Գլխավոր տեղեկություն
Номер
N 282
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.08.1997-08.07.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.08.11/18
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.07.1997
Дата вступления в силу
21.08.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.06.2010

040.0282.17.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
17 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 1997 թվականի N 282
քաղ. Երևան

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ, ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական հաշվառման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` սույն որոշմանը համապատասխան հաստատել զինվորական կոմիսարիատներում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում զինվորական հաշվառումը վարելու վերաբերյալ հրահանգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 17-ի N 282 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ, ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ըստ բնակության, աշխատանքի և ուսման վայրի զինվորական հաշվառման կարգը:

2. Զինվորական հաշվառումը նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային ռեսուրսների վերլուծության համակարգ է:

3. Զինվորական հաշվառման հիմնական նպատակներն ու խնդիրներն են`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական պարտականությունների կատարումը և վերահսկել զինվորական հաշվառման կանոնների պահպանումը.

բ) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկի` ժամանակին ապահովել զորահավաքի համար պահեստազորայինների ամրագրումը.

գ) կազմակերպել զորահավաքի ենթակա մասնագետներին փոխարինող և այլ անհրաժեշտ կադրերի նախապատրաստումը.

դ) որոշել առկա զորակոչային տարիքի և զինվորական ծառայություն անցած անձանց քանակական և որակական կազմը.

ե) իրականացնել պլանային և նպատակաուղղված աշխատանքներ բացառիկ զինվորական մասնագետներ պատրաստելու ու պահեստազորում հաշվառելու, զորքերի զորահավաքային ծավալումն ապահովելու, ռազմական դրության ժամանակ զինված ուժերի անձնակազմը մասնագետներով համալրելու ուղղությամբ.

զ) իրականացնել զինապարտների հատուկ զինվորական պատրաստության, նրանց ժամկետային զինվորական և պահեստազորում ծառայության փաստաթղթային արտացոլումը:

4. Հայաստանի Հանրապետության նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառումը կազմակերպում և իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն: Այն կատարվում է ըստ նրանց բնակության, աշխատանքի և ուսման վայրի` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաստատած հրահանգով:

5. Զինվորական հաշվառումն իրականացնող մարմիններն են զինվորական կոմիսարիատները, ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և ուսումնական հաստատությունները:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պարտավոր են աջակցել զինվորական հաշվառման իրականացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Զինվորական հաշվառումը վարվում է անընդմեջ և ընդգրկում է հաշվառման ենթակա բոլոր անձանց: Զինվորական հաշվառում իրականացնող մարմինները պարտավոր են իրենց իրավասության սահմաններում ձեռնարկել միջոցներ նախազորակոչիկների, զորակոչիկների և պահեստազորայինների քանակական ու որակական կազմը որոշելու, նրանցից զինվորական մասնագետներ պատրաստելու և պահեստազորում հաշվառելու ուղղությամբ, ինչպես առանձին վարչատարածքային միավորումներում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում:

7. Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառումը վարվում է անհատական կարգով ու ըստ նշանակության դասակարգվում է ընդհանուրի և հատուկի:

Ընդհանուր զինվորական հաշվառման ենթակա են`

ա) զորահավաքային պլանի համաձայն զորամասերին կցագրված այն պահեստազորայինները, ովքեր`

անցել են ժամկետային զինվորական ծառայություն և ունեն հազվագյուտ ռազմահաշվառական մասնագիտություններ.

ունեն մարտական հարուստ փորձ.

առավելագույնս նախապատրաստված են իրենց բարոյագործնական հատկանիշներով.

հաշվառված են 1-ին և 2-րդ կարգերի պահեստազորում և անցել են ուսումնավարժական հավաքները կամ համապատասխան զինվորական պաշտոնների համար ստացել են հատուկ պատրաստություն.

բ) այն պահեստազորայինները, ովքեր կցագրված չեն զորամասերին ու ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում ամրագրված չեն զորահավաքի համար.

գ) զորակոչիկները.

դ) նախազորակոչիկները:

Հատուկ զինվորական հաշվառման ենթակա են ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում զորահավաքի համար ամրագրված պահեստազորայինները:

8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգերից պահեստ արձակված զինապարտները, ինչպես նաև ավագ, միջին, կրտսեր հրամանատարական ու շարքային կազմի ծառայողները զինվորական հաշվառման են ենթակա այդ մարմիններում:

9. Զինվորական հաշվառման աշխատանքների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որը`

ա) հաստատում և կատարողներին է ուղարկում զինվորական հաշվառման վերաբերյալ հրահանգներն ու փաստաթղթերի օրինակելի ձևերը.

բ) կազմակերպում է զինգրքույկների, դրանց փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասերին կցագրման վկայականների պատրաստումն ու տպագրությունը, ինչպես նաև դրանց հանձնումը զինվորական կոմիսարիատներին (ընդ որում, այդ փաստաթղթերը զինապարտներին առաջին անգամ տրվում են անվճար, իսկ դրանք կորցնելու կամ փչացնելու դեպքում կրկնօրինակները տրվում են փաստաթղթերի արժեքի գանձմամբ).

գ) վերահսկողություն է իրականացնում զինվորական կոմիսարիատներում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում տարվող զինվորական հաշվառման աշխատանքների նկատմամբ.

դ) ապահովում է զինվորական հաշվառման հարցերով համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

ե) վերլուծելով հանրապետությունում զինվորական հաշվառման աշխատանքների վիճակը` իր իրավասության սահմաններում այն իրականացնող մարմինների պարտադիր կատարման ենթակա ցուցումներ է տալիս:

10. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) ապահովել բոլոր նախազորակոչիկների, զորակոչիկների և պահեստազորայինների հաշվառման լրիվությունն ու որակը.

բ) զինկոմիսարիատների ներկայացրած հայտերի համաձայն ապահովել զորահավաքի համար զորամասերին կցագրված պահեստազորայինների ճշգրիտ և առանձնացված հաշվառումը.

գ) պարբերաբար համեմատել զորակոչային տեղամասերին կցագրված զինապարտների անձնական քարտերը նրանց զինգրքույկներում (վկայականներում) կատարված նշումների հետ և տարին երկու անգամ (մարտ-ապրիլ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին) դրանք ներկայացնել զինվորական կոմիսարիատներ` հաշվառման տվյալները համեմատելու և ճշտելու համար.

դ) զինապարտների ընտանեկան դրության, բնակության վայրի, առողջական վիճակի, ծառայողական դիրքի վերաբերյալ փոփոխությունները գրանցել նրանց անձնական քարտերում և դրանց մասին 7-օրյա ժամկետում տեղյակ պահել համապատասխան զինվորական կոմիսարիատին.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկի համաձայն` ժամանակին ձևակերպել պահեստազորայինների ամրագրումը զորահավաքի համար.

զ) եռօրյա ժամկետում բնակության վայրի զինվորական կոմիսարիատին հայտնել նախազորակոչիկների, զորակոչիկների և պահեստազորայինների երկարատև (մեկուկես ամսից ավելի) գործուղումների կամ արձակուրդ մեկնելու մասին.

է) զինվորական կոմիսարիատների պահանջով ապահովել նախազորակոչիկների, զորակոչիկների և պահեստազորայինների զորակոչի, վարժական հավաքների, զորահավաքի կանչվելու ծանուցումը և աջակցել զորահավաքային միջոցառումներին մասնակցելու համար զինկոմիսարիատներ (կցագրման տեղամասեր) տեղափոխմանը.

ը) ստուգել աշխատանքի ընդունվելու համար իրենց դիմած քաղաքացիների զինվորական փաստաթղթերի (զինգրքույկ, վկայական) առկայությունը և զինվորական հաշվառման կանգնած լինելու հանգամանքը, ինչպես նաև զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանցից պահանջել տեղեկանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ունենալու մասին:

11. Զինվորական հաշվառման և պահեստազորայինների ամրագրման աշխատանքներն իրականացնելու համար ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում նշանակվում են պատասխանատու աշխատողներ: Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում զինվորական հաշվառման համար պատասխանատու աշխատողների նշանակման, տեղափոխման և աշխատանքից ազատման մասին տեղյակ է պահում համապատասխան զինվորական կոմիսարիատին:

12. Սույն կարգը խախտած պաշտոնատար անձինք և քաղաքացիները ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.05.2010, N 657-Ն 19.06.2010, N 282
08.06.2006, N 811-Ն 08.07.2006, N 282
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան