ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 1991 թվականի N 397
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Սահմանել, որ Երևան քաղաքի Շահումյանի շրջանային խորհրդի գործկոմի գյուղատնտեսության վարչության համակարգի կոլտնտեսությունների և միջկոլտնտեսային կազմակերպությունների հողային տարածքները գյուղատնտեսական արտադրության համար տրվում են օգտագործման վարձակալական հիմունքներով, սահմանված կարգով:
2. Սահմանել, որ գյուղատնտեսական հողատեսքերը և արտադրության մյուս միջոցներն առաջին հերթին վարձակալության են տրվում առկա կոլտնտեսությունների բոլոր անդամներին, երկրորդ հերթին` պետական հիմնարկ-ձեռնարկություններին, կոոպերատիվներին, այլ կազմակերպությունների և առանձին անհատների:
3. Վարձակալության գործընթացի իրականացումը դնել հողային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովի վրա, ընդ որում Շահումյանի, 18-րդ և 22-րդ կուսհամագումարների անվան կոլտնտեսություններում` առաջիկա 15 օրվա ընթացքում, իսկ Նորագավիթի, Շենգավիթի և Սպանդարյանի անվան կոլտնտեսություններում` նրանց ընդհանուր ժողովների որոշումների համաձայն 1991 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում:
4. Անասնագլխաքանակը վարձակալության տալ կամ սեփականաշնորհել սանիտարական պահանջներին և առկա հողատարածությունների նորմաներին համապատասխան, իսկ ավելցուկ անասնագլխաքանակը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի տնտեսություններին իրացնել պայմանագրային գներով:
5. Վարձակալության տրված վարելահողերի, բազմամյա տնկարկների և խոտհարքների տարեկան վարձաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 16-ի N 282 որոշմանը համապատասխան:
6. Սահմանել, որ վարձակալները պարտավոր են պայմանագրային հիմունքներով պետությանը վաճառել բնամթերք` հողատեսքերին և անասնագլխաքանակին համամասնաբար, ելնելով վերջին 5 տարիների միջին ցուցանիշներից, անասնապահական մթերքների համար այն կրճատելով 1/3-ով:
7. Շրջանային խորհրդի գործկոմի կողմից վարձակալության տրված հողատեսքերի վարձավճարի 50 տոկոսը մուտք անել տեղական բյուջե, իսկ մնացած 50 տոկոսը` քաղաքային բյուջե:
8. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|