամանի արձակումից հետո 5-օրյա ժամկետում ուսումնական հաստատությանը տրվում է պետական հավատարմագրման վկայական: Վկայականի ձևը հաստատում է նախարարությունը:

12. Պետական հավատարմագրման վկայականի ձևաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

13. Պետական հավատարմագրման վկայականը չի թույլատրվում օտարել:

14. Ծառայությունը պետական հավատարմագրման մասին տեղեկությունը հրապարակում է մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

15. Պետական հավատարմագրման պայմանները պահպանելու նպատակով ծառայությունն իրավասու է ուսումնական տարվա ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ ատեստավորելու ուսումնական հաստատությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

16. Պետական հավատարմագրման համար նախատեսված փորձաքննության, պետական քննությունների, գործուղման, տեղեկատվություն տալու և այլ ծախսերը, անկախ ատեստավորման գործընթացի արդյունքից, պայմանագրային կարգով հատուցում է ուսումնական հաստատությունը:

17. Եթե ուսումնական հաստատությունը խախտել է սույն կարգով սահմանված պայմաններից որևէ մեկը, ապա ծառայության կողմից նախազգուշացվում է:

Նախազգուշացման հիմք կարող են հանդիսանալ նաև`

ա) ծառայություն ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերումը.

բ) հավատարմագրման պահանջների խախտումների հայտնաբերումը:

18. Ուսումնական հաստատությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում վերացնել սույն կարգի 17-րդ կետում նշված խախտումները և դրանց վերացման մասին հայտնել նախարարությանը` ներկայացնելով հիմնավորող փաստաթղթեր:

 

III. Պետական հավատարմագրման ուժը կորցրած ճանաչելը

 

19. Նախարարությունը ծառայության ներկայացմամբ կարող է ուժը կորցրած ճանաչել պետական հավատարմագրումը, եթե`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է ուսումնական հաստատության գործունեությունը.

բ) հավատարմագրված մասնագիտությունների գծով անընդմեջ 2 տարի սովորողների 50 տոկոսը կրկնակի բացասական են ատեստավորվել.

գ) նախազգուշացման համար հիմք հանդիսացող խախտումները սահմանված ժամկետում չեն վերացվել.

դ) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.

ե) ուսումնական հաստատություն ներկայացված փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

20. Ծառայությունը պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախարարի հրամանը հրապարակում է մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

21. Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախարարի հրամանն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է իր ստացած պետական հավատարմագրման վկայականը վերադարձնել ծառայություն:

22. Պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախարարի հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրման վկայականը կորցնելու դեպքում դիմում է նախարարություն, որը 15-օրյա ժամկետում տալիս է «Կրկնօրինակ» նշագրմամբ պետական հավատարմագրման նոր վկայական, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով: