«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
17 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 1997 թվականի N 283
քաղ. Երևան
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Սահմանային ներկայացուցիչների աշխատակազմերի գործունեությունը կանոնակարգելու նպատակով և ելնելով Հայաստանի Հանրապետության նոր վարչատարածքային բաժանումից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լենինականի շրջանի սահմանային ներկայացուցչական աշխատակազմը (N 41 սահմանային նշանից մինչև N 134 սահմանային նշանը) վերանվանել Շիրակի շրջանի սահմանային ներկայացուցչական աշխատակազմ (N 41 սահմանային նշանից մինչև N 148 սահմանային նշանը):
Նստավայրը` քաղ. Գյումրի:
Շիրակի շրջանի մեջ մտցնել`
ա) Ալագյոզի տեղամասը (N 41 սահմանային նշանից մինչև N 50 սահմանային նշանը)` այն վերանվանելով Արագածի տեղամաս.
բ) Անիի տեղամասը (N 50 սահմանային նշանից մինչև N 55 սահմանային նշանը).
գ) Ախուրյանի տեղամասը (N 55 սահմանային նշանից մինչև N 101 սահմանային նշանը).
դ) Ամասիայի տեղամասը (N 101 սահմանային նշանից մինչև N 148 սահմանային նշանը):
2. Էջմիածնի-Երևանի շրջանի սահմանային ներկայացուցչական աշխատակազմը (N 4 սահմանային նշանից մինչև N 41 սահմանային նշանը) վերանվանել Արմավիրի-Արարատի շրջանի սահմանային ներկայացուցչական աշխատակազմ:
Նստավայրը` քաղ. Երևան:
Արմավիրի-Արարատի շրջանի մեջ մտցնել`
ա) Արտաշատի տեղամասը (N 4 սահմանային նշանից մինչև N 16 սահմանային նշանը).
բ) Մարգարայի տեղամասը (N 16 սահմանային նշանից մինչև N 32 սահմանային նշանը)` այն վերանվանելով Էջմիածնի տեղամաս.
գ) Կարաքալինի տեղամասը (N 32 սահմանային նշանից մինչև N 41 սահմանային նշանը)` այն վերանվանելով Նոր Արմավիրի տեղամաս:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով տեղեկացնել`
ա) սույն որոշման 1-ին կետի վերաբերյալ` Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը.
բ) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի վերաբերյալ` Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`
ա) սույն որոշման մասին տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ դաշնային ծառայության սահմանապահ զորքերի «Հայաստան» զորախմբին, ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանային ներկայացուցիչների հանդիպումների անվտանգ անցկացման համալիր միջոցառումների իրականացումը.
բ) մեկամսյա ժամկետում, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ դաշնային ծառայության սահմանապահ զորքերի «Հայաստան» զորախմբի համաձայնությամբ, սահմանված կարգով պատրաստել պահանջվող քանակությամբ ռետինե և մետաղյա կնիքներ (համապատասխան սահմանային ներկայացուցչական աշխատակազմերի պետական խորհրդանիշով), դրոշմներ, բլանկներ, ծրարներ, աշխատանքային թղթապանակներ, սեղանի դրոշներ, կազմտեխնիկա, սահմանային ներկայացուցիչներին ապահովել անհրաժեշտ քանակությամբ ռադիոկապի շարժական միջոցներով և ավտոտրանսպորտով:
5. Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզպետներին` Ռուսաստանի Դաշնության համապատասխան սահմանային կոմիսարների համաձայնությամբ, պլանային կարգով գործարար մասնակցություն ունենալ սահմանային ներկայացուցչական աշխատակազմերի աշխատանքին` բազմակողմանի գործարար օգնություն և աջակցություն ցուցաբերելով դրանց` թուրքական կողմի հետ համատեղ անցկացվող միջոցառումների համար նախատեսված հանդիպման կետերը պատշաճ վիճակում պահելիս:
6. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Արմավիրի մարզպետի հետ համատեղ, սահմանային ներկայացուցչի աշխատակազմի համաձայնությամբ, «Մարգարա» բացթողման կետի շենքում առանձնացնել անհրաժեշտ թվով սենյակներ` թուրքական կողմի ներկայացուցիչների հետ նիստեր կազմակերպելու համար` դրանք ապահովելով պատշաճ սարքավորումներով:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում նշված միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորման աղբյուրների և չափերի վերաբերյալ:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |