ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1978 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «Ի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 1970 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 մայիսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1978 թվականի նոյեմբերի 21-ին Բրյուսելում ստորագրված` «Ի փոփոխություն Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի 1970 թվականի հուլիսի 6-ի լրացուցիչ արձանագրության» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Արձանագրությունն ստորագրվել է 1978 թ. նոյեմբերի 21-ին Բրյուսելում` 1960 թվականի դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից:
Արձանագրության նպատակը Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի` 1970 թ. հուլիսի 6-ին Բրյուսելում ստորագրված լրացուցիչ արձանագրության մեջ փոփոխությունների կատարումն է:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել:
2. Քննության առարկա արձանագրությամբ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի` 1970 թ. հուլիսի 6-ին Բրյուսելում ստորագրված լրացուցիչ արձանագրության 3-րդ հոդվածը փոխարինվում է նոր հոդվածով, որի համաձայն` Օդային փոխադրումների ծառայությունների գործակալության Գլխավոր տնօրենի և Օդանավագնացության անվտանգության համար եվրոպական կազմակերպության («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ») անձնակազմի անդամների` Կազմակերպության կողմից վճարվող աշխատավարձերը և պարգևատրումները պետք է հարկվեն հօգուտ Կազմակերպության: Նման հարկման կիրառման օրվանից սկսած արձանագրության Կողմերը պարտավորվում են նշված աշխատավարձերն ու պարգևատրումներն ազատել ազգային եկամտահարկից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1978 թ. նոյեմբերի 21-ին Բրյուսելում ստորագրված` « Ի փոփոխություն Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի 1970 թվականի հուլիսի 6-ի լրացուցիչ արձանագրության» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|