Գլխավոր տեղեկություն
Номер
N 166
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.1997-10.12.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.06.11/13
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.06.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.06.1997
Дата вступления в силу
01.07.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
3 հունիսի 1997 թ.

040.0166.03.06.97

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 1997 թ. N 166
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտահարկի հաստատագրված վճարումներ, ինչպես նաև եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև 30 քառ. մ մակերես ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար 1997 թվականի հուլիսի 1-ից սահմանել շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումներ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև 30 քառ. մ մակերես ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը (կցվում է):

3. Սահմանել, որ մինչև 30 քառ. մ մակերես ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության իրականացման համար այդ մասով շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի կանխավճարային մուծումներ չեն կատարվում:

4. Սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ հրահանգները, պարզաբանումները սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և (կամ) Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության հետ:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:

6. Սույն որոշման հրապարակումից հետո 2-օրյա ժամկետում հաստատագրված վճարումներ կատարողները պարտավոր են իրենց գրանցման վայրի հարկային մարմիններ ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան անհրաժեշտ ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցը:

7. Սույն որոշման հրապարակմանը հաջորդող ամսվա 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 7-ի «Առևտրի ոչ հիմնական կետերի միջոցով իրականացվող մանրածախ առևտրական գործունեության համար հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» N 322 որոշումը:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 3-ի N 166 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ 30 ՔԱՌ. Մ ՄԱԿԵՐԵՍ ՈՒՆԵՑՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների (այսուհետև տնտեսավարող սուբյեկտներ) կողմից սույն կարգի համաձայն մինչև 30 քառ. մ մակերես ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար շահութահարկին (եկամտահարկին) և ավելացված արժեքի հարկին համարժեք հաստատագրված վճարումների (այսուհետև` հաստատագրված վճարումներ) հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման սկզբունքները:

2. Հաստատագրված վճարումները կապված չեն տնտեսական գործունեության արդյունքների հետ և առևտրական գործունեության իրականացման յուրաքանչյուր մինչև 30 քառ. մ մակերես ունեցող վայրի համար որոշվում են սույն կարգով նախատեսված չափերով:

3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

ա) այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառ. մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 250-ապատիկը:

Նշված դեպքերում տնտեսավարող սուբյեկտները այդ եռամսյակի համար հարկերը հաշվարկում և վճարում են սահմանված ընդհանուր կարգով, բացառությամբ կանխավճարային մուծումների կատարման.

բ) սեփական արտադրության արտադրանքը խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով ինքնուրույնաբար իրացնող տնտեսավարող սուբյեկտների վրա` գործունեության այդ մասի համար.

գ) առևտրի կազմակերպման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության վրա.

դ) դեղատների վրա.

ե) բենզինի, դիզելային վառելիքի և գազի գծով առևտրական գործունեության վրա:

 

II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգի շրջանակներում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

խանութ` առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, գնորդների համար պարտադիր առևտրական դահլիճ ունեցող մշտական (ստացիոնար) շինություն.

կրպակ (տաղավար)` առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված, առևտրական դահլիճ չունեցող, ոչ հիմնական տիպի շինություն.

առևտրական տարածք (մակերես), այդ թվում`

խանութների համար` առևտրական դահլիճի (այդ թվում` ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված առևտրական սարքավորումների ու գույքի զբաղեցրած) մակերեսը.

կրպակների (տաղավարների) համար` ամբողջ մակերեսը:

 

III. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Հաստատագրված վճարումները հաշվարկվում են ելակետային (բազային) ցուցանիշների արտադրյալների նկատմամբ ուղղիչ գործակցի կիրառման միջոցով:

Ելակետային տվյալներն են`

ա) խանութներում, կրպակներում (տաղավարներում) տնտեսավարող սուբյեկտի առևտրական գործունեության համար զբաղեցրած առևտրական տարածքը (ԱՏ).

բ) Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի (ՍՆԱ) 2,5 տոկոսը.

գ) մեկ ամսվա ընթացքում խանութներում, կրպակներում (տաղավարներում) առևտրական գործունեության իրականացման օրերը:

Խանութի, կրպակի (տաղավարի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է (Գ)`

ա) Երևան քաղաքի* համար

առաջին գոտի` Գ = 2,0

երկրորդ գոտի` Գ = 1,6

երրորդ գոտի` Գ = 1,3

չորրորդ գոտի` Գ = 1,2

հինգերորդ գոտի` Գ = 1,0

«Զվարթնոց» օդանավակայանի հողատարածքը և Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածը (Վաղարշապատի խճուղու և «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհների երթևեկելի մասերը) հավասարեցվում են Երևանի առաջին գոտուն.

բ) Հայաստանի Հանրապետության մարզային կենտրոնների, ինչպես նաև Աբովյան և Վաղարշապատ քաղաքների համար` Գ = 1,5.

գ) Հայաստանի Հանրապետության մարզերի (բացի մարզային կենտրոններից և Աբովյան ու Վաղարշապատ քաղաքներից) համար` Գ = 1,0.

դ) աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի*, այդ թվում` Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Գորիս, Կապան քաղաքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղերի ** համար` Գ = 0,5:

Հաստատագրված վճարման չափը յուրաքանչյուր ամսվա համար որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ՀՎ = ՍՆԱ 2,5 % x ԱՏ x Գ x Օր:

 

6. Տնտեսավարող սուբյեկտները հաստատագրված վճարումների հաշվարկումն իրականացնում են ինքնուրույնաբար, ելնելով ելակետային տվյալներից և ուղղիչ գործակցից` սույն կարգի 5-րդ կետին համապատասխան:

Հաստատագրված վճարումների գումարի մուծումը կատարվում է ամեն ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 25-ը:

Եռամսյակի արդյունքներով փաստացի ապրանքաշրջանառության ծավալի սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված սահմանային չափի գերազանցման դեպքում սույն կարգի համաձայն վճարված (հաշվարկված) հաստատագրված վճարումների գումարները հաշվանցվում են եռամսյակի փաստացի շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի գումարների դիմաց, սույն կարգի 11-րդ կետում նշված համամասնությամբ:

7. Տնտեսավարող սուբյեկտներն առևտրի իրականացման վայրում, երևացող տեղում, փակցնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթը (պատճենը) հաստատագրված վճարումների հաշվարկման համար համապատասխան տվյալներով:

Ելակետային տվյալներում կամ ուղղիչ գործակցում փոփոխություններ լինելու կամ գործունեության դադարեցման (այդ թվում` ժամանակավոր), ինչպես նաև գործունեության սկսման (վերսկսման) դեպքերում տնտեսավարող սուբյեկտները համապատասխան փոփոխություններ են կատարում վճարումների հաշվարկներում` այդ մասին նախօրոք գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին:

Ելակետային տվյալները (դրանց փոփոխությունները), ինչպես նաև ուղղիչ գործակիցը (դրանց փոփոխությունները) գրանցվում են (վերագրանցվում են) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում` խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող անձնական քարտերում:

Ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում պարտադիր վերագրանցվում են տարեկան երկու անգամ` հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ:

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ այլ տեղեկություններ չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարումների չափը հաշվարկվում է նախորդ (վերջին) հաստատագրված վճարումների հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակցի կիրառմամբ, բացառությամբ առևտրական գործունեության իրականացման օրերի թվի, որն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար:

8. Տնտեսավարող սուբյեկտները սույն կարգի համաձայն հաստատագրված վճարումներով հարկվող պետական առևտրական գործունեության գծով ապրանքների (շրջանառության ծախքերին վերաբերող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների) դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են ապրանքների ձեռքբերման արժեքին (շրջանառության ծախքերին):

Սույն կարգի համաձայն հաստատագրված վճարումներ կատարող տնտեսավարող սուբյեկտների կողմից այդ ապրանքաշրջանառության գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի նշում չի կատարվում:

Հարկի գումարի առանձնացման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով անկախ հաստատագրված վճարումների կատարումից:

9. Սույն կարգին համապատասխան հաստատագրված վճարումներ կատարող տնտեսավարող սուբյեկտները վարում են գործունեության այդ տեսակի համար առանձնացված հաշվապահական հաշվառում, որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, շահույթի (եկամտի) ընդհանուր գումարը հարկման նպատակով նվազեցվում է նույն ժամանակաշրջանում հաստատագրված վճարումներով հարկվող առևտրական գործունեության իրականացումից ստացված իրացման շրջանառության, շահույթի (եկամտի) գումարի չափով: Առանձնացված հաշվառման վարման արդյունքներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հարկային հաշվարկների (հայտարարագրերի) մեջ:

Տնտեսավարող սուբյեկտները գործունեության մյուս տեսակների համար հարկերն ու այլ պարտադիր վճարումները հաշվարկում և վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

10. Տնտեսավարող սուբյեկտների համար հաստատագրված վճարումներով հարկվող գործունեության մասով կասեցվում են շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:

11. Շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոսի չափով:

12. Սույն կարգի համաձայն հաստատագրված վճարումներ կատարող տնտեսավարող սուբյեկտներն այդ ժամանակամիջոցի համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի կանխավճարային մուծումներ չեն կատարում:

 

IV. ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Սույն կարգի պահանջների խախտումներ են համարվում, մասնավորապես, ելակետային տվյալների, ուղղիչ գործակցի անհամապատասխանելիությունը, ինչպես նաև մինչև հաստատագրված վճարումներով հարկվող առևտրական գործունեություն սկսելը գործունեություն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմնին չտեղեկացնելը:

15. Սույն կարգի համաձայն հաստատագրված վճարումների կատարումը տնտեսավարող սուբյեկտներին չի ազատում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների հաշվառում վարելու, առևտրի սահմանված կանոնները պահպանելու, ինչպես նաև առանձին ապրանքատեսակների վաճառքի համար լիցենզիա (արտոնագիր) ունենալու պարտականություններից:

 

* Երևան քաղաքի տարածքի բաժանումն ըստ գոտիների տրված է պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի 1994 թվականի հոկտեմբերի 7-ի N 43/10 որոշմամբ:

* Աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի որոշման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 25-ի N 636 և 1993 թվականի հունիսի 16-ի N 306 որոշումներով հաստատված ցանկերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:

** Հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության համայնքների ու բնակավայրերի ցանկում նշված գյուղերը: