Գլխավոր տեղեկություն
Номер
N 3
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (03.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.03.17/9(283)
Принят
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Дата принятия
03.03.2008
Подписан
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ
Дата подписания
03.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

3 մարտի 2008 թ.
ք. Երևան

N 3

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, մասնավորապես` ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ սահմանված է միայն Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետությունից «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ` օրենքով ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում չի սահմանվել, ուստի այդ գործարքների նկատմամբ կիրառելի են օրենքով սահմանված ընդհանուր դրույթները: Որպես ընդհանուր դրույթ, օրենքի 5-րդ հոդվածով սահմանվել է, որ ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից իրականացված` ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքները: Ընդ որում, օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, ապրանքների մատակարարման վայր է համարվում ապրանքների գտնվելու տեղը, որտեղից դրանք փաստացի մատակարարվել են: Նույն հոդվածի համաձայն, ապրանքները, մասնավորապես` համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում, եթե դրանք արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից: Նշված հիմնավորումներով, ստացվում է, որ մի կողմից «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների նկատմամբ` ավելացված արժեքի հարկ հաշվարկելը բխում է օրենքի պահանջներից, սակայն մյուս կողմից ավելացված արժեքի հարկ հաշվարկելը տրամաբանական չէ, քանի որ այդ մաքսային ռեժիմով Հայաստանից արտահանված ապրանքների սպառումը Հայաստանի Հանրապետությունում չէ:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը պաշտոնապես պարզաբանում եմ.

«Վերաարտահանում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետությունից արտահանված ապրանքների շրջանառության նկատմամբ` ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում և չի վճարվում:

 

ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության
պետի տեղակալ՝

Ա. Ալավերդյան