Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-395
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2003/2
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
19.11.2002
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
19.11.2002
Дата вступления в силу
19.11.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

19 նոյեմբերի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը Ռուսաստանի Դաշնությանը ի սեփականություն փոխանցելու վերաբերյալ 2002 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մովսիսյանի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Սույն արձանագրությունն ստորագրվել է 2002 թվականի նոյեմբերի 5-ին` Երևանում: Արձանագրության նպատակն է Ռուսաստանի Դաշնությանը փոխանցվող գույքային համալիրի (Հրազդանի ՋԷԿ) արժեքի չափով Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մի մասի մարումը:

2. Արձանագրությամբ սահմանվում են փոխանցվող գույքի ընդունման և հանձնման նպատակով լիազորված մարմինները, փոխանցվող գույքի կարգավիճակն ու արժեքը (31 մլն ԱՄՆ դոլար), պարտքի մարման կարգը և սեփականությանն առնչվող հարցերը: Նշված գումարը համարվում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության օտարերկրյա ներդրում:

3. Արձանագրությունը նախատեսում է, որ փոխանցվող գույքն ստանալու է օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կարգավիճակ, իսկ դրա կառավարումը` ըստ արձանագրության, պայմաններ կստեղծի նոր տեխնոլոգիաների ներդրման, համապատասխան պատվերների ծավալների ավելացման, արտադրանքի իրացման շուկայի ընդլայնման համար:

Արձանագրության անբաժանելի մասն են հանդիսանում փոխանցվող գույքի կազմն ու դրան ամրակցված հողատարածքների հատակագծերը:

4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- տրամադրել գույքի փոխանցման համար սահմանված փաստաթղթերը` ըստ ժամանակացույցի, ինչպես նաև ապահովել գույքի փոխանցման համար անհրաժեշտ պահանջները,

- ազատել գույքային համալիրի փոխանցումն ավելացված արժեքի հարկից, ինչպես նաև տրամադրել մաքսային և հարկային այնպիսի արտոնություններ, որոնք արտոնվում են ՀՀ և երրորդ պետության իրավաբանական անձանց,

- երաշխավորել, որ փոխանցվող գույքն ազատ է ցանկացած պարտքից, ծանրաբեռնվածությունից և երրորդ անձանց իրավունքներից,

- անհատույց ի սեփականություն փոխանցել գույքին ամրակցված հողատարածքները, ինչպես նաև չգանձել հողի վարձավճարը` գույքային համալիրին ամրակցված հողատարածքներից,

- տրամադրել օրինաչափորեն պատկանող դրամական միջոցներն ազատ օգտագործելու և ՌԴ անարգել փոխանցելու իրավունք, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու համար ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան տրամադրվում է ՀՀ և երրորդ պետության իրավաբանական անձանց, և այլ իրավունքներ,

- ՌԴ-ին տրամադրել բացառիկ իրավունք մինչև 2005 թ. հունվարի 1-ը` որպես սեփականություն, ձեռք բերել «Հրազդան-5» ԾԻԳ ՊՀ գույքային համալիրը, և նշված ժամանակահատվածում այդ գույքային համալիրը պահպանել որպես պետական սեփականություն:

5. Արձանագրության ստորագրման միջազգային պայմանագրային հիմք են հանդիսացել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը պետական վարկերի տրամադրման վերաբերյալ մի շարք վավերացված համաձայնագրեր, ինչպես նաև ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքը ՌԴ-ին փոխանցելու վերաբերյալ համաձայնագիրը (ստորագրվել է 2002 թ. հուլիսի 17-ին):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը Ռուսաստանի Դաշնությանը ի սեփականություն փոխանցելու վերաբերյալ 2002 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


19 նոյեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-395

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան