ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 հուլիսի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) և 56 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2002 թվականի փետրվարի 27-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Դաշնային կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի փետրվարի 27-ին` Վիեննայում, Կողմերի տարածքների միջև կանոնավոր օդային հաղորդակցության հաստատման նպատակով:
2. Համաձայնագրով Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնում` կապված միմյանց տրամադրվող իրավունքների, ավիաընկերությունների նշանակման և լիազորման, ավիացիոն անվտանգության ապահովման, մաքսային տուրքերից և այլ գանձումներից ազատման, եկամուտների հարկման և փոխանցման, առաջացած տարաձայնությունների կարգավորման, համաձայնագրում փոփոխություններ կատարելու և դրա գործողության դադարեցման կարգի հետ:
3. Համաձայնագիրը պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են նշանակած ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագների, չվացուցակների, մյուս Կողմի տարածքում առևտրային գործունեության կարգավորմանը:
4. Եթե Կողմերի միջև ստորագրված է առանձին համաձայնագիր` եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ, ապա կգերակայեն այդ համաձայնագրի դրույթները:
5. Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները և այն իրավունքները, որոնցից օգտվում են այդ ավիաընկերությունները` միջանկյալ և միմյանց տարածքներից դուրս գտնվող վայրերում:
6. Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի միջև խորհրդակցությունների անցկացում, և վեճերի կարգավորում` հաշտարար դատարան դիմելու միջոցով:
7. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով` հայերեն, գերմաներեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնություններ ծագելու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
8. Սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը, միացած լինելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի, Օդանավերում կատարվող հանցագործությունների և մի շարք այլ ակտերի մասին 1963 թ. սեպտեմբերի 14-ի Տոկիոյի, Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին 1970 թ. դեկտեմբերի 16-ի Հաագայի, Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին 1971 թ. սեպտեմբերի 23-ի Մոնրեալի կոնվենցիաներին, որոնց վերաբերյալ սույն համաձայնագրում կան հղումներ, ստեղծել է միջազգային իրավական պատշաճ հիմք` երկկողմ արդյունավետ պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար:
9. Սույն համաձայնագրի և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայնագրով ստանձնված պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 8 և 9 հոդվածների պահանջներից, համաձայն որոնց` Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը, արտաքին քաղաքականությունն իրականացնում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թվականի փետրվարի 27-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Դաշնային կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|