ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 1992 թվականի N 33
քաղ. Երևան
ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով տնտեսական շրջափակումների հետևանքները և վառելիքաէներգետիկ համալիրում ստեղծված ծանր իրավիճակը, ինչպես նաև հարկադիր պարապուրդում հայտնված աշխատավորության սոցիալական ապահովության անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Նկատի ունենալ, որ ոչ բանվորի կամ ծառայողի մեղքով տեղի ունեցած պարապուրդը վճարվում է աշխատողի համար սահմանված տարակարգի (ռոճիկի), տարիֆային դրույքի երկու երրորդից ոչ ցածր հաշվարկով` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 101 հոդվածի:
2. Սահմանել, որ հարկադիր պարապուրդների դեպքում պետական ձեռնարկությունների հաշվին եղած միջոցներից, անկախ նրանց ուղղվածությունից, տրամադրվում են աշխատողների հարկադիր պարապուրդի վճարմանը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` ուսումնասիրել այն ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսական վիճակի մասին հարցը, որոնք հնարավորություն չունեն վճարելու աշխատավարձ հարկադիր պարապուրդի ընթացքում, և միջոցներ ձեռնարկել սեփական միջոցների հաշվին այն լուծելու համար: Սեփական միջոցների բացակայության կամ չբավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություն:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բանկերին` քննության առնել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից ներկայացված հաշվարկները ու առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|