Գլխավոր տեղեկություն
Номер
N 710
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (30.11.1998-18.11.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.11.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.11.1998
Дата вступления в силу
30.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.11.2000

040.0710.17.11.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան 

17 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 1998 թվականի N 710
քաղ. Երևան

 

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 17-ի N 710 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է ախտաբանաանատոմիական հերձումների կատարման կարգը:

2. Ախտաբանաանատոմիական հերձումները պարտադիր կատարվում են`

ա) այն հիվանդների մահվան դեպքում, որոնք բուժհիմնարկում գտնվել են 24 ժամից ոչ պակաս.

բ) վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության կասկածի դեպքում.

գ) այն դեպքում, երբ ախտորոշումը հայտնի չէ (անկախ հիվանդի բուժհիմնարկում գտնվելու ժամկետից).

դ) շուրջծննդյան (պերինատալ) մահացության բոլոր դեպքերում.

ե) մինչև մեկ տարեկան երեխաների բուժհիմնարկում մահանալու դեպքում:

3. Ախտաբանաանատոմիական հերձումներ չեն կատարվում հանկարծամահության և բռնի մահվան հետևյալ բոլոր դեպքերում, երբ պարտադիր է դատաբժշկական փորձաքննությունը`

ա) երբ մահացածի անձը ճանաչված չէ.

բ) եթե բուժանձնակազմի նկատմամբ կա բողոք.

գ) մինչև մեկ տարեկան երեխաների տանը մահանալու դեպքում.

դ) եթե մահը հաջորդել է մեխանիկական վնասվածքներին (թունավորումներ, մեխանիկական շնչահեղձություն (ասֆիքսիա), բարձր ջերմաստիճանի ազդեցություն, էլեկտրահարություն, արհեստական վիժումներից մահացություն, բռնի մահ) կամ եթե կան ցուցումներ նշված պատճառներից որևէ մեկի հնարավորության մասին:

Եթե մահը հաջորդել է նշված մեխանիկական վնասվածքներին, կամ եթե կան ցուցումներ նշված պատճառներից որևէ մեկի հնարավորության մասին, ապա բուժհիմնարկի ղեկավարը կամ, նրա բացակայության դեպքում, հերթապահ բժիշկն ապահովում է դիակի դատաբժշկական հերձումը: Բուժհիմնարկի ղեկավարը կամ, նրա բացակայության դեպքում, հերթապահ բժիշկը պարտավոր է նման յուրաքանչյուր դեպքի մասին հնարավոր բոլոր միջոցներով անհապաղ տեղեկատվություն ներկայացնել իրավապահ մարմիններ:

 

II. ՀԵՐՁՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ախտաբանաանատոմիական հերձում կատարելու համար հիվանդության նկարագիրը հանձնվում է բուժհիմնարկի ախտաբանաանատոմիական բաժանմունք, ոչ ուշ, քան մահվան հաջորդ օրվա մինչև ժամը 10.00-ը, որից հետո 24 ժամվա ընթացքում պետք է կատարվի ախտաբանաանատոմիական հերձումը:

5. Հիվանդության նկարագիրը պետք է վերջնականապես ձևակերպած և ստորագրած լինեն համապատասխան բաժնի վարիչը և բուժող բժիշկը, իսկ նրանց բացակայության դեպքում` հերթապահ բժիշկը: Առաջին էջի վրա պետք է ձևակերպված լինեն բոլոր ախտորոշումները (հիմնական հիվանդությունը, ուղեկցող հիվանդությունները, ինչպես նաև տեղեկություններ կատարված վիրաբուժական միջամտության մասին): Հիվանդության նկարագրում պետք է ընդգրկված լինի նաև մանրամասն էպիկրիզը:

6. Ախտաբանաանատոմը պարտավոր է`

ա) դադարեցնել հերձումը, եթե ախտաբանաանատոմիական հերձման ժամանակ հայտնաբերվում է, որ անձը մահացել է որևէ մեխանիկական վնասվածքի պատճառով.

բ) կատարված հերձման մասին կազմել արձանագրություն, դրանում նշել դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտության հիմնավորումը.

գ) ձեռնարկել միջոցներ` մահացածի մարմինը և օրգանները հետագա դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար.

դ) յուրաքանչյուր ընդհատված հերձման մասին հայտնել բուժհիմնարկի ղեկավարին, որը հնարավոր բոլոր միջոցներով դրա մասին անհապաղ տեղեկատվություն է ներկայացնում իրավապահ մարմիններ` կատարելով համապատասխան գրանցում.

ե) յուրաքանչյուր հերձումից հետո կազմել արձանագրություն և դրա սկզբում նշել մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, տարիքը, մասնագիտությունը, բուժհիմնարկ ընդունվելու, մահվան և հերձման տարեթիվը, ամսաթիվն ու ժամը, կլինիկական ախտորոշումը և օպերատիվ միջամտության անվանումը, դրա տարեթիվն ու ամսաթիվը, հիմնական կլինիկական երևույթները, ինչպես նաև ռենտգեն, լաբորատոր և մյուս կարևոր հետազոտությունների արդյունքներն ու բուժման հիմնական մեթոդները:

Մահացածի հարազատներն իրավունք ունեն ծանոթանալու ախտաբանաանատոմիական հերձման եզրակացությանը` տվյալ բուժհիմնարկի ղեկավարի գիտությամբ:

7. Բուժհիմնարկի ախտաբանաանատոմիական բաժանմունքում կատարվող բոլոր դատաբժշկական հերձումները ենթակա են դատաբժշկական փորձաքննություն անցկացնող մարմիններում հաշվառման և հսկողության:

8. Ախտաբանաանատոմն իրավունք ունի`

ա) բուժող բժիշկների հետ համատեղ քննարկելու հյուսվածքաբանական (հիստոլոգիական) հետազոտության և հերձման արդյունքները.

բ) մեթոդական խորհրդատվությամբ օգնելու բուժող բժիշկներին.

գ) հերձումն իրականացնելու համար ունենալու անհրաժեշտ պայմաններ (տարածք, գործիքային սարքավորումներ, արտահագուստ և այլն):

9. Ախտաբանաանատոմիական ախտորոշման մեջ պետք է արտացոլվեն`

ա) հիմնական հիվանդությունը.

բ) հիվանդության բարդությունները.

գ) ուղեկցող հիվանդությունները և ախտաբանական վիճակները.

դ) դիակի հյուսվածքաբանական, բակտերիոլոգիական և լաբորատոր մյուս հետազոտությունների տվյալները.

ե) ախտաբանաանատոմիական էպիկրիզը, որտեղ կլինիկական և պաթանատոմիական հերձման տվյալների հիման վրա նշված են նաև մահվան պատճառները:

10. Ախտաբանաանատոմիական ախտորոշումը և էպիկրիզը, որոնք գրվում են հերձումից հետո, պետք է պարտադիր գրանցվեն հիվանդության նկարագրում:

Հերձման մասին արձանագրությունն ստորագրում է ախտաբանաանատոմը:

Անհրաժեշտ է յուրաքանչյուր դիակի հերձման տվյալները գրանցել հիվանդների հաշվառման հատուկ քարտադարանում` ըստ օրգանների և հիվանդագիտական (նոզոլոգիական) ձևերի:

11. Ախտաբանաանատոմի պատասխանատվությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.11.2000, N 715 18.11.2000, N 710
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան