ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 1993 թվականի N 290
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Արգելել պետական ձեռնարկությունների (այդ թվում նաև դուստր ձեռնարկությունների), հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին ու նրանց տեղակալներին`
ա) զբաղվել իրենց ծառայողական պարտականություններով չնախատեսված ձեռնարկատիրական գործունեությամբ.
բ) պաշտոնեական դիրքն օգտագործելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության ասպարեզում ցույց տալ որևէ հովանավորչություն և դրա դիմաց ստանալ վարձատրություն, ձեռք բերել իրավունքներ կամ արտոնություններ, ինչպես նաև հարուցել միտումնավոր արգելքներ.
գ) համատեղությամբ զբաղվել պաշտոնեական կարգավիճակով չնախատեսված գործունեությամբ (բացի գիտական, բժշկական, մանկավարժական, ստեղծագործական գործունեությունից) և ստանալ լրացուցիչ վարձատրություն, ձեռք բերել օրենքով չսահմանված իրավունքներ կամ արտոնություններ.
դ) ծառայության բերումով իրենց հայտնի դարձած տեղեկություններն օգտագործել անձնական շահ ստանալու նպատակով.
ե) մինչև որևէ հարցի վերաբերյալ որոշում ընդունելը հանդես գալ որոշումն ընդունող պետական մարմնի անունից պաշտոնեական հայտարարությամբ կամ հաղորդմամբ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված պաշտոնատար անձանց թույլատրել ձեռք բերելու, ստանալու և տնօրինելու արժեթղթեր և վաուչերներ, սեփականության իրավունքով իրեն պատկանող ձեռնարկությունների կամ ձեռնարկության փայը հանձնելու լիազորագրային կառավարման:
3. Սահմանել, որ սույն որոշման պահանջները խախտած պաշտոնատար անձինք ենթակա են պաշտոնից ազատման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |