ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ TF 025579 (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
18 հունվարի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ`
Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Խ. Հարությունյանի,
հրավիրվածներ` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանի և ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ֆ. Զաքարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1999 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում ստորագրված Ճապոնական դրամաշնորհի TF 025579 (Սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Խ. Հարությունյանի բացատրությունը, Ա. Կիրակոսյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև, համաձայն որի Հայաստանի Հանրապետությանն է տրամադրվելու 494.800 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով դրամաշնորհ` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագրի նախապատրաստմանն օժանդակելու նպատակով: Ըստ գործում առկա տեղեկանքի` այդ ծրագրի ֆինանսավորումը պետք է իրականացվի կնքվելիք վարկային համաձայնագրով:
Դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված ֆինանսավորման ենթակա բնագավառներն են.
- իշխանության տեղական մարմինների գործառույթներին առնչվող խնդիրների ուսումնասիրում և խորհրդատվական ծառայությունների մատուցում,
- փոքր ձեռնարկատիրության զարգացման հիմնախնդիրների լուծմանն աջակցություն, մասնավորապես` վարչական, հարկային ու ֆինանսավարկային բնագավառներում, և համապատասխան խորհրդատվական ծառայությունների մատուցում:
Ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթին համապատասխան` համաձայնագրով Կողմերի միջև նախատեսված են փոխադարձ իրավունքներ և պարտականություններ, մասնավորապես, վերոհիշյալ աշխատանքները, ինչպես նաև խորհրդատուների ներգրավումն իրականացվելու են Միջազգային զարգացման ընկերակցության կողմից և վերջինիս պատասխանատվությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունը` նախանշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու կատարված աշխատանքի արդյունքների գնահատումն է, ինչպես նաև օտարերկրյա խորհրդատվական անձնակազմի անդամների հարկային պարտավորությունների հատուցումը:
Համաձայնագրով նախատեսված են նաև դրույթներ խորհրդատվական ծառայությունների մատուցման կարգի և պայմանների (համաձայնագրին կից հավելվածում), կատարված աշխատանքների արդյունքում պատճառված վնասի հատուցման, ինչպես նաև` համաձայնագրի ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարելու վերաբերյալ:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներով, ուսումնասիրելով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրային գործունեության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման ուղղությամբ ձևավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը նաև պարզեց.
1. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն, ստեղծվել է ՀՀ վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 165 որոշմամբ` հանրապետության սոցիալական ոլորտում ստեղծված իրավիճակի բարելավման և բնակչության առավել անապահով խավերի կենսական կարիքները բավարարելու անհրաժեշտությունից ելնելով: Իր քառամյա գործունեության ընթացքում` Միջազգային զարգացման ընկերակցության, ՀՀ կառավարության, համայնքների տրամադրած միջոցների, ինչպես նաև նվիրատվությունների հաշվին հիմնադրամը ծրագրեր է իրականացրել համայնքային նշանակության առողջապահական, կրթական հիմնարկների, մանկապարտեզների, ծերանոցների, բնապահպանական օբյեկտների, ճանապարհաշինության, կոյուղու և խմելու ջրի համակարգերի շինարարության և հիմնական նորոգման ուղղությամբ, որի ընդհանուր ծրագրային արժեքը կազմում է մոտ 20 միլիոն ԱՄՆ-ի դոլար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվել բարձրացնելու վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունն ու վերահսկելիությունը: Մասնավորապես, կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 765 որոշմամբ ներդրվել է վարկային ծրագրերի կառավարման նոր համակարգ, կանոնակարգվել է օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեությունը, սահմանվել է դրանց իրավասության շրջանակը, ինչպես նաև` այդ ծրագրերի շրջանակներում հատկացված դրամական միջոցների, նյութական արժեքների և մատուցվող ծառայությունների հաշվառման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1999 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում ստորագրված Ճապոնական դրամաշնորհի TF 025579 (Սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|