Գլխավոր տեղեկություն
Номер
N 581
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.1994-20.03.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.12.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
16.12.1994
Дата вступления в силу
16.12.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 1994 թվականի N 581

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության մեթոդական ղեկավարման, կոորդինացման, աուդիտորների ատեստավորման և նրանց հիմնական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր ստեղծել աուդիտորական գործունեության հանձնաժողով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել աուդիտորական գործունեության հանձնաժողովի անհատական կազմը և նրա կանոնակարգը:

4. Սահմանել, որ աուդիտորական մասնագիտացված պետական ձեռնարկություն կարող է ստեղծվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
դեկտեմբերի 16-ի N 581 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Աուդիտը աուդիտորի և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, այլ պատվիրատուի (այսուհետև` ձեռնարկություն) միջև կնքված պայմանագրի հիման վրա ձեռնարկության ֆինանսական հաշվետվության ստուգման ձև է, որն ուղղված է դրա հաշվետվության, հաշվեկշռի ու տնտեսավարման արդյունքների գնահատմանը և արժանահավատության ապահովմանը, ինչպես նաև ձեռնարկության ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հարցերի պարզաբանման և բացահայտման ուղղությամբ այլ ծառայությունների մատուցմանը:

2. Աուդիտորական գործունեությամբ կարող են զբաղվել անհատական (ընտանեկան) ձեռնարկությունները, տնտեսական ընկերակցությունները, անհատ ձեռներեցները (անհատ աուդիտորները), ինչպես նաև մասնագիտացված պետական ձեռնարկությունները:

3. Աուդիտորական գործունեության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների հաշվապահական հաշվառման և հաշվետվության ճիշտ կազմակերպմանը, ինչպես նաև դրանց ֆինանսական տեղեկատվության և հաշվետվության արժանահավատության մասին որակյալ գնահատականների տրամադրմանը ձեռնարկության հիմնադրին (հիմնադիրներին) և ղեկավար մարմիններին:

4. Աուդիտորական գործունեության օբյեկտ կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեությունը:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանձին կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունների հրապարակման ենթակա հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն, ինչպես նաև վիճակագրական մարմիններին պետք է ներկայացվեն աուդիտորի կողմից վավերացված ձևով:

6. Աուդիտորական մասնագիտացված ձեռնարկությունների և անհատ աուդիտորների գործունեության վերահսկողությունը, այդ գործունեության գծով ստացվող գանգատների քննարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր աուդիտորական գործունեության հանձնաժողովի և պետական իրավասու այլ մարմինների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. Աուդիտորական գործունեության կարգավորումը

 

7. Աուդիտորը սահմանված կարգով աուդիտ անցկացնող, լիցենզիա ստացած և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր աուդիտորական գործունեության հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) կողմից հաշվառման վերցված ձեռնարկություն է կամ անհատ ձեռներեց:

8. Աուդիտորական գործունեության լիցենզիա (թույլտվություն) տրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սույն կանոնադրության 2-րդ կետում նշված տնտեսավարող սուբյեկտներին:

Լիցենզիայի տրման պարտադիր պայման է նշված տնտեսավարող սուբյեկտների հիմնադիրներին (իսկ կոմանդիտային ընկերակցության դեպքում` դրա լիակատար անդամին) հանձնաժողովի կողմից սահմանված կարգով քննություն հանձնելու հիման վրա որակավորման վկայական տալու փաստը:

9. Աուդիտ անցկացնող մասնագետը (այսուհետև` մասնագետ) պետք է ստանա որակավորման վկայական: Վկայականի ստացման համար անցկացվող տեստավորմանը մասնակցելու դիմում ներկայացրած անձը պետք է ունենա տնտեսագիտական կամ իրավաբանական բարձրագույն կրթություն, կամ աուդիտորական, հաշվապահական, տնտեսագիտական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ:

10. Աուդիտորը վարում է հիմնական գործունեության օրագիր, որտեղ արտացոլում է (գրառում է) աուդիտների արդյունքները: Տարեկան մեկ անգամ, հանձնաժողովի կողմից նախատեսված ժամկետում, աուդիտորը նշված օրագիրը ներկայացնում է հանձնաժողովին` վերահսկողության իրականացման և համապատասխան հաշվառման համար: Օրագրի ձևը և վարման կարգը սահմանում է հանձնաժողովը:

11. Աուդիտի անցկացման ժամանակ աուդիտորը ստուգում է ձեռնարկության հաշվապահական հաշվառման և ներտնտեսական վերահսկողության վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված կարգին և կանոններին, հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների արժանահավատությունը, ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանումը և տալիս է հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների վիճակի գնահատական:

12. Կնքված պայմանագրի համաձայն, աուդիտորը ձեռնարկությանը կարող է մատուցել նաև այլ ծառայություններ (ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, վերլուծության հիման վրա ձեռնարկության գործունեության բարելավման ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստում, ֆինանսների հաշվապահական հաշվառման, հարկային կարգապահության պահպանման, ներտնտեսական վերահսկողության և տնտեսական օրենսդրության այլ հարցերով խորհրդատվական գործունեության իրականացում):

13. Աուդիտորին արգելվում է զբաղվել սույն կանոնադրության 1-ին և 12-րդ կետերում չնշված գործունեության տեսակներով:

 

III. Աուդիտի անցկացման կարգը

 

14. Ձեռնարկությունն աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի հետ կնքում է աուդիտի անցկացման և (կամ) աուդիտորական ծառայությունների մասին պայմանագիր:

15. Աուդիտորի կողմից ձեռնարկության աուդիտ չի կարող անցկացվել, եթե նա` գտնվում է ձեռնարկության հիմնադրի կամ ղեկավար մարմնի անդամ հանդիսացող անձանց հետ մերձավոր ազգակցական կապի մեջ.

աշխատում է տվյալ ձեռնարկությունում կամ վերջինիս հետ այլ պայմանագրային հարաբերությունների մեջ է.

հանդիսանում է տվյալ ձեռնարկության հիմնադիրը (բաժնետերը):

16. Աուդիտի անցկացման համար ձեռնարկության ղեկավարը և մյուս աշխատողներն աուդիտորին տրամադրում են անհրաժեշտ փաստաթղթեր ու հաշվային տվյալներ և հնարավորություն են ստեղծում սահմանված կարգով աուդիտն ավարտելու ու համապատասխան եզրակացություն նախապատրաստելու համար:

17. Աուդիտորն աուդիտի արդյունքները ձևակերպում է եզրակացության ձևով, որը տրամադրում է ձեռնարկության հիմնադրին (հիմնադիրներին) և (կամ) ղեկավար մարմնին:

Եզրակացության մեջ աուդիտորը, կնքված պայմանագրի համաձայն, անհրաժեշտ ծանոթագրությունների և պարզաբանումների հետ միասին տալիս է ձեռնարկությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության վիճակի գնահատականը:

Եզրակացության պատրաստման ժամանակ աուդիտորը պարտավոր է լինել անկախ և օբյեկտիվ, պահպանել ձեռնարկության ներքին կարգապահական կանոնները, առևտրային գաղտնիքը, ինչպես նաև աուդիտի անցկացման մասին կնքված պայմանագրի պահանջները:

18. Աուդիտորն աուդիտի արդյունքների հիման վրա ընդունում է որոշում ձեռնարկության կողմից ներկայացվող` պայմանագրում նշված ժամանակահատվածի հաշվապահական հաշվետվությունը հաստատելու կամ հաստատելուց հրաժարվելու մասին և այդ կապակցությամբ կատարում է համապատասխան գրառում տվյալ հաշվետվությունում:

19. Աուդիտորի եզրակացության մեջ նշված տվյալներն ու հետևությունները պետք է հիմնավորվեն համապատասխան փաստաթղթերով և գործող օրենսդրության նորմերով:

 

IV. Աուդիտորի պատասխանատվությունը

 

20. Աուդիտորին տրված լիցենզիան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ուժը կորցրած է ճանաչվում`

ա) լիցենզավորման համար նախարարություն ներկայացված փաստաթղթերում նշված ոչ հավաստի տեղեկությունների դեպքում.

բ) եթե աուդիտորն իրականացնում է սույն կանոնադրությամբ արգելված գործունեություն.

գ) մեկ տարվա ընթացքում աուդիտ չանցկացնելու դեպքում.

դ) մասնագետներից առնվազն մեկին որակավորման վկայականից զրկելու դեպքում.

ե) եթե խախտվում են աուդիտորական գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրությամբ նախատեսված պահանջները:

21. Մասնագետը հանձնաժողովի կողմից զրկվում է որակավորման վկայականից.

ա) որակավորման վկայական ստանալու համար հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկություններ նշելու դեպքում.

բ) եթե մասնագետի կողմից խախտվում են աուդիտի անցկացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության պահանջները.

գ) եթե դատարանի դատավճռով նա զրկված է որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

22. Աուդիտորական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված աուդիտորը կամ մասնագետը կարող է ընդհանուր հիմունքներով հավակնել լիցենզիա կամ վկայական ստանալուն, զրկման պահից սկսած 2 տարի հետո:

23. Եթե ձեռնարկության ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ աուդիտորի սխալ եզրակացության հետևանքով վնաս է հասցվել ձեռնարկությանը և (կամ) դրա հետ պայմանագիր կնքած երրորդ կողմին, ապա վերջինիս և (կամ) կազմակերպության հանդեպ աուդիտորը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

24. Ձեռնարկության առևտրային գաղտնիքը հրապարակելու կամ հայտնի դարձնելու դեպքում աուդիտորը կամ մասնագետը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: