Գլխավոր տեղեկություն
Номер
N 545
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.1997-06.01.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.15/28
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.11.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.11.1997
Дата вступления в силу
25.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2024

040..0545.29.11.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 1997 թվականի N 545

քաղ. Երևան

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ.

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ եվ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ եվ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՒ

 

1. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետև` օտարերկրյա քաղաքացիներ) «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան կարող են իրազեկ լինել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին:

2. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ առաջարկությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմինը, որի պաշտոնատար անձն օժտված է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով:

3. Առաջարկություն է ներկայացվում այն օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ, որոնք մինչև այդ Հայաստանի Հանրապետությունում բնակվել են երեք տարի անընդմեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատում են պետական մարմիններում և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար օրենքով սահմանված կարգով ունեն կացության համապատասխան կարգավիճակ:

4. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունքը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Առաջարկություն ներկայացնող պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում`

ա) իր հիմնավորված միջնորդությունը` նշելով տրամադրվելիք անհրաժեշտ գաղտնի տեղեկությունների ծավալը.

բ) օտարերկրյա քաղաքացու դիմումը` հասցեագրված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմնի ղեկավարին, և ինքնակենսագրական բնույթի համալիր տեղեկություններ.

գ) օտարերկրյա քաղաքացու կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման հրամանի պատճենները, ինչպես նաև պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության եզրակացությունը նշված պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համապատասխան եզրակացության առկայության դեպքում, որը կազմվում է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումների անցկացման արդյունքների հիման վրա` ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում:

7. Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու օտարերկրյա քաղաքացու իրավունքը կարող է դադարեցվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածին համապատասխան:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության դրական որոշման դեպքում պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու օտարերկրյա քաղաքացու իրավունքը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ օտարերկրյա քաղաքացիների վրա տարածվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունները, պարտականությունները և պատասխանատվությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.01.2024, N 87-Ն 28.01.2024, N 545
05.01.2023, N 16-Ն 06.01.2023, N 545
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան