ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
15 հոկտեմբերի 2008 թ. |
N 10 |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:
Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն հետևյալ ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են`
- հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսեր (կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովագրություն, գործուղումներ, նյութական և տրանսպորտային սպասարկում, կառավարման տեխնիկական միջոցների և վարչական նշանակության հիմնական միջոցների պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաստում և վերապատրաստում և այլն),
- արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսեր (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն),
- ոչ արտադրական այլ ծախսեր (գյուտարարական և ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքներ և այլն),
- ֆինանսական գործունեության հետ կապված ծախսեր (վարկերի և այլ փոխառությունների տոկոսներ, գույքի երկարատև վարձակալության դիմաց տոկոսներ և այլն):
Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն նախորդ տարիներում ավել ցույց տրված եկամտի (պակաս ցույց տրված նվազեցումների) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են հայտնաբերված տարվա ընթացքում:
Խնդիրը կայանում է նրանում, որ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` համախառն եկամտի ստացման հետ կապված ծախսերի անհրաժեշտությունը տարաբնույթ, երկիմաստ և յուրովի է մեկնաբանվում` կապված, մասնավորապես, Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված ծախսերի ճանաչման հետ, այն դեպքերում, երբ դրանց մեծությունը զգալիորեն գերազանցում է համախառն եկամտին, կամ երբ դրանց կատարման որոշ ամիսներին հարկ վճարողը եկամուտ չի ստացել:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով, պաշտոնապես պարզաբանում եմ.
ա) հաշվետու տարվա ընթացքում համախառն եկամուտ ունենալու դեպքում (անկախ դրա մեծությունից և անկախ հաշվետու տարվա որոշ ամիսների եկամուտներ ստացած չլինելու հանգամանքից) Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված ծախսերը (անկախ դրանց մեծությունից) ենթակա են ամբողջությամբ նվազեցման հաշվետու տարվա համախառն եկամտից.
բ) Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերը ենթակա են նվազեցման հաշվետու տարվա համախառն եկամտից, եթե`
- այն տարում, որին դրանք վերաբերվում են, այդ եկամուտները չպետք է ներառվեին համախառն եկամտի մեջ կամ այդ ծախսերը ենթակա էին նվազեցման համախառն եկամտից, և`
- այդ եկամուտները և (կամ) նվազեցումները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից կատարված` շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ ընդգրկված տարիներին:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ` |
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|