Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-406
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.01.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2003/4
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
08.01.2003
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
08.01.2003
Дата вступления в силу
08.01.2003

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

8 հունվարի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Երվանդ Զախարյանի,

հրավիրված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Լ. Ամիրջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունը, հրավիրված Լ. Ամիրջանյանի պարզաբանումը, հետազոտելով կոնվենցիան, կից արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան և կից արձանագրությունն ստորագրվել են 2001 թվականի հունիսի 7-ին` Բրյուսելում: Կողմերը նպատակ են հետապնդել զարգացնել և ամրապնդել միմյանց միջև տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցությունը` բացառելով հարկումից խուսափելը, պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, նրանց նկատմամբ հարկային խտրականության կիրառումը:

2. Կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված են կիրառման ենթակա հարկատեսակները: Հայաստանի Հանրապետության դեպքում այդպիսիք են` շահութահարկը, եկամտահարկը, գույքահարկը և հողի հարկը, Բելգիայի Թագավորության դեպքում` ֆիզիկական անձանց եկամտահարկը, ձեռնարկությունների եկամտահարկը, իրավաբանական անձանց եկամտահարկը, ոչ ռեզիդենտների եկամտահարկը, լրացուցիչ ճգնաժամային վճարումները, ներառյալ կանխավճարները, վերոհիշյալ հարկերի և կանխավճարների գերավճարներն ու ֆիզիկական անձանց եկամտահարկի լրացումները:

Նախատեսված է կիրառել նաև վերոթվարկյալ հարկերին դասվող այնպիսի հարկատեսակներ, որոնք Կողմերը կսահմանեն կոնվենցիայի ստորագրումից հետո:

3. Կոնվենցիայում մանրամասնված են հարկման ենթակա օբյեկտները և համապատասխան հարկ վճարող սուբյեկտները: 6-22-րդ հոդվածներով սահմանված կարգով և պայմաններով նախատեսված է հարկել անշարժ գույքից ստացված եկամուտը և այդ գույքի արժեքի հավելաճը, շարժական գույքը, ձեռնարկատիրական գործունեությունից, միջազգային փոխադրումներից ստացված շահույթը, շահաբաժինները, որևէ կողմի ռեզիդենտին վճարված տոկոսներն ու ռոյալթին, մասնագիտական կամ այլ անկախ, ինչպես նաև կախյալ անձնական ծառայություններից ստացված եկամուտը, տնօրենների հոնորարները և ղեկավար պաշտոնյաների վարձատրությունները, մշակույթի գործիչների կամ մարզիկների անձնական որոշակի գործունեությունից ստացված եկամուտը, կենսաթոշակները և այլ համանման վարձատրությունները, պետական ծառայության, գիտաուսումնական գործունեության դիմաց տրված վճարները: Ընդ որում, նախատեսված է միջազգային իրավունքի նորմերին և այլ համաձայնագրերին համապատասխան պահպանել դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների անդամների հարկային արտոնությունները:

4. Կոնվենցիայի 4-րդ գլխում նախատեսված են կրկնակի հարկման բացառման մեթոդները, դրանց կիրառման բնագավառները` որպես սկզբունք ընդունելով անխտրականությունը, դրանով նաև` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց համար ապահովելով Կողմերի ազգային անձանց համեմատ ոչ պակաս նպաստավոր պայմաններ:

5. Կոնվենցիայով Կողմերն ստանձնել են հետևյալ հիմնական պարտավորությունները.

- ժամանակին միմյանց ծանուցել հարկային օրենսդրության բնագավառում կատարված որեէ նշանակալի փոփոխության վերաբերյալ, փոխանակել այնպիսի տեղեկություններ, ապահովել այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ կլինեն կոնվենցիայի կիրառման համար,

- օգնություն և աջակցություն ցուցաբերել կոնվենցիայում ներառված հարկերի, ինչպես նաև այդ հարկերին վերաբերող գերավճարների, լրացումների, տոկոսների, ծախսերի և տուգանքի բնույթ չկրող տույժերի ծանուցման և գանձման խնդիրների լուծման բնագավառում:

6. Կոնվենցիայի 26-րդ և 27-րդ հոդվածներում նախատեսված դրույթներն ուղղակիորեն երաշխավորում են Կողմերի ինքնիշխանության անձեռնմխելիությունն այնպիսի դեպքերում, երբ ստանձնած պարտավորությունների կատարումն առնչվում է ազգային օրենսդրությանը հակասող վարչական միջոցառումների կատարմանը, անհասանելի տեղեկատվության ներկայացմանը կամ պետական քաղաքականությանը, հասարակական կարգին, ձեռնարկատիրական և մասնագիտական գաղտնիքին վերաբերող խնդիրներին:

7. Կոնվենցիային կից արձանագրությամբ նախատեսված են դրույթներ կոնվենցիայի մի շարք հոդվածների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ:

8. Կոնվենցիայում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 և 9 հոդվածներին, քանի որ, նախ` նպաստում են տնտեսական գործունեության ազատությանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ապահովում են պետությունների հետ բարիդրացիական ու փոխշահավետ համագործակցություն: Այդ պարտավորությունները, Կողմերի համար իրենց համարժեքությամբ, ինչպես նաև անխտրականության սկզբունքի կիրառմամբ, համահունչ են նաև Հայաստանի Հանրապետության միջազգային այլ, մասնավորապես` Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրով (1966 թ.), հարկման բնագավառում երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, քանի որ` ինչպես տնտեսավարող, այնպես էլ այլ սուբյեկտների համար ապահովում են իրենց իրավունքների իրականացման հավասար հնարավորություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


8 հունվարի 2003 թվականի
ՍԴՈ-406