Գլխավոր տեղեկություն
Номер
N 114
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (28.02.1998-30.05.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.03.28/17(541)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.02.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
25.02.1998
Дата вступления в силу
28.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.01.2004

040.0114.25.02.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 ՓԵՏՐՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 1998 թվականի N 114
քաղ. Երևան

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և դրանց հետագա կարգավիճակի որոշման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված, այգեգործական հողամասերում, մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ինքնակամ կառուցված բնակելի (բնակելի, այգեգործական տներ), տնտեսական, կենցաղային, ինչպես նաև մինչև 50 տոկոսով կառուցված անավարտ (կիսակառույց) շենքերի և շինությունների նկատմամբ ճանաչվում է քաղաքացիների սեփականության իրավունքը:

3. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հետագա կարգավիճակի որոշման նպատակով հայտերի ընդունման ժամկետ սահմանել մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 2-ի «Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 248 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի N 102 և 1996 թվականի նոյեմբերի 18-ի N 361 որոշումների խմբագրությամբ):

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱստատված Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
փետրվարի 25-ի N 114 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ` առանց համապատասխան թույլտվության (կամ նախագծի), առանց սահմանված կարգով հողհատկացման, բնակավայրերի գլխավոր հատակագծերին, հողերի օգտագործման սխեմաներին, մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծերին, շինարարական նորմերի պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև հողօգտագործման և քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցված շենքերի, շինությունների (բնակելի տներ, ամառանոցներ, ավտոտնակներ, դրանց կից տնտեսական, կենցաղային, հասարակական ու արտադրական կառույցներ), այդ թվում` մինչև 50 տոկոսով կառուցված (կառուցված են պատերը և միջհարկային ծածկը) անավարտ (կիսակառույց) շենքերի ու շինությունների հաշվառման և պետական գրանցման կարգը:

2. Հաշվառման աշխատանքներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները` համայնքների ղեկավարների, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի, մարզպետների (համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վրա կառուցված շենքերի և շինությունների գծով) աջակցությամբ: Հաշվառման ընթացքում ի հայտ եկած ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համայնքների ղեկավարներին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին, մարզպետներին ինքնակամ կառույցների հետագա կարգավիճակի որոշման համար, և հաշվառման գրքերում դրանք գրանցվում են որպես ինքնակամ կառույցներ:

Հաշվառման ենթակա են մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ինքնակամ կառուցված, ինչպես նաև մինչև 50 տոկոսով կառուցված անավարտ (կիսակառույց) շենքերն ու շինությունները:

3. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հետագա կարգավիճակի վերաբերյալ որոշումներն ընդունում են համայնքների ղեկավարները, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, մարզպետները` համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վրա կառուցված շենքերի և շինությունների վերաբերյալ:

 

II. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչումը

 

4. Շենք, շինություն ինքնակամ կառուցած անձինք (բացառությամբ սույն որոշման 2-րդ կետում նշված դեպքերի) մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը համայնքների ղեկավարներին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին, մարզպետներին ինքնակամ կառուցված շենքի, շինության կարգավիճակի որոշման նպատակով ներկայացնում են հայտ կցելով անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրված չափագրման տվյալները և սահմանված չափով վճարի մուծման անդորրագիրը:

5. Համայնքների ղեկավարները, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, մարզպետները ելնելով, համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներից, հայտի ընդունման օրվանից 15-օրյա ժամկետում ընդունում են ինքնակամ կառուցված շենքի, շինության հետագա կարգավիճակի վերաբերյալ որոշում:

Ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը ճանաչվում է, և դրանք սահմանված կարգով ներկայացվում են պետական գրանցման, եթե համապատասխանում են գործող քաղաքաշինական, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին:

Ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը չի ճանաչվում, եթե դրանք չեն համապատասխանում քաղաքաշինական, տեխնիկական, սանիտարական նորմերի պահանջներին ու պայմաններին: Հայտը մերժելու մասին որոշումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության համապատասխան տարածքային մարմին` վերջինիս կողմից, որպես ինքնակամ շենք, շինություն, հաշվառման գրքերում գրանցման համար:

6. Եթե ինքնակամ կառուցված շենքը, շինությունը կառուցված են պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա և համապատասխանում են գործող քաղաքաշինական, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին, ապա հայտատուի հայտի հիման վրա օրենքով սահմանված կարգով ինքնակամ զբաղեցված հողամասն օտարվում է նրան կամ տրվում վարձակալության` սահմանելով վարձավճար հողի հարկի դրույքաչափի կրկնակի չափով:

7. Եթե շենքը, շինությունը կառուցված են այլ քաղաքացու` սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա, ապա տվյալ հողամասի սեփականատիրոջ համաձայնության դեպքում շենքի, շինության նկատմամբ ճանաչվում է շենք, շինություն ինքնակամ կառուցած քաղաքացու սեփականության իրավունքը: Սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում ինքնակամ կառուցված շենքի, շինության հետագա կարգավիճակի հարցը լուծվում է դատական կարգով:

8. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հետագա կարգավիճակի վերաբերյալ որոշումների ընդունման համար շենք, շինություն ինքնակամ կառուցողները, մինչև համայնքների ղեկավարների, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի, մարզպետների կողմից համապատասխան որոշման ընդունումը, հաշվառման և չափագրման աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններ են մուծում նշված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար սահմանված չափի վճար:

Ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում քաղաքացիները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մուծում են վճար հետևյալ դրույքաչափով`

ա) բնակելի (բնակելի, այգեգործական) տների, հասարակական և արտադրական շինությունների 1 քառ. մետր մակերեսի համար` 1000 դրամ.

բ) բնակելի (բնակելի, այգեգործական) տանը կից տնտեսական և օժանդակ շինությունների 1 քառ. մետր մակերեսի համար` 500 դրամ.

գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար սահմանված չափի վճար.

դ) կադաստրային գնահատման ու պետական գրանցման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափի վճար և պետական տուրք:

 

III. Ինքնակամ կառուցված շենքի, շինության պետական գրանցումը

 

9. Սույն կարգին համապատասխան համայնքների ղեկավարների, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի, մարզպետների կողմից` ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ ընդունված որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները 15-օրյա ժամկետում կատարում են տվյալ շենքի, շինության պետական գրանցում` սեփականատերերին հանձնելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականներ, որից հետո կատարում են տվյալ շենքի, շինության և հողամասի կադաստրային գնահատում հողի հարկի և գույքահարկի հարկման նպատակով:

 

IV. Պատասխանատվությունը սույն կարգի դրույթները խախտելու համար

 

10. Սույն կարգի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Սույն կարգի կիրառման ընթացքում ծագած վեճերը լուծվում, իսկ պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները գանգատարկվում են դատական կարգով: