040.0150.13.03.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 1999 թվականի N 150
քաղ. Երևան
ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել գործառական տարածքների գլխավոր հատակագծերի նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
գործառական տարածքների գլխավոր հատակագծերի նախագծերի մշակման, փորձաքՆնության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման
I. Ընդհանուր դրույթներ
1. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է: Գործառական տարածքներն են հերթափոխային, արշավախմբային, պաշտպանական նշանակության, մաքսային կետերի մաքսային հսկողության գոտիների, այգեգործական, ամառանոցային, արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները և հանգույցները, քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի ու ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության և մշակույթի անշարժ հուշարձանները, անասնաբուժական ու կարանտինային ծառայությունները և այլն:
Գործառական տարածքները կարող են տեղադրվել ինչպես բնակավայրում, այնպես էլ բնակավայրի տարածքից դուրս:
Հերթափոխային, մաքսային կետերի մաքսային հսկողության գոտիների, այգեգործական գործառական տարածքները տեղադրվում են միայն բնակավայրից դուրս:
2. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի մշակման պատվիրատու են հանդիսանում « Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավազորություններով օժտված սուբյեկտները:
II. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մշակումը
3. Պատվիրատուն`
ա) սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման տարածքային համապատասխան մարմնի կողմից տրված ճարտարապետահատակագծային և նախագծային իր առաջադրանքները.
բ) կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.
գ) կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:
Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ ելակետային նյութերը կամ դրանց մի մասը կարող է հավաքել և նախագիծը համաձայնեցնել կատարողը:
III. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի փորձաքննությունը
4. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է համալիր փորձաքննության:
Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքված պայմանագրի համաձայն:
IV. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի համաձայնեցումը
5. Պատվիրատուն, փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո, համայնքի վարչական սահմաններում իրականացվող գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է համայնքի ղեկավարին (Երևանում` Երևանի քաղաքապետին)` համաձայնեցման: Համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը) մինչև համաձայնեցումը գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը:
6. Պատվիրատուն, փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացվող գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է մարզպետին` համաձայնեցման: Մարզպետը մինչև համաձայնեցումը գործառական տարածքի գլխավոր հատակագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը:
7. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը համաձայնեցվում է ներկայացվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
V. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի հաստատումը
8. Պատվիրատուն գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո հաստատում է այն:
VI. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի հաստատված նախագծի փոփոխումը
9. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի հաստատված նախագծում փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի |
Է. Թադևոսյան |