040.0047.180397
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 մարտի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 1997 թվականի N 47
քաղ. Երևան
ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնները (կցվում է):
2. Սահմանել, որ մինչև համատիրությունների հիմնադրումը բազմաբնակարան բնակելի տներում ընդհանուր օգտագործման շինությունների (շենքի մուտքեր, աստիճանավանդակներ, վերելակային և այլ հորեր, բնակելի և ոչ բնակելի շինություններից դուրս գտնվող միջանցքներ, տանիքներ, ձեղնահարկեր, տեխնիկական հարկեր) և ընդհանուր օգտագործման գույքի (վերելակներ, ջրի պոմպեր, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, աղբահեռացման և այլ ինժեներական համակարգեր, շենքի հիմնամասեր, կրող կառուցվածքներ, շենքի մեխանիկական, էլեկտրական, սանտեխնիկական և այլ սարքավորումներ, որոնք ծառայում են ընդհանուր նպատակների) պահպանումը, շահագործումը, նորոգումը և սպասարկումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները (մինչև տեղական ինքնակառավարման մարմիններին բնակելի ֆոնդի հանձնումը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, Երևանում` Երևանի քաղաքապետը)` քաղաքաշինական նորմերին և բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոններին համապատասխան:
3. Սահմանել, որ մինչև համատիրությունների հիմնադրումը բազմաբնակարան բնակելի տներում ընդհանուր օգտագործման շինությունների և գույքի սպասարկման ու նորոգման համար գանձվող վճարի չափը սահմանված կարգով հաստատում են տեղական ինքնակառավարման մարմինները (մինչև տեղական ինքնակառավարման մարմիններին բնակելի ֆոնդի հանձնումը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, Երևանում` Երևանի քաղաքապետը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ):
4. Սահմանել, որ համատիրությունների հիմնադրումից հետո բազմաբնակարան բնակելի տներում ընդհանուր օգտագործման շինությունների ու գույքի պահպանումը, շահագործումը, նորոգումը և սպասարկումն իրականացնում են համատիրությունները` քաղաքաշինական նորմերին ու բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոններին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 1997 թվականի մարտի 18-ի N 47 որոշմամբ |
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման Եվ սպասարկման
1. Բնակելի ֆոնդի պահպանումը, շահագործումը, նորոգումը և սպասարկումն իրականացնում են բնակելի տների (բնակելի և ոչ բնակելի տարածքների) սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված մարմինները` քաղաքաշինական, սանիտարատեխնիկական, հակահամաճարակային, հակահրդեհային նորմերին համապատասխան:
2. Բազմաբնակարան բնակելի տներում ընդհանուր օգտագործման շինությունների (շենքի մուտքեր, աստիճանավանդակներ, վերելակային և այլ հորեր, բնակելի և ոչ բնակելի շինություններից դուրս գտնվող միջանցքներ, տանիքներ, ձեղնահարկեր, տեխնիկական հարկեր) և ընդհանուր օգտագործման գույքի (վերելակներ, ջրի պոմպեր, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, աղբահեռացման և այլ ինժեներական համակարգեր, շենքի հիմնամասեր, կրող կառուցվածքներ, շենքի մեխանիկական, էլեկտրական, սանտեխնիկական և այլ սարքավորումներ, որոնք ծառայում են ընդհանուր նպատակների) պահպանումը, շահագործումը, նորոգումը և սպասարկումն իրականացնում են սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված մարմինները` սույն միասնական կանոնները հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:
3. Բնակելի և ոչ բնակելի տարածքների սեփականատերերը (անկախ սեփականության ձևից) պարտավոր են իրենց զբաղեցրած տարածքներում իրենց հաշվին կատարել այնպիսի աշխատանքներ (նորոգումներ), որոնց չկատարումը կարող է հանգեցնել շենքի ամրության թուլացման, սանիտարատեխնիկական, հակահամաճարակային, հակահրդեհային նորմերի խախտման, քաղաքացիների առողջության և գույքի վնասման:
4. Առանց քաղաքաշինական նորմերին համապատասխան և սահմանված կարգով համաձայնեցված նախագծի չեն թույլատրվում բնակելի և ոչ բնակելի տարածքների վերակառուցումներ, մասնավորապես, միջնորմների քանդում կամ նորերի կառուցում, պատերի մեջ որմնախորշերի բացում, բնակարանում օժանդակ շինությունների կառուցում, պատշգամբների ապակեպատում, խոհանոցային և սանիտարական սարքավորումների վերատեղադրում, ջրմուղի, կոյուղու, կենտրոնական ջեռուցման և գազի ներբնակարանային և բակային ցանցերի տեղափոխում կամ եղածների հանում, բնակելի տան աստիճանավանդակներում, ընդհանուր օգտագործման մյուս տեղերում օժանդակ շինությունների կառուցում, բնակելի տանը հարող տարածքում ավտոտնակի, ցանկապատերի և այլնի կառուցում:
5. Բնակելի և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի (օգտագործողների) կատարած վերակառուցումները և հասցրած վնասները վերացվում են սեփականատերերի միջոցներով: Վերջիններիս կողմից չվերացվելու դեպքում բնակելի ֆոնդի շահագործման վերահսկողություն իրականացնող մարմինը պարտավոր է կատարել այդ աշխատանքները` վնաս հասցրած անձանց միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: