Գլխավոր տեղեկություն
Номер
N 477
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.1994-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.1994
Подписан
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Дата подписания
06.10.1994
Дата вступления в силу
06.10.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 1994 թվականի N 477

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԴՐԱՆՑ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՄԱՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները որպես վճարման միջոց ընդունման, դրանց փոխանակման, մարման և շրջանառությունից դուրսբերման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) սահմանված կարգով իրականացնել սեփականաշնորհման մարված սերտիֆիկատների վերջնական հաշվառումն ու շրջանառությունից դուրսբերումը.

բ) սեփականաշնորհման սերտիֆիկատների ընդունման, փոխանակման, մարման և շրջանառությունից դուրսբերման ծառայությունների մատուցման համար Հայխնայբանկի ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ա. հյուսիսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
հոկտեմբերի 6-ի N 477 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԴՐԱՆՑ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՄԱՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Կարգում օգտագործված հասկացությունները. «Սեփականաշնորհման սերտիֆիկատ»` «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրվող պետական արժեթուղթ.
      «Սեփականաշնորհման սերտիֆիկատների փոխանակում»` Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման ամենամյա ծրագրի (այսուհետև` ծրագրի) գործողության ժամկետում սեփականաշնորհման չօգտագործված սերտիֆիկատների փոխանակում սեփականաշնորհման նոր սերտիֆիկատներով.
      «Սեփականաշնորհման սերտիֆիկատների վրա Հայխնայբանկի բաժանմունքների կողմից հատուկ նշումների կատարում, որոնք հաստատում են ծրագրով նախատեսված սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ձեռքբերման գործընթացում դրանց օգտագործումը որպես վճարման միջոց.

 «Սեփականաշնորհման սերտիֆիկատի անվանական արժեք»` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված սեփականաշնորհման սերտիֆիկատների արժեքն է սեփականաշնորհման գործընթացում դրանք որպես վճարման միջոց, ընդունման պահի դրությամբ.

 «Սեփականաշնորհման սերտիֆիկատի շրջանառության դուրսբերում»` մարած սերտիֆիկատի ոչնչացումն է:

 

2. Սեփականաշնորհման սերտիֆիկատների շրջանառությունը ԵՎ դրանք որպես վճարման միջոց ընդունումը

 

2. Որպես վճարման միջոց, սեփականաշնորհման սերտիֆիկատները կարող են օգտագործվել միայն ծրագրով նախատեսված սեփականաշնորհվող օբյեկտների բաժնետոմսերի, բաժնեմասերի, գույքի, ինչպես նաև ինվեստիցիոն հիմնադրամների (ֆոնդերի) բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով:

3. Չի թույլատրվում սեփականաշնորհման սերտիֆիկատներով կատարել այլ վճարումներ, դրանք ընդունել որպես պարտավորությունների մարման միջոց:

4. Սեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախի գործարքների ժամանակ դրանց գինը որոշվում է կողմերի համաձայնությամբ:

5. Իրավաբանական անձանց կողմից ձեռքբերված սեփականաշնորհման սերտիֆիկատներն արտացոլվում են նրանց հաշվեկշիռներում` ձեռքբերման գնով:

6. Սեփականաշնորհման սերտիֆիկատները, անկախ ձեռքբերման վայրից, ուժի մեջ են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

7. Սեփականաշնորհման սերտիֆիկատը որպես վճարման միջոց ընդունվում է, եթե` սերտիֆիկատը համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված նկարագրությանը և վավերացված է Հայխնայբանկի բաժանմունքի կամ մասնաճյուղի (այսուհետև` բաժանմունք) կնիքով.

չի լրացել սեփականաշնորհման տվյալ սերտիֆիկատի համար սեփականաշնորհման ծրագրով նախատեսված գործողության ժամկետը. սեփականաշնորհման սերտիֆիկատի իսկությունը կասկած չի հարուցում,

սեփականաշնորհման սերտիֆիկատի ամբողջականությունը պահպանված է, տպագրապատկերները պարզ են ու հստակ, սեփականաշնորհման սերտիֆիկատը պատռված, սոսնձված, ներկոտված չէ, նախնական գույնը կորցրած ու մասնակի այրված չէ:

Նշված պայմաններից որևէ մեկին չհամապատասխանելու դեպքում սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող ընդունվել որպես վճարման միջոց սեփականաշնորհման գործընթացում և ինվեստիցիոն ֆոնդերի բաժնետոմսերի ձեռքբերման համար: Անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում սեփականաշնորհման սերտիֆիկատները սահմանված կարգով ներկայացվում են փորձաքննության:

8. Սեփականաշնորհման սերտիֆիկատների կեղծումն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

9. Սեփականաշնորհման մեկ սերտիֆիկատը միայն մեկ անգամվա վճարման միջոց է:

10. Սեփականաշնորհման սերտիֆիկատները, սեփականաշնորհվող օբյեկտի բաժնետոմսերի, բաժնեմասերի և գույքի դիմաց որպես վճարման միջոց, ընդունվում են միայն Հայխնայբանկի բաժանմունքների կողմից:

11. Ինվեստիցիոն հիմնադրամներ (ֆոնդերի) բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում այդ բաժնետոմսերի դիմաց սեփականաշնորհման սերտիֆիկատները վճարվում են (մուծվում են) տվյալ ինվեստիցիոն հիմնադրամի պահառուի կողմից բացված կուտակման հաշվին: Այս դեպքում սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն համարվում սեփականաշնորհման համար օգտագործված:

(խմբ. 23.05.96 N157 որոշմամբ)

12. Սեփականաշնորհվող օբյեկտներն աճուրդով կամ մրցույթով վաճառելու դեպքում աճուրդի կամ մրցույթի մասնակիցը սահմանված կանխավճարի չափով կարող է Հայխնայբանկի բաժանմունքին ի պահ հանձնել սեփականաշնորհման սերտիֆիկատներ, որոնց դիմաց նրան տրվում է համապատասխան փաստաթուղթ:

Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն աճուրդի կամ մրցույթի արդյունքների մասին 10-օրյա ժամկետում տեղեկանք է ներկայացնում Հայխնայբանկն, որի հիման վրա վերջինս կատարում է`

ա) աճուրդին կամ մրցույթին մասնակցած և հաղթած անձանց կողմից ի պահ հանձնած սեփականաշնորհման սերտիֆիկատների մարում.

բ) աճուրդին կամ մրցույթին մասնակցած և չհաղթած անձանց կողմից ի պահ հանձնած սեփականաշնորհման սերտիֆիկատների վերադարձում:

(խմբ. 23.05.96 N 157 որոշմամբ)

13. Սեփականաշնորհման ծրագրով նախատեսված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսեր ձեռք բերել ցանկացողները Հայխնայբանկի բաժանմունք են հանձնում սեփականաշնորհման սերտիֆիկատները` դրանց դիմաց ստանալով անդորրագիր, որտեղ նշված է «Մուծված է սեփականաշնորհման սերտիֆիկատներով»: Այդ անդորրագրի հիման վրա նրանք ձեռք են բերում բաժնետոմսեր:

(խմբ. 23.05.96 N 157 որոշմամբ)

 

3. Սեփականաշնորհման սերտիֆիկատների մարումը ԵՎ շրջանառությունից դուրսբերումը

 

14. Որպես վճարման միջոց սեփականաշնորհման ընդունված սերտիֆիկատները մարված են համարվում Հայխնայբանկի բաժանմունքի կողմից ընդունման պահից, բացի սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքի:

Բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհվող ձեռնարկության բաժնետոմսերի դիմաց վճարված սեփականաշնորհման սերտիֆիկատները պահվում են Հայխնայբանկի բաժանմունքներում` ըստ ձեռնարկությունների և մարվում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում ձեռնարկության գրանցումից հետո, որի մասին Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը գրավոր տեղեկացնում է Հայխնայբանկին:

Տեղաբաշխումը չկայանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն այդ մասին տեղեկացնում է Հայխնայբանկին և վերջինիս տեղաբաշխման ավարտից 15 օր անց իրականացնում է տվյալ ձեռնարկության բաժնետոմսերի դիմաց վճարված սեփականաշնորհման սերտիֆիկատների վերադարձումը դրանց սեփականատերերին:

(լրաց. 23.05.96 N 157 որոշմամբ)

15. Սեփականաշնորհման սերտիֆիկատների մարումը կատարվում է սեփականաշնորհման սերտիֆիկատների դիմային կողմի վերևի ձախ անկյունում դրոշմելով «Մարված է» դրոշմակնիք և կտրելով սեփականաշնորհման սերտիֆիկատի վրա «ՍԵՐՏԻՖԻԿԱՏ» բառի առաջին երեք տառերը:

Սեփականաշնորհման մարված սերտիֆիկատները վերականգնման ենթակա չեն:

16. Հայխնայբանկի բաժանմունքների կողմից սեփականաշնորհման հավաքագրված և մարված սերտիֆիկատները տեսակավորվում են ըստ սեփականաշնորհված օբյեկտների և փոխանցվում Հայխնայբանկին` նրա կողմից սահմանված կարգով:

17. Հայխնայբանկի կողմից ստացված սեփականաշնորհման մարված սերտիֆիկատները սահմանված կարգով ենթարկվում են կեղծվածության կրկնակի ստուգման: Սեփականաշնորհման կեղծ սերտիֆիկատների հայտնաբերման դեպքում կազմվում է համապատասխան ակտ, որը տրվում է սեփականաշնորհման կեղծ սերտիֆիկատների ընդունումն իրականացրած Հայխնայբանկի բաժանմունքին և ներքին գործերի մարմիններին:

18. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայխնայբանկին ամիսը մեկ անգամ տեղեկացնում է սեփականաշնորհման գործընթացում սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործմամբ վաճառված բաժնետոմսերի, բաժնեմասերի և գույքի մասին:

(խմբ. 23.05.96 N 157 որոշմամբ)

19. Հայխնայբանկի կողմից սեփականաշնորհման մարված սերտիֆիկատների իսկության ստուգումից հետո կազմվում է սեփականաշնորհման մարված սերտիֆիկատների ամփոփ ցուցակը, ըստ առանձին օբյեկտի: Սեփականաշնորհման մարված սերտիֆիկատները գտնվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տնօրինության տակ: Վերջինս դրանք ի պահ է հանձնում Հայխնայբանկին:

20. Սեփականաշնորհման մարված սերտիֆիկատները ենթակա են պահպանման մեկ տարի` մարման պահից հաշված: Դրանից հետո սեփականաշնորհման մարված սերտիֆիկատները ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ստեղծած հանձնաժողովի կողմից: Ոչնչացման ենթակա սեփականաշնորհման սերտիֆիկատները հատուկ ակտով հանձնվում են նշված հանձնաժողովին:

21. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն իրականացնում է սեփականաշնորհման սերտիֆիկատների մարման և ոչնչացման գործընթացի վերահսկումը:

 

4. Սեփականաշնորհման սերտիֆիկատների փոխանակումը

 

22. Ծրագրով սահմանված ժամկետում սեփականաշնորհման չօգտագործված սերտիֆիկատները ենթակա են փոխանակման նոր սերտիֆիկատներով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան