Գլխավոր տեղեկություն
Номер
N 459
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.07.1991-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
16.07.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
16.07.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 1991 թվականի N 459

քաղ. Երևան

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ-Ն ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ԼՔԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՈՒ ԳՈՒՅՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԵՏԱԳԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը նշում է, որ անբավարար են իրագործվել փախստականների հարցերով նախկինում ընդունված որոշումները, մասնավորապես ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 29-ի «Մշտական բնակության վայրերը հարկադրաբար լքած քաղաքացիների սոցիալ-կենցաղային որոշ հարցերի մասին» N 608 և 1990 թվականի հունիսի 20-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի ապրիլի 7-ի «Ադրբեջանական ԽՍՀ-ն և Հայկական ԽՍՀ-ն հարկադրաբար լքած քաղաքացիներին օգնություն ցույց տալու միջոցառումների մասին» N 329 որոշումը» N 302 որոշումները: 1990 թվականի վերջերին գրեթե դադարեցվել են փախստականներին նոր բնակարաններով ապահովման, անհատական բնակելի տների կառուցման համար սահմանված կարգով հողամասերի հատկացման, նոր բնակարանային-շինարարական կոոպերատիվների կազմակերպման, լքված գյուղերի վերականգնման և փախստականներով բնակեցման աշխատանքները: Չի ապահովվել անհատական բնակարանային շինարարություն իրականացնող անձանց շինարարական ֆոնդերից անհրաժեշտ շինանյութեր վաճառելու հանձնարարականի կատարումը, որի հետևանքով տասնյակ հազարավոր փախստականներ մինչև այսօր շարունակում են ժամանակավորապես բնակվել Երևանի և մերձակա շրջանների հանգստյան տներում, հյուրանոցներում, ապօրինի զբաղեցրած կամ վթարային շենքերում և այլ կացարաններում:

Մշտական բնակության վայրի բացակայությունը կասեցնում է Ադրբեջանում թողած բնակարանների և գույքի փոխհատուցման անհետաձգելի աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, հիմնարկություններին, ձեռնարկություններին, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ապահովել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 29-ի N 608 և 1990 թվականի հունիսի 20-ի N 302 որոշումների անվերապահ կատարումը, հատկապես` փախստականներին մշտական բնակության վայրի ընտրության հնարավորության ընձեռման և անհրաժեշտ թվով աշխատատեղերի, սոցիալական օբյեկտների ստեղծման մասում:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին, Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճպետկոմին, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ելնելով փախստականների վերահաշվառման արդյունքներից և հանրապետության զարգացման հեռանկարներից, 1991 թվականի ընթացքում ավարտել փախստականների տեղակցումը մշտական բնակության հնարավոր վայրերում և փախստականների հիմնահարցերի վերջնական լուծման ծրագրի կազմումը:

3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեն պատգամավորների Ամասիայի, Գորիսի, Թումանյանի, Եղեգնաձորի, Կապանի, Կրասնոսելսկի, Տաշիրի, Սիսիանի, Վայքի, Վարդենիսի շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ 1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարել է այդ շրջանների նախկին բնակիչների կողմից լքված, դատարկ կամ բնակության համար պիտանի, սակայն այլ նպատակներով օգտագործվող տների և շենքերի գույքագրում` նորոգելու և փախստականներին հատկացնելու համար:

4. Պատգամավորների Գորիսի, Եղեգնաձորի, Կամոյի, Կապանի, Մարտունու, Մասիսի, Տաշիրի, Սիսիանի, Վայքի ու Վարդենիսի շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեի հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել առաջարկություններ փախստականների համար անհատական և կոոպերատիվ բնակարաններ կառուցելու նպատակով լրացուցիչ հողամասեր հատկացնելու մասին:

5. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին և Երևան քաղաքի պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 31-ի «Փախստականների բնակարանների, այլ կառույցների և ունեցվածքի գնահատման և փոխհատուցման վճարումների հարցերի կարգավորման, նրանց ժողովրդագրական կազմի ճշտման միջոցառումների մասին» N 58 որոշման, Երևանում փախստականների վերահաշվառումն անցկացնելիս ժամանակավոր կացարաններում բնակվող և մշտական բնակության վայր դեռևս չընտրած փախստականներին առաջարկել լքված տների գույքագրման և լրացուցիչ հողահատկացումների շնորհիվ ի հայտ եկած մշտական բնակության նոր հասցեներ` ապագա բնակեցման համար:

6. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) Երևանում վերահաշվառված փախստականների ընտրած նոր հասցեները վավերացնել նրանց անձնագրի 25-րդ էջում` փախստականի հատուկ դրոշմով, և այդ հասցեներով նրանցից անհապաղ ընդունել Ադրբեջանում թողած բնակարանի և գույքի փոխհատուցման մասին դիմումները.

բ) փախստականների հետ կնքել նրանց ընտրած տների նորոգման պայմանագրեր, նրանց հատկացնել տնամերձ հողամասեր և կազմել բնակարանային շինարարական կոոպերատիվների հերթացուցակները.

գ) պայմանագրերի հիման վրա կազմված նախահաշվային փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտե` Հայաստանի Հանրապետության 1991 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրից դուրս լրացուցիչ ֆինանսական և նյութատեխնիկական միջոցներ ստանալու համար.

դ) տվյալ շրջանում մշտական բնակություն հաստատող փախստականներին գրանցել համապատասխան բնակավայրերում, իսկ բնակարանային-շինարարական կոոպերատիվներում հերթագրված ընտանիքներին, նրանց ցանկության դեպքում, ընձեռել ժամանակավոր բնակության հնարավորություն:

7. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին` ամփոփել լրացուցիչ ֆինանսական և նյութական ռեսուրսների հատկացման մասին պատգամավորների շրջքաղխորհուրդների գործկոմների հայտերը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտե և Հայաստանի Հանրապետության պետմատ:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեի ներկայացրած հայտերի հիման վրա քննության առնել և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ առաջարկություն ներկայացնել փախստականների ընտրած տների նորոգման ծախսերի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ` ըստ պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների:

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության պետմատին` քննության առնել 1991 թվականին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին սահմանված լրացուցիչ անհետաձգելի աշխատանքների ֆինանսավորման ծավալները նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովելու համար:

10. Թույլատրել Երևան քաղաքի և մերձակա շրջանների տարածքներում ժամանակավոր բնակվելու և աշխատելու այն փախստականներին, ովքեր մինչև իրենց ընտրած մշտական բնակավայրում տան նորոգումը կամ կոոպերատիվ բնակարանի կառուցումը նման ցանկություն կհայտնեն, որի համար որպես հիմք ընդունել`

ա) տան նորոգման պայմանագիրը կամ բնակարանային շինարարական կոոպերատիվի հերթացուցակում լինելու մասին համապատասխան շրջանային կամ քաղաքային խորհրդի գործկոմի տեղեկանքը.

բ) փաստացի բնակության վայրից (ԲՇՎՏ, թաղային կոմիտե, հանրակացարանի, հյուրանոցի տնօրինություն) տրված տեղեկանքը բնակության օրինականության մասին: Նշված տեղեկանքները պետք է նորացվեն երեք ամիսը մեկ անգամ:

11. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին` տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ մինչև 1991 թվականի հուլիսի 30-ը ճշտել և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել տեղեկություն այն փախստականների թվաքանակի մասին, որոնք իրենց փաստացի բնակավայրում չունեն ժամանակավոր կամ մշտական գրանցում, որպեսզի մինչև իրենց ընտրած շրջանը (քաղաքը) մեկնելը լուծվի նրանց սոցիալական կարիքների բավարարման հարցը: Այդ փախստականների թիվը պետք է ճշտվի երեք ամիսը մեկ անգամ:

12. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի նախարարությանը` մինչև 1991 թվականի հուլիսի 25-ը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել առաջարկություն տեղափոխությունների հոսքի ավելացման կապակցությամբ նոր երթուղիների բացման մասին:

13. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին, հյուրանոցներ, հանգստյան տներ և հանրակացարաններ ունեցող գերատեսչություններին` ժամանակավոր կացարաններից մշտական բնակության վայրերը մեկնող ընտանիքներին անհատույց հատկացնել նրանց առօրյա օգտագործման գույքը (մահճակալ, անկողնային պարագաները, առաջին անհրաժեշտության կենցաղային իրերը, սպասքեղենը):

14. Աղետի գոտու պատգամավորների քաղաքային, շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին, նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպություններին` անհատական տներ կառուցող կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվներում հերթագրված փախստականներին ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով ազատված, չօգտագործվող և պահեստավորված վագոն-տնակները հատկացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին:

15. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր բնակարանային-կոմունալ տնտեսության հանրապետական միավորմանը` ֆինանսավորման առկայության դեպքում, ապահովել 1992 թվականին փախստականների համար նախատեսված այդ կոոպերատիվ բնակելի տների շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը այն հաշվով, որպեսզի սույն որոշման 4-րդ կետում նշված շրջաններում շինարարական աշխատանքներն ավարտվեն 1993 թվականին:

16. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին` «Բնակկոմունտնտ» ՀՄ-ի հետ համատեղ, նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ լինելուն պես, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտե ներկայացնել համապատասխան առաջարկություններ փախստականների համար բնակարանային-շինարարական կոոպերատիվների միջոցների հաշվին 1991 թվականին լրացուցիչ բնակելի տների շինարարության մասին:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` քննության առնել ստացված նյութերը և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել համապատասխան առաջարկություններ շինարարությունը սկսելու մասին:

17. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին, Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմին, սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեին` մինչև 1991 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել առաջարկություն ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ մեկնած փախստականներին Հայաստանում տեղավորելու ուղիների մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ