«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
21 ՕԳՈՍՏՈՍԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 1996 թ. N 261
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի ու շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» N 238 և 1995 թվականի հունիսի 18-ի «Բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմը հաստատելու մասին» N 347 որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, կազմակերպություններում և բանկերում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ ներառվող գործուղման ծախսերի կազմի մեջ մտնում են`
ա) գիշերավարձի (բնակարան վարձելու) ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերը (անդորրագիր կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ) առկայության դեպքում, եթե գործուղման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
բ) գիշերավարձի (բնակարան վարձելու) ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի (անդորրագիր կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ) առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված նորմաների սահմաններում, եթե գործուղման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված նորմաների սահմաններում օրապահիկի ծախսերը գործուղվողի գործուղման մեջ գտնվելու բոլոր օրացուցային օրերի համար` ներառյալ գործուղման մեկնելու և վերադառնալու օրերը.
դ) աշխատանքի վայրից գործուղման վայր մեկնելու և վերադառնալու, ինչպես նաև գործուղման վայրում տրանսպորտային միջոցներով երթևեկելու ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի (տոմս, կտրոն և այլն) առկայության դեպքում.
ե) ժամանակավոր գրանցման, փաստաթղթերի ձեռքբերման և ձևակերպման, արտարժույթի և վճարման միջոց հանդիսացող այլ փաստաթղթերի փոխանակման, հյուրանոցում տեղերի ամրակցման, կապի ծառայության, պարտադիր ապահովագրության ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:
2. Գործուղման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի բացակայության դեպքում այդ ծախսերը կարող են փոխհատուցվել ձեռնարկության, կազմակերպության և բանկի ղեկավարության համաձայնությամբ, ընդ որում, գումարների վճարումը, բացի օրապահիկի նորմայով հաշվարկված գումարից, կատարվում է ձեռնարկության, կազմակերպության և բանկի տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.11.1998, N 753 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|