ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 1993 թվականի N 345
քաղ. Երևան
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Նախկին ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի (Հայխնայբանկ):
Հայխնայբանկը հանդիսանում է նախկին ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկի իրավահաջորդը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է Հայխնայբանկում ավանդատուների ավանդների, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆիզիկական ու իրավաբանական անձանց հաշիվներում եղած դրամական միջոցների և այլ արժեքների պահպանումը և վերադարձնելիությունը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայխնայբանկի հետ համատեղ հնգօրյա ժամկետում նախկին ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկը Հայխնայբանկի վերակազմավորելու աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով:
Հանձնաժողովին` երկամսյա ժամկետում ավարտել նախկին ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկը Հայխնայբանկի վերակազմավորելու հետ կապված աշխատանքները.
բ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայխնայբանկի կանոնադրությունը և առաջարկություն` Հայխնայբանկի կանոնադրական կապիտալի չափի և աղբյուրների վերաբերյալ:
4. Սահմանել, որ ինդեքսավորվում են քաղաքացիների խնայողությունների հետևյալ տեսակները`
ա) Հայխնայբանկի ավանդային հաշիվներում 1993 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղած մնացորդը` 100 տոկոսով.
բ) Հայխնայբանկի ավանդային հատուկ հաշիվներում 1993 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղած մնացորդը (1991 թ. ապրիլին հաշվարկված 40 տոկոս փոխհատուցումը)` 100 տոկոսով.
գ) 1990 թվականի նախկին ԽՍՀՄ նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերի անվանական արժեքը` 300 տոկոսով.
դ) բնակչության մոտ գտնվող գանձապետական պարտավորությունները` 200 տոկոսով:
5. Սահմանել, որ ինդեքսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայխնայբանկի կողմից սահմանված կարգով, հետևյալ ժամկետներում`
ա) Հայխնայբանկի բնակչության ավանդային հաշիվներում եղած մնացորդը 1993 թվականի օգոստոսի 1-ից.
բ) Հայխնայբանկի ավանդային հատուկ հաշիվներում եղած մնացորդը 1994 թվականի մարտի 1-ից` մինչ այդ թույլատրելով դրանց օգտագործումն անկանխիկ հաշվարկներով.
գ) 1990 թվականի նախկին ԽՍՀՄ նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերի և գանձապետական պարտավորությունների անվանական արժեքի ինդեքսավորումը և դրանց հետգնումը 1993 թվականի օգոստոսի 1-ից:
6. Հանձնարարել Հայխնայբանկին, ֆինանսների նախարարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 4-րդ կետով նախատեսված քաղաքացիների խնայողությունների տեսակների ինդեքսավորումը փախստականների նկատմամբ կիրառելու վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 18-ի «1993 թվականի վարկային էմիսիայի մասին» որոշմամբ նախատեսված վարկային էմիսիայի 17 մլրդ ռուբլի գումարից 12 մլրդ ռուբլին փոխանցել Հայխնայբանկին, որպես վարկային ռեսուրս` դրա օգտագործումից առաջացած եկամուտներն ավանդներին որպես տոկոսներ բարդելու նպատակով, հաշվի առնելով, որ 5 մլրդ ռուբլին բնակչության ավանդների ինդեքսավորման համար պայմանագրային հիմունքներով տրվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` որպես վարկային ռեսուրս.
բ) անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն Հայխնայբանկին միջոցներ տրամադրելու վերաբերյալ.
գ) եռամսյակը մեկ անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել Հայխնայբանկում եղած ավանդների դիմաց տրվող տոկոսադրույքները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|