Գլխավոր տեղեկություն
Номер
N 162
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.04.1993-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.04.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
09.04.1993
Дата вступления в силу
09.04.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 1993 թվականի N 162

 

քաղ. Երևան 

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾԱԽՍՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 18-ի «1993 թվականի վարկային էմիսիայի մասին» որոշման 4-րդ կետի հանձնարարականի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 18-ի «1993 թվականի վարկային էմիսիայի մասին» որոշմամբ թույլատրված վարկային էմիսիայի միջոցները Հայաստանի Հանրապետության բանկը հատկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` նշված որոշմամբ սահմանված չափերով և պայմաններով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված վարկային էմիսիան հաշվանցել հանրապետական բյուջեի եկամուտների հաշվեկշռային հաշվին.

բ) տնտեսության ոլորտների վարկավորման համար նախատեսված վարկային էմիսիայի միջոցները կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Վարկային էմիսիայի միջոցներ» հատուկ արտաբյուջետային հաշվում:

3. Վարկային էմիսիայից ձեռնարկություններին և կազմակերպություններին (բացառությամբ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների) միջոցները տրամադրվում են վարկի ձևով, նրանց հետ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից համապատասխան պայմանագրերի կնքմամբ, համաձայն օրինակելի վարկային պայմանագրի (ձևը կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և էկոնոմիկայի նախարարությունը, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ, հաստատում են նախարարություններին և գերատեսչություններին տրամադրվող վարկերի սահմանաքանակները, դրանց միջին տոկոսադրույքները, կառուցվածքը` ըստ ժամկետայնության, այդ թվում սահմանելով ոչ պետական ձեռնարկություններին տրամադրվող սահմանաքանակները և բաշխման կարգը:

5. Հայաստանի Հանրապետության նախարարությունները և պետական վարչությունները ձեռնարկություններին վարկային էմիսիայից միջոցներ հատկացնելու համար հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովին, համաձայն վարկային էմիսիայից միջոցներ հատկացնելու հայտարարագրի (ձևը կցվում է):

 Վարկային էմիսիայից միջոցներ տրամադրելիս առաջնությունը տրվում է պետական պատվեր և պետական առաջադրանք կատարող ձեռնարկություններին ու կազմակերպություններին:

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ, մեկշաբաթյա ժամկետում քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել էներգետիկ համալիրում 1993-1994 թվականների ձմռան նախապատրաստման աշխատանքների ցանկը և միջոցառումները` դրանց գծով անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման նպատակով վարկային էմիսիայից հատկացումներ կատարելու համար:

7. Աղետի գոտու և փախստականներով տարաբնակեցված` պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործկոմներին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվարկներ` անհատական բնակարանային շինարարության նպատակով անհրաժեշտ վարկերի սահմանաքանակները որոշելու համար:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

ա) առաջարկություններ` ըստ շրջանների և քաղաքների անհատական բնակարանային շինարարության համար անհրաժեշտ վարկերի սահմանաքանակները հաստատելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության խնայողական բանկի հետ համատեղ առաջարկություն` անհատական բնակարանային շինարարության վարկավորման կարգի` վարկի տրամադրման, մարման ժամկետների և տոկոսադրույքների վերաբերյալ:

9. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների վարկեր տրամադրել`

ա) տնտեսությունների և մթերող ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում` նախնական վճարումների իրականացման միջոցով.

բ) կանխավճարի կարգով` ագրոծառայությունների և մատակարարումների իրականացման միջոցով, դրանց արժեքը որոշակի ժամանակահատվածում գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից բնամթերքով կամ դրամով փոխհատուցելու պայմանով.

գ) դրամական վարկի ձևով:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայպետագրոբանկի, Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության և գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, 5-օրյա ժամկետում մշակել գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների վարկավորման մեխանիզմները:

11. Հայաստանի Հանրապետության բանկին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության խնայբանկին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել բնակչության ավանդների ինդեքսավորման, ավանդների դիմաց վճարումների կատարման և ավանդների համար տրվող նոր տոկոսադրույքների կիրառման կարգի վերաբերյալ:

12. Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված վարկային էմիսիայի միջոցներից Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին, տեղական բյուջեներին և բյուջեով ֆինանսավորվող մյուս ոլորտներին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հատկացումները կատարում է բյուջետային գործող օրենսդրությանը համապատասխան:

13. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` համապատասխան սպասարկող բանկերի հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից վարկային էմիսիայով ստացված միջոցների ճիշտ, նպատակային և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև ժամանակին վերադարձման նկատմամբ:

14. Վարկային էմիսիայի միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ ընդհանուր վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, նրա տեղական մարմինների և Հայաստանի Հանրապետության պետական բանկի վրա:

15. Վարկային էմիսիայի անարդյունավետ և ոչ նպատակային օգտագործման փաստերի առկայության դեպքում իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` իր նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունների միջնորդությամբ դադարեցնելու ձեռնարկությունների հետագա վարկավորումը և անարգել հետ գանձելու տրամադրված գումարները:

16. Վարկային էմիսիայի հաշվին Հայաստանի Հանրապետության բանկի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված գումարների ժամանակավորապես ազատ մնացորդը ֆինանսների նախարարությունը պայմանագրային հիմունքներով կարող է տրամադրել Հայաստանի Հանրապետության բանկին` որպես վարկային ռեսուրս:

17. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և վարկային էմիսիայի հաշվին տրվող վարկերը սպասարկող բանկերի միջև փոխհարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

18. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` 10-օրյա ժամկետում սահմանել և Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և ձեռնարկություններին հասցնել վարկային էմիսիայի միջոցների հաշվառման ու հաշվետվության հատուկ կարգ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 ՁԵՎ

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Էջ 1, 2

 

 

 

 

 

 

ՁԵՎ

 ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 162
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան