Գլխավոր տեղեկություն
Номер
N 258
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.04.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.04.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.04.1998
Дата вступления в силу
25.05.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 ապրիլի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 1998 թվականի N 258
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 331 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 16-ի N 89 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դիմումները քննարկվում են մարզի առանձին համայնքների բնակիչներին վարկ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո:

3. Վարկի տրամադրման հետ կապված հարցերի քննարկման նպատակով մարզպետի որոշմամբ (կարգադրությամբ) ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ».

բ) կարգի 4-րդ կետից հանել «դիմումների և կնքված վարկային պայմանագրերի» և «կնքված վարկային, գրավի, երաշխավորության պայմանագրերի, բանկային երաշխիքների» բառերը.

գ) հանել կարգի 5-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններից «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում», առաջին պարբերությունից` «մարզպետարանից», երկրորդ պարբերությունից` «թերի են» և «մարզպետարանին և» բառերը.

դ) կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հանձնաժողովը դիմումը բավարարելու դեպքում 5-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է դիմողին` նշելով հատկացվող վարկի գումարի չափը, մարման ժամկետը, և առաջարկում դիմել գործակալ բանկին` վարկային պայմանագիր կնքելու համար».

ե) ուժը կորցրած ճանաչել կարգի 8, 9, 10, 11, 12 և 13-րդ կետերը.

զ) կարգի 14-րդ կետում «վարկատուի» բառը փոխարինել «գործակալ բանկի» բառերով, նույն կետը «վարկային» բառից հետո լրացնել «գրավի (այդ թվում` կառուցվող կամ վերակառուցվող բնակարանի գրավի)» բառերով.

է) կարգի 15-րդ կետում «վարկի տրամադրման տարվա սղաճի ցուցանիշն ընդունվում է որպես 1 գործակից» բառերը փոխարինել «վարկի տրամադրման տարվանից սկսած առաջին 5 տարվա համար ինդեքսավորում չի կատարվում» բառերով.

ը) կարգի 17-րդ կետում «Վարկը տրամադրվում է 3-10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «Գործակալ բանկի կողմից վարկը տրամադրվում է մինչև 25 տարի ժամկետով` ըստ հանձնաժողովի որոշման» բառերով.

թ) կարգի 18-րդ կետի առաջին պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը, իսկ երկրորդում` «ամսական» բառը փոխարինել «կիսամյակային» բառով.

ժ) կարգի 19-րդ և 20-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Որպես գործակալ բանկեր հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մրցույթով ընտրված այն բանկերը, որոնք համաձայն են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրենց հատկացվող վարկային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունից վարկավորել հանձնաժողովի կողմից որոշված վարկառուներին: Գործակալ բանկը պատասխանատվություն է կրում հատկացված վարկերի վերադարձման ուղղությամբ ժամանակին միջոցներ ձեռնարկելու համար` առանց ստանձնելու վարկերի վերադարձման ռիսկը, և պարտավոր է վարկի ապահովման համար վարկառուի հետ կնքել գրավի (այդ թվում` կառուցվող կամ վերակառուցվող բնակարանի գրավի) պայմանագիր: Գործակալ բանկի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև հարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրով, որով որոշվում է նաև գործակալության վճարի չափը:

20. Մարզպետը վարկառուների ցուցակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, որը վարկառուների ցուցակն ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում վարկի գումարի 20 տոկոսը փոխանցում է գործակալ բանկի թղթակցային հաշվին: Յուրաքանչյուր առանձին վարկի գումարի մնացած մասը գործակալ բանկ է փոխանցվում տվյալ վարկի առաջին մասի օգտագործման վերաբերյալ վարկառուի հաշվետվությունը մարզպետի և գործակալ բանկի կողմից հաստատվելու մասին համապատասխան ծանուցումն ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:

Գործակալ բանկը վարկի գումարի առաջին 20 տոկոսը վարկառուին է հատկացնում ամբողջությամբ, իսկ մնացած մասը` վարկառուի և մատակարարի կամ կապալառուի միջև կնքված պայմանագրի համաձայն գնված շինանյութերի հանձնման-ընդունման ակտերի կամ շինարարական աշխատանքների որոշակի փուլերի կատարողական ակտերի հիման վրա»:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վարկային պայմանագրերի կողմերի համար գործում է նախկին կարգը, ընդ որում, կնքված վարկային պայմանագրերում, վարկառուների համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են սույն որոշմամբ սահմանված համապատասխան փոփոխություններ` կապված վարկի մարման ժամկետների և արժեզրկման հետ:

3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության քննարկմանը ներկայացված դիմումները ենթակա են 5-օրյա ժամկետում համապատասխան մարզպետարաններ վերադարձման:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան