Գլխավոր տեղեկություն
Номер
N 276
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.05.1995-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.05.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
22.05.1995
Дата вступления в силу
22.05.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 1995 թվականի N 276

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 6-ի «Անհատական պաշտպանության գազային միջոցների փորձնական արտադրության կազմակերպման մասին» N 475 որոշման 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անհատական պաշտպանության գազային միջոցների շրջանառության կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի «գ» ենթակետում նշված հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը.

բ) մեկամսյա ժամկետում սահմանել սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում նշված նյութերի ցանկը:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 11-րդ կետերում նշված գազային միջոցների վաճառքի, ձեռքբերման, պահման և կրման թույլտվության ձևերը և դրանց տրման կարգը.

բ) 15-օրյա ժամկետում սահմանել սույն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված տեղեկատվական ձևը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ 20-օրյա ժամկետում սահմանել սույն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետում նշված վարձի չափը և վճարման կարգը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությանը` 20-օրյա ժամկետում սահմանել սույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետում նշված գազային միջոցների սերտիֆիկացման կարգը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 22-ի N 276 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում անհատական պաշտպանության գազային միջոցների (այսուհետև` գազային միջոցներ) վաճառքի, ձեռքբերման, օտարման, հաշվառման, պահպանության, կրման, կիրառման, առգրավման, արտահանման և ներմուծման կարգը:

2. Գազային միջոցներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլատրված արցունքաբեր և գրգռիչ տոքսիկ նյութերի կարճատև կիրառման միջոցով կենդանի էակներին ժամանակավորապես անօգնական վիճակի հասցնելուն ուղղված սարքերը և դրանց գործառական նպատակաուղղվածությունը որոշող բաղադրիչները (ներառյալ գազային միջոցներում օգտագործվող գազային լիցքերը և փամփուշտները):

3. Գազային միջոցների շարքին են դասվում`

ա) աերոզոլային գազային միջոցները (գազային բալոնները, աերոզոլային ատրճանակները, մեխանիկական գազացրիչները).

բ) գազային ատրճանակները, այդ թվում` թմբուկավոր (ռևոլվերներ):

 

2. Գազային միջոցների վաճառքը, ձեռքբերումը, օտարումը, հաշվառումը, պահպանությունը, կրումը, առգրավումը, ներմուծումը ԵՎ արտահանումը

 

4. Գազային միջոցների վաճառքն իրականացնում են գազային միջոցներ արտադրող կազմակերպությունները, ինչպես նաև այդ նպատակով ստեղծված և համապատասխան թույլտվություն ունեցող այլ կազմակերպություններ:

5. Գազային միջոցներ վաճառող կազմակերպությունները պարտավոր են`

ա) ապահովել վաճառվող գազային միջոցների հատուկ հաշվառումը, պատշաճ պահպանությունը և պահպանման անվտանգությունը.

բ) գազային միջոցների գնման թույլտվություն տվող մարմնին 5-օրյա ժամկետում ներկայացնել բոլոր տեսակի վաճառված գազային միջոցների և դրանց գնորդների մասին տեղեկություններ` ըստ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից սահմանված տեղեկատվական ձևի:

6. Գազային միջոցների վաճառքի թույլտվության ձևը և տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրա տրման համար գանձվող վարձի չափերը և վճարման կարգը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

7. Արգելվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից չթույլատրված թունավոր, նյարդապարալիտիկ և ուժեղ ներգործության այլ նյութերով լիցքավորված, ինչպես նաև 0,5 մետրից ավելի հեռավորության վրա կիրառման դեպքում նվազ ծանր մարմնական վնասվածք պատճառող գազային միջոցների շրջանառությունը:

8. Շրջանառության մեջ գտնվող բոլոր գազային միջոցները պարտադիր պետք է լինեն սերտիֆիկացված: Արգելվում է սերտիֆիկատ չունեցող որևէ գազային միջոցի վաճառք: Յուրաքանչյուր գազային միջոց պետք է ունենա համապատասխան ձևի սերտիֆիկատ, որը պահվում է գազային միջոցի սեփականատիրոջ մոտ: Գազային միջոցների սերտիֆիկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կողմից սահմանված կարգով:

9. Գազային միջոցներ ձեռք բերելու, օտարելու և պահպանելու իրավունք ունեն իրենց կանոնադրական գործունեության կապակցությամբ այդպիսի միջոցներ օգտագործող կազմակերպությունները, իսկ պահելու և կրելու` նաև այդ կազմակերպությունների համապատասխան աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բոլոր չափահաս քաղաքացիները, բացառությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների.

բ) առողջապահության մարմիններում հաշվառման մեջ գտնվող հոգեկան հիվանդների, ալկոհոլամոլների և թմրամոլների.

գ) այնպիսի հիվանդություններ կամ ֆիզիկական թերություններ ունեցողների, որոնք չեն կարող ապահովել գազային միջոցների հետ ճիշտ վարվելու կանոնները: Այդ հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.

դ) դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված և դատվածությունը դեռևս չմարածների. ե) մշտական բնակության վայր չունեցողների:

10. Գազային միջոցների ձեռքբերման, պահման և կրման համար անհրաժեշտ է ունենալ սահմանված կարգով թույլտվություն:

Օտարերկրյա քաղաքացիները գազային միջոցների ձեռքբերման, պահպանման և կրման թույլտվություն կարող են ստանալ Հայաստանի Հանրապետությունում իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության միջնորդությամբ:

Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձանց գազային միջոցների ձեռքբերման, պահման և կրման թույլտվություն տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:

11. Գազային միջոցների ձեռքբերման, պահման և կրման թույլտվության ձևերը և տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Գազային միջոցների ձեռքբերման դեպքում անհրաժեշտ է 5-օրյա ժամկետում դրանք գրանցել ձեռքբերման թույլտվություն տվող պետական մարմնում:

Գազային միջոցների ներմուծման դեպքում գրանցման համար սահմանված 5-օրյա ժամկետը հաշվվում է դրանց Հայաստանի Հանրապետություն ներմուծման պահից:

13. Գազային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է սույն կարգի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 12-րդ կետերի պահանջների պահպանմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային ձևակերպում կատարելուց հետո:

14. Հայաստանի Հանրապետության գազային միջոցների արտահանումը պետք է իրականացվի սույն կարգի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի պահանջների պահպանմամբ:

15. Գազային միջոցներ վաճառող կազմակերպությունները, սույն կարգին համապատասխան, կարող են կատարել այդ միջոցների կոմիսիոն վաճառք:

16. Քաղաքացիներն անձնական սեփականության իրավունքով իրենց պատկանող գազային միջոցները կարող են նվիրել գազային միջոցներ ձեռք բերելու թույլտվություն ունեցող այլ անձանց (կազմակերպությունների)` սույն կարգի 10-րդ և 12-րդ կետերին համապատասխան, կամ վաճառել այն կոմիսիոն ձևով:

17. Գազային միջոցների ժառանգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պայմանով, որ պահպանվեն նաև սույն կարգի 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերի պահանջները: Այդ պահանջների կատարման ապահովման անհնարինության դեպքում գազային միջոցները սեփականատիրոջ կողմից կարող են նվիրվել այլ անձի (կազմակերպության) կամ կատարել դրանց կոմիսիոն վաճառք:

18. Գազային միջոցները պետք է պահպանվեն կողմնակի անձանցից և երեխաներից` ապահովելով դրանց պահպանության անվտանգությունն ու հուսալիությունը:

19. Արգելվում է գազային միջոցներ կրել ցույցերի, հանրահավաքների և զանգվածային այլ միջոցառումների մասնակցելիս:

20. Գազային միջոցների կորստի կամ հափշտակության դեպքում դրա սեփականատերը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղյակ պահել ներքին գործերի մարմնին:

21. Գազային միջոցները կարող են վերցվել ներքին գործերի մարմինների կողմից, հետևյալ դեպքերում`

ա) եթե բացակայում են սույն կարգի 4-րդ կամ 10-րդ կետերին համապատասխան տրված թույլտվությունը, կամ լրացել է դրանց գործողության ժամկետը.

բ) եթե գազային միջոցի սեփականատիրոջ կողմից խախտվել են սույն կարգի պահանջները.

գ) եթե մահացել է գազային միջոցի սեփականատերը` մինչև ժառանգության հարցի սահմանված կարգով վերջնական լուծումը:

 

3. Գազային միջոցների կիրառումը

 

22. Գազային միջոցները պահելու կամ կրելու թույլտվություն ունեցող քաղաքացիներն իրավունք ունեն դրանք կիրառել կյանքի, առողջության, արժանապատվության և սեփականության պաշտպանության նպատակով, անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

23. Գազային միջոցի կիրառումը պետք է բացառի ոտնձգության հետ առնչություն չունեցող անձանց վնաս պատճառելը: Գազային միջոցի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին դրա սեփականատերը պարտավոր է 24 ժամվա ընթացքում իրազեկել ներքին գործերի մարմնին:

24. Գազային միջոցների պահպանության, կրման, պահման և կիրառման սահմանված կանոնների խախտման դեպքում, դրանց սեփականատերերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: