Գլխավոր տեղեկություն
Номер
N 681
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.12.1991
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
12.12.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 1991 թվականի N 681

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցներով մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ վերահսկողության կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` խիստ հսկողություն սահմանել ավտոտրանսպորտ շահագործողների կողմից սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ:

3. Հայպետստանդարտին`

ա) վեցամսյա ժամկետում սահմանված կարգով անցկացնել ավտոտրանսպորտային բոլոր ձեռնարկություններին և կազմակերպություններին կից գործող ստուգող-կարգավորող կետերի ատեստավորումը ու գրանցումը.

բ) ապահովել ստուգող-կարգավորող կետերում օգտագործվող չափիչ սարքերի պետական ստուգումը և վերանորոգումը.

գ) ապահովել պայմանագրային հիմունքներով ստանդարտ կտրոնների և «Նորմա» համադրոշմների պատրաստումը և հանձնումը ստուգող-կարգավորող կետերին.

դ) ստանդարտացման գծով համապատասխան տեխնիկական հանձնաժողովի հետ համատեղ 1992 թվականի առաջին կիսամյակում մշակել ստանդարտ` բնական և հեղուկ գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներով մթնոլորտ արտանետվող գազերի մեջ թունավոր նյութերի բաղադրությունը չափելու մեթոդների և թույլատրելի նորմատիվների վերաբերյալ:

4. Պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին` տեղեր հատկացնել և պայմաններ ստեղծել այն գերատեսչությունների ու կազմակերպությունների համար, որոնց գործունեությունը նպատակամղված է ավտոմոբիլային տրանսպորտի վնասակար արտանետումների համակողմանի պակասեցմանը:

5. «Հայնավթամթերք» ԱԱՄ-ին և Հայպետստանդարտին` սահմանված կարգով ապահովել հանրապետություն ներմուծվող և իրացվող նավթամթերքների որակի նկատմամբ վերահսկողությունը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի մայիսի 29-ի «Հայկական ԽՍՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների կողմից մթնոլորտ աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ վերահսկողության կարգի հաստատման մասին» թիվ 242 որոշումը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 1991 թվականի
դեկտեմբերի 12-ի N 681 որոշմամբ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

1. Ավտոտրանսպորտային բոլոր միջոցները պետք է ենթարկվեն վերահսկողության և բանած գազերի թունավորության կարգավորման.

ա) պետական ավտոտրանսպորտային միջոցները`

թիվ 1 և 2 տեխնիկական սպասարկման անցկացման ժամանակ, սակայն եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս.

ավտոմեքենաների շարժիչների հիմնական նորոգումից, ինչպես նաև սնման և այրման համակարգերի յուրաքանչյուր վերանորոգումից ու տեխնիկական սպասարկումից հետո.

«ԵրԱԶ» ավտոմեքենաների թողարկման ժամանակ` գործարանային փորձարկումից հետո.

վարորդների հայտերով.

բ) քաղաքացիներին անձնական սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները` պետական տեխնիկական զննության ժամանակ, շարժիչների հիմնական նորոգման, այրման և սնման համակարգերի յուրաքանչյուր վերանորոգման ու տեխնիկական սպասարկումից հետո, ինչպես նաև վարորդների դիմումներով:

2. Քաղաքացիներին անձնական սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցները բանած գազերի թունավորության վերահսկողությունը և կարգավորումը անցնում են ատեստավորված վերահսկման-կարգավորման հետևյալ կետերում`

ա) ավտոտրանսպորտային ձեռնարկություններում.

բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության բանած գազերի թունավորության ստուգման արհեստանոցներում.

գ) «Ավտոմոտոսպասարկում» հայկական հանրապետական արտադրական միավորման ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կայաններում.

դ) «ԱվտոՎԱԶտեխսպասարկում» Երևանի հանրապետական կենտրոնի տեխնիկական սպասարկման կայաններում («ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաները).

ե) Հայաստանի Հանրապետության «Ավտոմոտոսիրող» կամավոր ընկերության տեխնիկական սպասարկման կայաններում (մարդատար ավտոմեքենաները).

զ) գազերի վերաշրջանառության հարմարանքի տեղադրման կայաններում (կարբյուրատորային շարժիչներով աշխատող ավտոմեքենաների համար):

3. Վերահսկման-կարգավորման կետերը կազմակերպվում և գործում են հետևյալ կարգով`

ա) Վերահսկման-կարգավորման բոլոր կետերը պարտադիր կարգով պետք է ատեստավորվեն և գրանցվեն Հայպետստանդարտում.

բ) Վերահսկման-կարգավորման կետերում աշխատելու համար մասնագետների պատրաստումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը և տալիս է համապատասխան վկայական.

գ) չափման միջոցների պետական ստուգումը և նորոգումը սահմանված կարգով իրականացվում է Հայպետստանդարտի կողմից:

Վերահսկման-կարգավորման կետերի կազմակերպման և գործունեության ժամանակ ղեկավարվել հետևյալ նորմատիվ փաստաթղթերով`

Հայկական ԽՍՀ 1988 թվականի մայիսի 1-ի «Ավտոտրանսպորտային ձեռնարկությունների ավտոմեքենաներից արտանետվող գազերի մեջ թունավոր նյութերի պարունակության վերահսկման-կարգավորման կետերի կազմակերպման և գործունեության մասին» Ի-200 հրահանգը.

ԳՈՍՏ 17. 2.2. 03-87 «Բնության պահպանություն: Մթնոլորտ: Բենզինային շարժիչներով ավտոմեքենաներից բանած գազերի մեջ ածխածնի օքսիդը և ածխաջրածինների պարունակության չափումների նորմաներն ու մեթոդները».

ԳՈՍՏ 21393 «Դիզելային ավտոմեքենաներ: Արտանետված գազերի ծխայնությունը».

ԳՈՍՏ 25478-82 «Բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ, ավտոբուսներ, ավտոգնացքներ: Տեխնիկական վիճակի նկատմամբ անվտանգության պահանջները: Ստուգման մեթոդները».

դ) արտանետվող գազերի թունավորության և ավտոտրանսպորտային միջոցների ծխայնության վերահսկման և կարգավորման արդյունքների հիման վրա Վերահսկման- կարգավորման կետերի օպերատորի կողմից տրվում է արտանետված գազերի թունավորության վերահսկման կտրոն, որի վերջին սյունակում դրվում է «Նորմա» համադրոշմը.

ե) արտանետվող գազերի թունավորության վերահսկման կտրոնները բոլոր տրանսպորտային միջոցների համար տրվում են մեկ տարի ժամկետով.

զ) կտրոնները և «Նորմա» համադրոշմը պատրաստվում և տրվում են ստուգող-կարգավորող կետերին` Հայպետստանդարտի կողմից ատեստավորում անցնելուց հետո:

4. Ավտոտրանսպորտային միջոցներով մթնոլորտն աղտոտող վնասակար նյութերի նորմաների պահպանման վերահսկողությունը և բնապահպան նորմատիվների խախտումների վերաբերյալ նյութերի ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության և ներքին գործերի նախարարության պետական ավտոմոբիլային տեսչության կողմից:

5. Վերահսկողական ստուգումներն անց են կացվում ավտոտրանսպորտային միջոցների մշտական կանգառի վայրը վերադառնալու ժամանակ կամ անմիջականորեն գծի վրա (երթուղում):

6. Բնապահպան նորմատիվների պահանջների խախտման փաստերի վերաբերյալ նյութերը քննարկվում են վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: