«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
16 օգոստոսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 1997 թվականի N 339
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել 1997 թվականի օգոստոս ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի սպաների զորակոչի անցկացումը:
2. Հաստատել զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի սպաների թվաքանակը` 500 մարդ:
3. Հաստատել զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առաջին խմբի պահեստազորի առանձին կատեգորիաների սպաների ցանկը (կցվում է):
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՍՊԱՆԵՐԻ
1. Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ:
2. Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում` ըստ իրենց մասնագիտության: Մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, ինտերնատուրայում և կլինիկական օրդինատուրայում սովորողներ, բացի հեռակա բաժանմունքներում սովորողներից:
3. Չորս և ավելի երեխաներ ունեցողներ:
4. Առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր և մայր ունեցողներ, որոնք բնակվում են միասին և գտնվում են իրենց խնամքի տակ:
5. Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ, բացի տանկիստի, հրետանավորի և կապավորի զինվորական մասնագիտություն ունեցողներից:
6. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի աշխատողներ:
7. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, նրա տեղակալը, սահմանադրական դատարանի անդամներ, աշխատակազմի աշխատողներ:
8. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, նրա տեղակալներ, Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատի վարչությունների և բաժինների պետեր, զոնալ դատախազներ, նախկին վարչական շրջանների (քաղաքների) տարածքների դատախազներ, նրանց տեղակալներ և օգնականներ:
9. Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտր, նրա տեղակալը, պետական արբիտրներ, գերագույն դատարանի և պետական արբիտրաժի բաժինների պետեր:
10. Կենտրոնական, մարզային, համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ:
11. Մարզպետներ, նրանց տեղակալներ, մարզպետարանների քարտուղարներ, բաժինների վարիչներ, Երևանի քաղաքապետ, նրա տեղակալներ, քաղաքապետարանի քարտուղար, բաժինների վարիչներ, համայնքների ղեկավարներ և նրանց տեղակալներ:
12. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների ղեկավարներ, նրանց տեղակալներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մոբիլիզացիոն հարցերով զբաղվող աշխատակիցներ:
13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ, նրա տեղակալը, խորհրդի անդամներ, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր, բանկերի գործադիր տնօրեններ:
14. Դիվանագիտական աստիճան ունեցող անձինք:
15. Պետական ձեռնարկությունների տնօրեններ, պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման կամ սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրեններ, պետական հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն տանկիստի, հրետանավորի և կապավորի զինվորական մասնագիտություն:
16. Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ:
17. Մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կենտրոնական մարմինների ղեկավարներ:
18. Ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված ցուցակում նշված անձինք:
19. Էներգետիկայի ոլորտում` ՀԱԷԿ-ի ծառայողներ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների կարգավարներ (դիսպետչերներ):
20. Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակներում նշված անձինք:
21. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված ցուցակներում նշված անձինք: