ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
14 մայիսի 2008 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՈՐՊԵՍ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 655-Ն որոշմամբ լիցենզիայի ներդիրների ստացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկի (Ձև 4) 7-րդ կետով պահանջվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական։
Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի՝ հավաքակայան է համարվում շարժական կազմի միջհերթափոխային պահպանման կայանատեղ, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման և գիծ դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր, և իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների ամենօրյա վազքի, տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառում։
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բնակավայրերի հողեր են համարվում բնակավայրերի զարգացման, կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման, բարեկարգման համար նախատեսված հողերը, որոնք ըստ գործառնական նշանակության դասակարգվում են բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի և այլ հողերի, իսկ 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր են համարվում արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրության, տեխնոլոգիական սարքավորումների շահագործման պայմաններ ապահովող, պահեստարանների համար նախատեսված շենքերի ու շինությունների կառուցման ու սպասարկման, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերը, որոնք ըստ գործառնական նշանակության դասակարգվում են՝ արդյունաբերական օբյեկտների, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, պահեստարանների, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի։
Նկատի ունենալով վերը նշվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով՝ պաշտոնապես պարզաբանում ենք.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 655-Ն որոշմամբ լիցենզիայի ներդիրների ստացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկի (Ձև 4) 7-րդ կետով պահանջվող և կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված շարժական կազմի հավաքակայանի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականներում բնակավայրերի (բացառությամբ բնակելի կառուցապատման) կամ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների (բացառությամբ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) հողերը, որտեղ առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շարժական կազմի հավաքակայանին ներկայացվող պահանջները, անկախ նրանց գործառնական նշանակության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից համարվում են որպես շարժական կազմի հավաքակայանի օգտագործման համար տարածքներ։
Նախարար` |
Գ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|