ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 1995 թվականի N 122
քաղ. Երևան
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի մայիսի 16-ի «Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ, և ստեղծել հայոց ցեղասպանության թանգարան:
2. Հայոց ցեղասպանության թանգարանին տալ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ` բազային ֆինանսավորման սկզբունքով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` հայոց ցեղասպանության թանգարանի պահպանության, գիտական ցուցադրության կազմակերպման, տեխնիկական միջոցների ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
4. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` Ծիծեռնակաբերդում հայոց ցեղասպանության թանգարանի շենքի շինարարության ավարտից հետո այն սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
5. Սահմանել, որ հայոց ցեղասպանության թանգարանի շինարարությունն իրականացվում է երկու հերթով, առաջինի ավարտը` 1995 թվականի ապրիլի 15-ին, երկրորդինը` մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը:
6. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային`
ա) 10-օրյա ժամկետում սահմանված կարգով հաստատել հայոց ցեղասպանության թանգարանի կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը.
բ) հայոց ցեղասպանության թանգարանի աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի շենքերից մեկում մինչև թանգարանի շենքի շինարարության ավարտը հատկացնել աշխատասենյակներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |