Գլխավոր տեղեկություն
Номер
N 753
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.1999-15.01.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.11.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.1998
Дата вступления в силу
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0753.27.11.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 1998 թվականի N 753

քաղ. Երևան

 

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածին, 19 հոդվածի 1-ին կետին, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 1-ին կետին և 27 հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) սույն որոշման դրույթները տարածվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի իմաստով հարկատու համարվող անձանց վրա, ինչպես նաև «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի իմաստով հարկատու համարվող այն անձանց վրա, որոնք հարկվող եկամուտը որոշելու նպատակով, նույն օրենքի 15 հոդվածի համաձայն, համախառն եկամտից կատարում են նվազեցումներ.

բ) սույն որոշումը սահմանում է համախառն եկամտից իրականացվող` սույն որոշմամբ նախատեսված նվազեցումների առավելագույն թույլատրելի չափը` հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով.

գ) անկախ սույն որոշմամբ նախատեսված սահմանափակումներից, փաստացի կատարված ծախսերը կարող են ամբողջությամբ արտացոլվել հարկատուի ֆինանսական հաշվետվություններում: Ընդ որում, եթե օրենքի կամ իրավական այլ ակտի համաձայն հարկատուն պարտավոր է հրապարակել իր ֆինանսական հաշվետվությունները, ապա նրա կողմից փաստացի կատարված ծախսերը դրանցում արտացոլվում են ամբողջ ծավալով` անկախ սույն որոշմամբ նախատեսված առավելագույն թույլատրելի չափերից.

դ) սույն որոշման որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես դրանում նախատեսված ծախսի չափի ուղղակի կամ անուղղակի սահմանափակում, կամ որպես փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի նվազեցումը թույլատրող, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի նվազեցումը թույլատրված է օրենքով.

ե) սույն որոշման դրույթները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելու պահից հետո կատարված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի վրա:

2. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

ա) վնասակար նյութեր են համարվում այն քիմիական և կենսաբանական նյութերը, ինչպես նաև աղմուկի, վիբրացիայի, մագնիսական դաշտի, ռադիոակտիվ ճառագայթների ու այլ վնասակար ֆիզիկական ներգործությունը, որոնք, ներթափանցելով շրջակա միջավայր և կենդանի օրգանիզմներ, ներկա ու ապագա սերունդների մոտ կարող են առաջացնել կենսագործունեության խախտումներ.

բ) շրջակա միջավայր է համարվում համատեղ կերպով և անմիջականորեն մարդկանց ու իրենց տնտեսությունների վրա ազդող կենդանի, կենդանական ծագում չունեցող և սոցիալական միջավայրերի համախմբությունը.

գ) գովազդի ծախսեր են համարվում տարբեր տեսակի տեղեկատվական միջոցներով անորոշ թվով անձանց շրջանում հարկատուների, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին այն տեղեկությունները տարածելու համար կատարվող ծախսերը, որոնք կոչված են ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունն այդ հարկատուների, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ.

դ) կադրերի պատրաստման ծախսեր են համարվում առկա արտադրական գործընթացներին և ընթացակարգերին, աշխատանքի կազմակերպման եղանակներին կամ մեթոդներին տիրապետելու համապատասխան որակավորում ապահովելու նպատակով հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության նպատակով հարկատուի կատարած ծախսերը (դասընթացի արժեքը): Ընդ որում, վերջիններս չեն ներառում գործուղման ծախսերը, որոնք հաշվառվում են համապատասխան ծախսային հոդվածներով.

ե) կադրերի վերապատրաստման ծախսեր են համարվում արտադրական նոր գործընթացների և ընթացակարգերի յուրացման, աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ եղանակների կամ մեթոդների ներդրման նպատակով որակավորման հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության նպատակով հարկատուի կատարած ծախսերը (դասընթացի արժեքը): Ընդ որում, վերջիններս չեն ներառում գործուղման ծախսերը, որոնք հաշվառվում են համապատասխան ծախսային հոդվածներով.

զ) հատուկ սննդի համար կատարված ծախս է համարվում աշխատանքի առանձնահատկությամբ պայմանավորված հնարավոր վնասակար հետևանքները կանխարգելելու նպատակով աշխատողներին տրվող սննդի գծով հարկատուի կատարած ծախսերը.

է) արտահագուստի և այլ հանդերձանքի համար կատարված ծախսեր են համարվում աշխատողների համար անվտանգության կանոններն ապահովելու, հիգիենիկ պահանջները բավարարելու նպատակով հագուստի ձեռքբերման ծախսերը, ինչպես նաև հարկատուի կողմից ձեռք բերված` աշխատողների աշխատանքային պարտավորությունները կատարելու համար հատուկ հանդերձանքի գծով ծախսերը: Սույն որոշման կիրառման նպատակով հանդերձանքը կհամարվի հատուկ, եթե այդ հանդերձանքի օգտագործմամբ աշխատանքային պարտավորությունների կատարումը հարկատուի կողմից ներկայացվող պարտադիր պահանջ է.

ը) գործուղման ծախսեր են համարվում հարկատուին կամ նրա աշխատողներին աշխատանքի մշակման վայրից (քաղաք, գյուղ և այլն) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարների հետ կապված հարկատուի կատարած ծախսերը.

թ) ներկայացուցչական ծախսեր են համարվում հարկատուի կատարած այն ծախսերը, որոնք կապված են փոխշահավետ համագործակցություն հաստատելու և այն պահպանելու նպատակով բանակցություններ վարելու համար այլ հարկատուների ներկայացուցիչների, ինչպես նաև հարկատուի խորհրդի ու վերստուգիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար այլ մասնակիցների ընդունման և սպասարկման հետ:

3. Սահմանել, որ հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով հարկատուի համախառն եկամտից կարող են նվազեցվել`

ա) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարների հետ կապված ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 0,5 տոկոսը չգերազանցող գումարի չափով.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 3 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտահանված ապրանքների կամ ծառայությունների արժեքի 20 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի պատրաստման համար կատարված ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 4 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր աշխատողի հաշվով 3 մլն դրամի չափով.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի վերապատրաստման համար կատարված ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր աշխատողի հաշվով մեկ միլիոն դրամի չափով.

ե) հատուկ սննդի համար կատարված ծախսերը` յուրաքանչյուր աշխատողին աշխատանքի և դրան հավասարեցված պարտականությունների համար վճարված եկամուտների 20 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան 200 հազ. դրամի չափով.

գ) արտահագուստի և այլ հանդերձանքի համար կատարված ծախսերը` աշխատանքի ու դրան հավասարեցված պարտականությունների համար աշխատողներին վճարված եկամուտների 10 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր աշխատողի հաշվով 200 հազ. դրամի չափով.

է) աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված և սույն կետով չնախատեսված փոխհատուցումների համար կատարված ծախսերը` աշխատանքի ու դրան հավասարեցված պարտականությունների համար աշխատողներին վճարված եկամուտների 5 տոկոսը չգերազանցող գումարի չափով.

ը) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5 տոկոսը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում, գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կնվազեցվի 25 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով.

թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 8 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով.

ժ) ներկայացուցչական ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 0,5 տոկոսը չգերազանցող գումարի, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամի չափով.

ժա) առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական ու մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար կատարված` հաշվետու տարվա համախառն եկամտի 0,2 տոկոսը չգերազանցող գումարների մասով:

4. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 29-ի «Անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու համար փոխհատուցումների և ներկայացուցչական ծախսերի նորմաներ և նորմատիվներ սահմանելու մասին» N 69 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, կազմակերպություններում և բանկերում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ ներառվող գործուղման ծախսերի կազմի մասին» N 261 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ