ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՃԱՊՈՆԱԿԱՆ JPN 025535-AM ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
7 հունվարի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև տրանսպորտային ծրագրի նախապատրաստման համար Ճապոնական JPN 025535-AM դրամաշնորհի նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունը, հետազոտելով նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև տրանսպորտային ծրագրի նախապատրաստման համար Ճապոնական JPN 025535-AM դրամաշնորհի նամակ-համաձայնագիրն ստորագրվել է 1998 թ. փետրվարի 11-ին Երևանում` Տրանսպորտային ծրագրի նախապատրաստման նպատակով:
Նամակ-համաձայնագրով կարգավորվում են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը Տրանսպորտային ծրագրի նախապատրաստման համար 486.000 (չորս հարյուր ութսունվեց) ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Նամակ-համաձայնագիրը, որն ունի նաև երկու հավելված և երկու լրացում, նախատեսում է դրամաշնորհի տրամադրման նպատակները և ժամկետները, ինչպես նաև հաշվեքննության և խորհրդատվական ծառայությունների կազմակերպման պայմանները և կարգը:
Նամակ-համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհի միջոցներն օգտագործել վթարային սև գոտիների տեղակայման վայրերը որոշելու, նորոգման աշխատանքները պլանավորելու, մայրուղիների վիճակի հետազոտման և ծախսերի արդյունքների վերլուծության հիման վրա ճանապարհների պահպանության ծրագրերի առաջնայնությունը որոշելու, հանրապետությունում հնարավոր սողանքները հետազոտելու, տվյալները բանկ ստեղծելու և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը հաստատելու համար:
Հայաստանի Հանրապետությունը նամակ-համաձայնագրով պարտավորվում է պատշաճորեն և արդյունավետ իրականացնել ծրագրի կատարման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում` ժամանակին տրամադրել անհրաժեշտ միջոցներ, ծառայություններ և ռեսուրսներ, Պայմանավորվող կողմին ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն` կատարված միջոցառումների և դրամաշնորհի միջոցների օգտագործման վերաբերյալ, ձեռք բերված արդյունքների շուրջ կատարել մտքերի փոխանակում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ներկայացուցիչների հետ:
Նամակ-համաձայնագրով նախատեսվում են նաև Հայաստանի Հանրապետության կողմից դրամաշնորհի գումարների ծախսման կարգը, ծախսումների վերաբերյալ տարեկան հաշվետվությունների բովանդակությունը և ներկայացման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև տրանսպորտային ծրագրի նախապատրաստման համար Ճապոնական JPN 025535-AM դրամաշնորհի նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|