Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (23.04.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.05.02/11(129)
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
23.04.2003
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
23.04.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 97-ՐԴ ԵՎ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

23 ապրիլի 2003 թ.

ք. Երևան

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալումը բացառելու՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների միջև առկա հակասությունները պարզաբանելու նպատակով, հայտնում է.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության (ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության), հարկային, մաքսային մարմինների, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց լիազորությունները վայր դնելու դեպքում:

Վերոհիշյալ նորմի պահանջները տարածվում են միայն ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության ծառայողների, զինծառայողների, հարկային և մաքսային ծառայողների վրա: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթը ոստիկանությունում ու ազգային անվտանգության ծառայությունում աշխատող (ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության) քաղաքացիական ծառայողների վրա չի տարածվում, քանի որ նրանց վրա տարածվում են ոչ թե «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության վերաբերյալ օրենսդրության պահանջները: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու դեպքում ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության ծառայողների, զինծառայողների, հարկային և մաքսային ծառայողների վրա տարածվում են քաղաքացիական ծառայողների համար սահմանված սահմանափակումները:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության այն թեկնածուները, ովքեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ են, գրանցման պահից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի հիշյալ նորմի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալումը բացառելու, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջև առկա հակասությունները պարզաբանելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 111-րդ հոդվածի կապակցությամբ հայտնում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ են հանդիսանում այդ համակարգերի քաղաքացիական ծառայողները և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնավարությունը կախված է քաղաքական գործիչների կամքից: Հետևաբար քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սովորական աշխատանքային հարաբերությունները կարգավորող նորմերի պահանջները, և նրանց իրավական կարգավիճակը սահմանվում է այլ իրավական նորմերով, որովհետև նրանք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների շարքում չեն դասվում:

3. Սույն պարզաբանումը ենթակա է հրապարակման Հայաստանի Հանրապետության գերատեսչական ակտերի տեղեկագրում:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ա. Սահրադյան