ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
24 սեպտեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Մ. Սևյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1992 թվականի հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված` Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիան ստորագրվել է 1992 թ. հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում` Եվրոպայում տարբեր երկրների մշակութային բազմազանության պաշտպանության, մասնավորապես, այդպիսի բազմազանության ստեղծման և արտահայտման միջոց հանդիսացող կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության ամրապնդման նպատակով:
2. Կոնվենցիան կիրառելի է կողմերից երեքում գրանցված առնվազն երեք արտադրողի համատեղ արտադրության կամ անդամ կողմերում չգրանցված մեկ կամ մի քանի արտադրողների նկատմամբ, ինչպես նաև այն պայմաններով, որոնք մասնավորեցված են կոնվենցիայի 2-րդ հոդվածում:
3. Կոնվենցիայի կիրառման ոլորտում գտնվող կինեմատոգրաֆիական ստեղծագործություններին տրվում է այնպիսի կարգավիճակ, ինչպիսին ազգային ֆիլմերին:
4. Կոնվենցիայի 5, 6, 9-րդ հոդվածներում սահմանված են համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու կարգը, համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ներդրումների համամասնությունը: Ընդ որում, կոնվենցիան նախատեսում է նաև պարտադիր տեխնիկական և գեղարվեստական մասնակցության ձևով ներդրում` յուրաքանչյուրի միջազգային պարտավորությանը համապատասխան: Կոնվենցիան երաշխավորում է ներդրումների, համատեղ արտադրությանը գեղարվեստական և տեխնիկական մասնակցության առումով կողմերի միջև հարաբերությունների հավասարակշռություն: Միաժամանակ, մերժվում են բռնությունն արդարացնող կամ բացահայտորեն մարդու արժանապատվությունը ոտնահարող ծրագրերը:
5. Կոնվենցիայի նպատակների անխափան իրագործման համար նախատեսվում է կողմ երկիր մուտք գործելու և կեցության դյուրին ընթացակարգի կիրառում:
Կոնվենցիան պարունակում է նաև դրույթներ համատեղ արտադրությանը մասնակից երկրների վերաբերյալ նշագրման, համատեղ արտադրության արտահանման, կինեմատոգրաֆիական ստեղծագործության վերջնական տարբերակում լեզվակիրառման կարգի, միջազգային փառատոններում այդ արտադրանքի ներկայացման վերաբերյալ:
6. Ըստ կոնվենցիայի` համատեղ արտադրության պայմանագրի յուրաքանչյուր կողմ ունի կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության պատկերի և ձայնի բնօրինակ նեգատիվի նկատմամբ համատեղ սեփականության իրավունք:
7. Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է բաղկացուցիչ երկու հավելվածով և 5-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` կոնվենցիայի դրույթների իրականացման պատասխանատու իրավասու մարմնի վերաբերյալ կից հայտարարությամբ:
8. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.
- դյուրացնել համատեղ արտադրության մասնակից մյուս կողմերի տեխնիկական և գեղարվեստական անձնակազմերի մուտք գործելը և կեցությունը, ինչպես նաև իր տարածքում աշխատանքի թույլտվության տրամադրումը,
- թույլ տալ կոնվենցիայի շրջանակներում իրականացված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների արտադրության և ցուցադրման համար անհրաժեշտ սարքավորումների ժամանակավոր ներմուծումը և վերարտահանումը:
9. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները լրացուցիչ երաշխիքներ են նախատեսում մարդու սոցիալ-մշակութային իրավունքների` մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 36 հոդվածում ամրագրված` գեղարվեստական ստեղծագործության ազատության և մտավոր սեփականության պաշտպանության իրացման համար, միաժամանակ, Սահմանադրության 9 հոդվածին համապատասխան ապահովելով միջպետական փոխշահավետ համագործակցություն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1992 թ. հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված` Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|