Գլխավոր տեղեկություն
Номер
N 314
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.08.1997-13.11.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.07.31/17
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.1997
Дата вступления в силу
15.08.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.03.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
31 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 1997 թվականի N 314
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 և 28 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

3. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:

4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով լուսաբանել սույն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 31-ի N 314 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ, ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) առաքող կամ տրամադրող (այսուհետև` առաքող) կամ տեղափոխող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների), ինչպես նաև իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև նաև` տնտեսավարող սուբյեկտներ) վրա:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռներեցները` եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց շարժական (նյութական) գույք հանդիսացող արտադրանքի, ինչպես նաև ապրանքների առաքման կամ տրամադրման (այսուհետև` առաքման) կամ տեղափոխման դեպքում պարտավոր են սույն կարգին համապատասխան վարել դրանց հաշվառումը` գրանցումներ կատարելով առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում (այսուհետև` առաքումների գրանցման գիրք, էջի ձևը կցվում է):

Առաքումների գրանցման գրքում չի գրանցվում պատրաստի արտադրանք կամ ապրանք չհանդիսացող գույքի ներտնտեսական (նույն տարածքում) տեղափոխումը, խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով արտադրանքի առաքումը, տարածման նպատակով մամուլի տեղափոխումը, վերանորոգման և համանման այլ ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխումը:

3. Առաքումների գրանցման գրքի էջերը համարակալվում են, կարվում և կազմվում են, որից հետո առաքումների գրանցման գիրքը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին` կնքման և համարակալման: Կնքված և համարակալված առաքումների գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում:

Առաքումների և (կամ) տեղափոխումների իրականացման յուրաքանչյուր հասցեի (կետի) համար (պատրաստի արտադրանքի կամ ապրանքի պահեստ, այլ մատակարարման վայրեր) վարվում է առանձին առաքումների գրանցման գիրք:

Առաքումների գրանցման գրքի կազմի վրա նշվում է տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրը և առաքումների գրանցման գրքի հերթական համարը: Առաքումների իրականացման (ապրանքների բացթողման) վայրի (կետի) հասցեն տնտեսավարող սուբյեկտի գտնվելու (բնակության) վայրից տարբերվելու դեպքում նշվում է նաև այդ վայրի (կետի) հասցեն:

4. Լրացված-ավարտված առաքումների գրանցման գրքերը պահվում են տնտեսավարող սուբյեկտի մոտ` մինչև գրքում ամենավերջին գրանցման օրից սկսած` 3 տարին լրանալը և ներկայացվում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին` նրանց պահանջի դեպքում:

Առաքումների գրանցման գրքի լրանալուց-ավարտվելուց հետո տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով նոր առաքումների գրանցման գիրք է ներկայացնում հարկային մարմիններին` կնքման և համարակալման:

 

II. ԱՌԱՔՎՈՂ, ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Տնտեսավարող սուբյեկտների կողմից առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են իրենց կողմից առաքվող կամ իրենց մոտից տեղափոխվող ամբողջ արտադրանքը և ապրանքները (այսուհետև` ապրանք)` բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի երկրորդ մասում նշվածների:

Առաքվող ապրանքը ներառում է`

ա) տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտներին իրացնելու համար նախատեսված ապրանքը (այդ թվում` կոմիսիոն վաճառքի ձևով և այլն).

բ) իրացման համար չնախատեսված ապրանքների (պատրաստի արտադրանքի) տրամադրումը (հատկացումը, բացթողումը, այլ ձևով օտարումը, այդ թվում` անհատույց):

Առաքվող ապրանք է համարվում նաև առևտրական կետերում սահմանված կարգով գրանցված և տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ վաճառքի կետ (այդ թվում` ոչ հիմնական) առաքվող, ինչպես նաև առևտրական կետից տնտեսավարող սուբյեկտներին իրացվող (վաճառվող, տրամադրվող) ապրանքը:

Տեղափոխվող ապրանքը ներառում է այն ապրանքը (արտադրանքը), որը տեղափոխվում է առաքողի հասցեից (պահեստից, այլ մատակարարման վայրից) կամ այն ապրանքը, որը տնտեսավարող սուբյեկտի կողմից տեղափոխվում է իր հասցեով (պահեստ): Տեղափոխվող ապրանքը ներառում է ինչպես գնորդին (սպառողին) առաքվող (որևէ ձևով օտարվող) ապրանքը, այնպես էլ տնտեսական տեղաշարժերի ենթարկվող (պատրաստի արտադրանքի` պահեստից կամ այլ վայրերից ֆիրմային խանութ, պահեստից (այդ թվում` մաքսային) վաճառքի կետ կամ այլ վայր (պահեստ և այլն) տեղափոխվող) ապրանքը (պատրաստի արտադրանքը):

6. Ապրանքների առաքումն իրականացվում է սահմանված կարգով լրացվող սկզբնական հաշվարկային փաստաթղթերի (ապրանքատրանսպորտային բեռնագիր, պահեստի ելքի անդորրագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն (այսուհետև` հաշիվ-ապրանքագիր) հիման վրա:

Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը հաշվառվում և պահվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ` հաշվապահական հաշվառման գործող կարգին համապատասխան:

Առաքված ապրանքները վերադարձնելու դեպքում կատարվում է ձևակերպում և գրանցում` հաշվապահական հաշվառման գործող կարգին համապատասխան:

7. Ապրանքների առաքման դեպքում առաքումների գրանցման գրքում ապրանքի բացթողման համար պատասխանատու համապատասխան անձի կողմից գրանցումներ կատարվում են նախապես` մինչև տնտեսավարող սուբյեկտի տարածքից ապրանքի դուրսբերումը (տեղափոխման սկիզբը) յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրի համար առանձին-առանձին` ըստ առաքման կամ տեղափոխման համար հաշիվ-ապրանքագրերի լրացման հաջորդականության` գրանցման հերթական համարներով:

8. Առաքումների գրանցման գրքում առաքումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից հերթական համարով գրանցվում է առաքվող ապրանքատեսակի խոշորացված խմբի անվանումը (օրինակ` սննդամթերք, շինանյութ և այլն), հաշիվ-ապրանքագրի տվյալները, տվյալ տարածքից տեղափոխման ձևը (տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, պետհամարանիշը (համարը) կամ նշում առձեռն (առանց տրանսպորտային միջոցի) տեղափոխման մասին և ապրանքի հասցեագրման (տեղափոխման) վայրը:

Գրանցման գրքում սխալ թույլ տալու դեպքում տողի վրա գրիչով գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և անմիջապես հաջորդ տողում կատարվում ճիշտ գրառումը: Ջնջված տողի կողքին կատարվում է համապատասխան նշագրում` սխալ գրառման մասին:

9. Առաքումների գրանցման գրքում գրանցում կատարելուց հետո գնորդին (ստացողին) տրվող հաշիվ-ապրանքագրի վերևի աջ անկյունում կատարվում է «Առաքողի գրանցման գրքի N ____» գրառումը և գրառման մեջ համարի համար նախատեսված մասում լրացվում է առաքողի առաքումների գրանցման գրքի էջի` տվյալ հաշվարկային փաստաթղթի գրանցման տողի հերթական համարը` ըստ 1-ին սյունակի:

10. Առաքումների գրանցման գիրքը տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են աշխատանքի (առաքումների իրականացման) ընթացքում պահել ապրանքի անմիջական առաքման (բացթողման) կետում (շինությունում, վայրում):

 

III. ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

11. Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող բոլոր տեղափոխվող ապրանքների հետ պետք է լինեն համապատասխան հաշվարկային փաստաթղթեր: Գնորդ (ստացող)-տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքները ինքնուրույն տեղափոխելիս պարտադիր է ապրանքների ձեռքբերման փաստաթղթի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար` մաքսային համապատասխան փաստաթղթերի առկայությունը:

Հաշիվ-ապրանքագրերի դեպքում դրանք պետք է լրացված լինեն` հաշվի առնելով սույն կարգի 9-րդ կետի պահանջները:

12. Ապրանքներ տեղափոխելիս, ապրանքներ տեղափոխողի (առաքող, գնորդ (ստացող) կամ տրանսպորտային կազմակերպություն) մոտ առկա հաշիվ-ապրանքագրում տեղափոխման ձևի և վայրի մասին կատարված նշումը պետք է համընկնի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող առաքող սուբյեկտի առաքումների գրանցման գրքի համապատասխան տողի 6-րդ սյունակում կատարված նշման հետ:

 

IV. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

13. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Առաքվող ապրանքների գրանցումը ներառում է`

ա) առաքումների գրանցման գրքի` ապրանքների գրանցման էջի 1-4-րդ սյունակների լրացումը (համապատասխան առաքման` ըստ էության գրանցումը).

բ) սույն կարգի 6-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված պահանջի կատարումը.

գ) սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված պահանջների կատարումը:

15. Տեղափոխվող ապրանքների գրանցումը ներառում է`

ա) առաքող տնտեսավարող սուբյեկտի համար` առաքումների գրանցման գրքի 5-7-րդ սյունակների լրացումը (տեղափոխման համար հանձնված ապրանքների ըստ էության գրանցումը).

բ) տեղափոխող տրանսպորտային կազմակերպության (անհատապես վճարովի բեռնափոխադրումներ իրականացնող անհատ ձեռներեցի) համար` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջի կատարումը:

16. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն ապահովելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ (գործունեության նկատմամբ) իրականացնում են ստուգումներ և ուսումնասիրություններ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից որոշվող պարբերականությամբ:

17. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը կատարում է ճշգրտումներ (գրանցումներ) առաքումների գրանցման գրքերում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:

 

Ձև

 

Առաքումների գրանցման գրքի էջ

 

Էջ N

 

 

NN

Ապրանքատեսակի խմբի
անվանումը

Հաշիվ-ապրանքագրի համարը, ամսաթիվը

Ընդհանուր գումարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամով)

Առաքման (ապրանքը բաց թողնելու, տեղափոխելու սկզբի) օրը, ժամը

Տեղափոխման ձևը և վայրը (հասցեն)

Ապրանքն ուղեկցողի (ստացողի) անունը, ազգանունը, լիազորագրի համարը (անձնագրի տվյալները)

Գնորդի (ստացողի) անվանումը և ՀՎՀՀ-ն

1

2

3

4

5

6

7

8