Գլխավոր տեղեկություն
Номер
N 115
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.1994-25.01.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
13.03.1994
Дата вступления в силу
13.03.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 1994 թվականի N 115

քաղ. Երևան

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԵՎ ԲՈՐՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ապրանքային բորսաների և բորսային միջնորդների գործունեությունը կարգավորող պետական կառավարման լիազորված մարմնի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

2. Հաստատել ապրանքային բորսաների և բորսային միջնորդների գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ապրանքային բորսաները պարտավոր են մինչև 1994 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցված հիմնադիր փաստաթղթերը և վերաձևակերպել մինչև «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բորսային գործունեության իրականացման համար տրված լիցենզիաները:

4. Առանց լիցենզիայի բորսային և բորսային միջնորդային գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի սեպտեմբերի 12-ի «Ապրանքային բորսաների և բորսային առևտրի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 555 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Բորսային միջնորդային ծառայությունների իրականացման համար ապրանքային բորսաների միջնորդների (բրոկերների) լիցենզավորումը ժամանակավորապես դադարեցնելու մասին» N 301 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
մարտի 13-ի N 115 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԵՎ ԲՈՐՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգը «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային բորսաների (այսուհետև` բորսա) և բորսային միջնորդների կողմից գործունեություն իրականացնելու համար լիցենզիաներ տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը չի տարածվում աշխատանքի, արժութային, ֆոնդային բորսաների, ապրանքային բորսաների ֆոնդային, արժութային բաժինների վրա:

3. Սույն կարգին համապատասխան տրվող լիցենզիաների գործունեության ժամկետը 3 տարի է:

4. Ապրանքային բորսաների գործունեության լիցենզիա տրվում է բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձևով ստեղծված բորսաներին, համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի:

Բորսային միջնորդային գործունեության լիցենզիա տրվում է`

ա) բրոքերային ձեռնարկություններին, համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի.

բ) բրոքերային գրասենյակներին, համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի.

գ) անկախ բրոքերներին, համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի:

5. Բորսաներին և բորսային միջնորդներին գործունեության լիցենզիաներ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվում է հանձնաժողով (այսուհետև` լիցենզավորվող հանձնաժողով):

Լիցենզավորվող հանձնաժողովն իր նիստերն անց է կացնում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Լիցենզավորվող հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են նրա անդամների առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել են նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Լիցենզավորվող հանձնաժողովի նիստերը ձևակերպվում են արձանագրությամբ, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

6. Բորսային գործունեության լիցենզիա ստանալու նպատակով բորսայի հիմնադիրները լիցենզավորվող հանձնաժողովին ներկայացնում են դիմում, համաձայն սույն կարգի թիվ 3 հավելվածի, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) հիմնադիր պայմանագիրը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում).

բ) բորսային կանոնադրությունը.

գ) բորսային առևտրի կանոնները:

7. Լիցենզավորվող հանձնաժողովը տալիս է լիցենզիա կամ գրավոր մերժում այն` փաստաթղթերի ստացման օրվանից 30 օրվա ընթացքում:

Լիցենզիա տալը կարող է մերժվել, եթե բորսային հիմնադիր փաստաթղթերը հակասում են «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերի պահանջներին:

8. Գործունեության լիցենզիա ստանալու համար բրոքերային ձեռնարկությունը կամ գրասենյակը լիցենզավորվող հանձնաժողովին ներկայացնում է դիմում, համաձայն սույն կարգի թիվ 4 հավելվածի, որին կցվում են հիմնադիր փաստաթղթերը, իսկ անկախ բրոքերը հանձնաժողովին ներկայացնում է միայն դիմում, համաձայն սույն կարգի թիվ 5 հավելվածի:

9. Բրոքերային ձեռնարկությանը կամ գրասենյակին տրվում է լիցենզիա` նրա տնօրենին (ղեկավարին) սահմանված կարգով որակավորելուց հետո:

10. Լիցենզավորող հանձնաժողովն անցկացնում է բրոքերային ձեռնարկությունների կամ գրասենյակների տնօրենների և անկախ բրոքերների որակավորման ստուգում տեստավորման միջոցով:

11. Որակավորման տեստերը մշակում և հաստատում է լիցենզավորող հանձնաժողովը: Հանձնաժողովը սահմանում է ճիշտ պատասխանների այն քանակը, որը հնարավորություն է տալիս որակավորել դիմողին:

12. Որակավորման տեստերը մշակվում են, հաշվի առնելով հետևյալ պահանջները` ապրանքային բորսաների մասին գործող օրենսդրության իմացությունը, բորսային առևտրի կանոնների իմացությունը, բորսային միջնորդների և նրանց պատվիրատուների փոխհարաբերությունների իմացությունը:

13. Որակավորման քննություններն անց են կացվում գրավոր ձևով: Քննության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն և տեստավորման օրվանից 3 օր հետո հայտարարվում են դրա արդյունքները:

14. Լիցենզավորվող հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքները հայտարարվելուց հետո տեստավորման մասնակիցներն իրավունք ունեն եռօրյա ժամկետում գանգատարկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

15. Որակավորում չստացած դիմողներն իրավունք ունեն երկրորդ անգամ մասնակցելու որակավորման տեստավորմանը ընդհանուր հիմունքներով: Երկրորդ անգամ որակավորման տեստավորում չանցած դիմողներն առաջիկա 6 ամսվա ընթացքում իրավունք չունեն մասնակցելու որակավորման տեստավորմանը:

16. Լիցենզիա ստանալու համար ձեռնարկությունները կամ գրասենյակները և անհատ ձեռներեցները մուծում են վճար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, որը մուտք է արվում հանրապետական բյուջե:

17. Սույն կարգին համապատասխան տրված լիցենզիան այլ ձեռնարկությունների կամ անհատ ձեռներեցներին օտարելը` փոխանցելը, զիջելը կամ վաճառելն արգելվում է: «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձեռնարկությունների վերակազմավորման դեպքում լիցենզիան վերաձևակերպվում է:

18. Լիցենզիան կորցնելու դեպքում բորսան և բորսային միջնորդները պարտավոր են այդ մասին հայտարարություն տալ մամուլում, որից հետո ստանում են լիցենզիայի կրկնօրինակը` մուծելով վճար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

19. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում լիցենզավորող հանձնաժողովի կողմից`

ա) «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածով նախատեսված դեպքերում.

բ) եթե չեն կատարվում լիցենզիայում նախատեսված հատուկ պայմանները.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկության լուծարման դեպքում:

20. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է բորսային կամ բորսայի միջնորդին, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, ձեռնարկությունը գրանցող լիազորված պետական մարմնին և սպասարկող բանկին:

21. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում բորսային կամ բորսային միջնորդներին լիցենզիա տրվում է 1 տարի հետո:

22. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ստանալուց հետո բորսան կամ բորսային միջնորդը իրավունք ունի 30-օրյա ժամկետում այն գանգատարկել դատական կարգով:

23. Լիցենզիայի սահմանված ժամկետը լրանալուց հետո բորսայի կամ բորսային միջնորդների դիմումի հիման վրա լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է:

 

Հավելված թիվ 1
ապրանքային բորսաների և բորսային
միջնորդների գործունեության
լիցենզավորման կարգի


Ներմուծեք նկարագրությունը_13085

Հավելված թիվ 2
ապրանքային բորսաների և բորսային
միջնորդների գործունեության
լիցենզավորման կարգի


Ներմուծեք նկարագրությունը_13086

Հավելված թիվ 3
ապրանքային բորսաների և բորսային
միջնորդների գործունեության
լիցենզավորման կարգի


Ներմուծեք նկարագրությունը_13087

Հավելված թիվ 4
ապրանքային բորսաների և բորսային
միջնորդների գործունեության
լիցենզավորման կարգի


Ներմուծեք նկարագրությունը_13088

Հավելված թիվ 5
ապրանքային բորսաների և բորսային
միջնորդների գործունեության
լիցենզավորման կարգի


Ներմուծեք նկարագրությունը_13091