ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
30 սեպտեմբերի 2008 թ. |
N 9 |
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) 27-րդ հոդվածի համաձայն` գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող oբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է:
Միաժամանակ` առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված են հաշվետու ժամանակաշրջաններ, որոնց համար հարկ վճարողները հարկային մարմին պարտավոր են ներկայացնել տվյալ հարկատեսակի հաշվարկներ, հայտարարագրեր, հաշվետվություններ (այսուհետ` հաշվետվություններ):
Գործունեություն չիրականացրած հարկ վճարողների կողմից հաշվետվությունների հարկային մարմին ներկայացման առումով նշված իրավական ակտերի դրույթները տարբեր կերպ են մեկնաբանվում:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Եթե կազմակերպությունը գրավոր հայտարարություն է ներկայացնում իր հաշվառման վայրի հարկային տեսչություն` որևէ պահից անորոշ ժամկետով գործունեություն չիրականացնելու մասին, ապա`
այդ պահից սկսած մինչև գործունեության փաստացի վերսկսելը կամ գործունեություն վերսկսելու մասին գրավոր հայտարարության մեջ նշված` գործունեության վերսկսման պահը (բայց ոչ շուտ, քան այդ հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող` հարկատեսակների համար օրենքով սահմանված լրիվ հաշվետու ժամանակաշրջանների համար կազմակերպությունը իր հաշվառման վայրի հարկային տեսչություն հաշվետվություններ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում:
Սույնը չի տարածվում գույքահարկով կամ հողի հարկով հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույք և փոխադրամիջոցներ ունենալու դեպքերի վրա, երբ կազմակերպության կողմից պետք է ներկայացվեն այդ հարկատեսակների համար նախատեսված հաշվետվությունները, ինչպես նաև շահութահարկի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:
2. Եթե կազմակերպությունը գրավոր հայտարարություն է ներկայացնում իր հաշվառման վայրի հարկային տեսչություն` որևէ պահից կոնկրետ ժամկետով գործունեություն չիրականացնելու մասին, ապա`
այդ ժամանակահատվածում ներառվող` հարկատեսակների համար օրենքով սահմանված լրիվ հաշվետու ժամանակաշրջանների համար կազմակերպությունը իր հաշվառման վայրի հարկային տեսչություն հաշվետվություններ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում:
Սույնը չի տարածվում գույքահարկով կամ հողի հարկով հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույք և փոխադրամիջոցներ ունենալու դեպքերի վրա, երբ կազմակերպության կողմից պետք է ներկայացվեն այդ հարկատեսակների համար նախատեսված հաշվետվությունները, ինչպես նաև շահութահարկի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:
Կազմակերպության կողմից նշված կոնկրետ ժամկետը չերկարաձգելու կամ անորոշ ժամկետով գործունեություն չիրականացնելու մասին գրավոր հայտարարություն չներկայացնելու դեպքում, այդ ժամկետը լրանալուց հետո հաշվետվությունները հարկային մարմին ներկայացվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
3. Սույն պաշտոնական պարզաբանման 1-ին և 2-րդ կետերում նախատեսված դեպքերում գործունեություն չիրականացնելու մասին գրավոր հայտարարությունը նշանակում է նաև, որ կազմակերպությունը նշված ժամկետում չի հանդիսանալու գործատու (այսինքն` չի ունենալու Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված /գրավոր/ աշխատող /վարձու աշխատող/ և փաստացի չի oգտագործելու ֆիզիկական անձանց աշխատանքը, ծառայությունները) և հարկային գործակալ (այսինքն` ֆիզիկական անձանց կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին փաստացի չի վճարելու եկամուտներ):
4. Եթե հարկ վճարողը (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) փաստացի չի իրականացնում գործունեություն (այդ թվում նաև` չի հանդիսանում գործատու կամ հարկային գործակալ), ապա`
այդ ժամանակահատվածում ներառվող` հարկատեսակների համար օրենքով սահմանված լրիվ հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողն իր հաշվառման վայրի հարկային տեսչություն հաշվետվություններ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում:
Սույնը չի տարածվում գույքահարկով կամ հողի հարկով հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույք և փոխադրամիջոցներ ունենալու դեպքերի վրա, երբ հարկ վճարողի կողմից պետք է ներկայացվեն այդ հարկատեսակների համար նախատեսված հաշվարկները, իսկ կազմակերպությունը նաև` շահութահարկի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:
5. Սույն պաշտոնական պարզաբանման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում նախատեսված դեպքերում հարկ վճարողի կողմից գործունեություն չիրականացնելու լրիվ հաշվետու ժամանակաշրջանների համար առանձին հարկատեսակների մասին օրենքներով (բացառությամբ «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով) նախատեսված հաշվետվությունները համարվում են ներկայացված, իսկ այդ ժամանակաշրջաններից որևէ մեկի համար`
ա) հաշվետվություններ ներկայացնելու դեպքում վերջիններս համարվում են ներկայացված առաջին անգամ.
բ) ոչ «զրոյական» հաշվետվություններ ներկայացնելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանից սկսած հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսած:
6. Եթե հարկային մարմինների կողմից իրականացրած ստուգումների ժամանակ պարզվում է, որ կազմակերպությունը սույն պաշտոնական պարզաբանման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում, իսկ անհատ ձեռնարկատերը և նոտարը` սույն պաշտոնական պարզաբանման 4-րդ կետում նշված` գործունեություն չիրականացնելու ժամանակահատվածում փաստացի իրականացրել (իրականացնում) է գործունեություն և (կամ) հաշվեգրել է (պետք է հաշվեգրեր) հարկվող եկամուտներ (իրացման շրջանառություններ, հարկվող շրջանառություններ, իրացումից հասույթներ, պասիվ և այլ եկամուտներ), նվազեցումներ (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ, հաշվանցումներ), պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտներ կամ վճարել է ապահովագրական նպաստներ, ապա այդ հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսած և հարկ վճարողի նկատմամբ կիրառելի են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության նորմը, ինչպես նաև հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու համար վարչական պատասխանատվության նորմերը:
7. Անկախ գործունեություն չիրականացնելու մասին գրավոր հայտարարություն հարկային մարմին ներկայացնելուց, հարկ վճարողները (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) հաշվետու ժամանակաշրջանի համար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն չեն ներկայացնում`
ա) գործատուի պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունները, եթե այդ հաշվետու ժամանակշրջանում չեն հանդիսացել գործատու.
բ) ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկները, եթե այդ հաշվետու ժամանակշրջանում ֆիզիկական անձանց նկատմամբ չեն հանդիսացել հարկային գործակալ.
գ) ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկները, եթե այդ հաշվետու ժամանակշրջանում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների նկատմամբ չեն հանդիսացել հարկային գործակալ:
Կազմակերպության տնօրենի որպես այդպիսին պետական մարմիններում գրանցված լինելու (գրանցելուց չհանվելու) փաստը դեռևս հիմք չի հանդիսանում, որ կազմակերպությունը հանդիսանում է գործատու, քանի դեռ կազմակերպության և այդ քաղաքացու միջև բացակայում է կամ լուծվել է աշխատանքային կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագիրը:
8. Սույն պաշտոնական պարզաբանման 7-րդ կետում նախատեսված դեպքում, եթե նույն հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային գործակալի (ապահովադրի) կողմից օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացվել են նշված հարկատեսակների և պարտադիր սոցիալական ապահովության վճարների ոչ «զրոյական» հաշվետվություններ, ապա վերջիններս համարվում են ներկայացված առաջին անգամ և հարկային գործակալի (ապահովադրի) վրա տարածվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով (երրորդ կամ հինգերորդ պարբերություններ) սահմանված դրույթները, ինչպես նաև հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու համար վարչական պատասխանատվության նորմերը:
9. Սույն պաշտոնական պարզաբանման 7-րդ կետում նախատեսված դեպքում, եթե հարկային մարմինների կողմից իրականացված ստուգումների ժամանակ պարզվում է, որ հարկ վճարողը (ապահովադիրը) այդ ժամանակաշրջաններում հանդիսացել է հարկային գործակալ և (կամ) գործատու, ապա հարկ վճարողի (ապահովադրի) վրա տարածվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով (երրորդ կամ հինգերորդ պարբերություններ) սահմանված դրույթները, ինչպես նաև հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու համար վարչական պատասխանատվության նորմերը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ` |
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|