Գլխավոր տեղեկություն
Номер
N 502
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.1995-01.09.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
06.07.1995
Дата вступления в силу
06.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թվականի N 502

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ շահութահարկի և ավելացված արժեքի հարկի կանխավճարների հաշվարկման գործող կարգն առանձին դեպքերում չի նպաստում հարկ վճարողների կայուն ֆինանսական դրության ապահովմանը, ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի պահանջներով` մինչև նշված օրենքներում համապատասխան փոփոխությունների կատարումը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան կանխավճարային մուծումներ իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների շահութահարկի և ավելացված արժեքի հարկի կանխավճարները հաշվարկվում են միայն գործունեության իրականացման դեպքում` ելնելով նախորդ հաշվետու ժամանակաշրջանի փաստացի հարկի գումարների 50 տոկոսից:

Ընթացիկ հաշվետու ժամանակաշրջանում գործունեության իրականացում (իրացման շրջանառություն, եկամուտներ) չնախատեսելու դեպքում հարկ վճարողները նախապես` մինչև հաշվետու եռամսյակի առաջին ամսվա 15-ը (ավելացված արժեքի հարկի կանխավճարի համար` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը), պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել հարկային մարմիններին:

Սույն որոշման 1-ին կետը կիրարկել`

ա) ավելացված արժեքի հարկի կանխավճարի համար` 1995 թվականի հուլիսի 1-ից.

բ) շահութահարկի կանխավճարի համար` 1995 թվականի հուլիսի 1-ից:

2. Սահմանել, որ «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված կարգով և ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ կանխավճարային գումարների (և դրանց գծով հաշվարկված տույժերի) վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաստացի հարկի գումարները հայտնի դառնալուց հետո հարկային մարմինների կողմից կատարվում է կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի ճշտման վերահաշվարկ: Ընդ որում, եթե հաշվետու եռամսյակի (ամսվա) հարկի փաստացի գումարները պակաս են կանխավճարային գումարներից, ապա դրանց տարբերությունը և դրա նկատմամբ հաշվարկված ու պետական բյուջե վճարված (գանձված) տույժերի գումարները ենթակա են սահմանված կարգով վերադարձման, իսկ նշված տարբերությունը և դրա նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները պետական բյուջե վճարված (գանձված) չլինելու դեպքում ենթակա չեն վճարման (գանձման):

Այն դեպքում, երբ տվյալ հաշվետու եռամսյակի (ամսվա) հարկի փաստացի գումարները գերազանցում են հաշվարկված կանխավճարային մուծումների գումարները, ապա վերահաշվարկ է կատարվում միայն հարկի գծով և առաջացած տարբերությունը լրացուցիչ գանձվում է պետական բյուջե` առանց կանխավճարների գծով տույժերի հաշվարկման:

3. Սահմանել, որ մինչև սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետները նախկին կարգով (հարկի գումարի 100 տոկոսի չափով) 1995 թվականի համար հաշվարկված կանխավճարների (և դրանց գծով հաշվարկված տույժերի) գումարները ենթակա են վերահաշվարկման սույն որոշման 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ