Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-532
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.11.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2005/2
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
23.11.2004
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
23.11.2004
Дата вступления в силу
23.11.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ` ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ` 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

23 նոյեմբերի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից` Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող` 2000 թվականի մայիսի 25-ին Նյու Յորքում ընդունված կամընտիր արձանագրությունում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2000 թ. մայիսի 25-ին` Նյու Յորքում:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2002 թ. փետրվարի 12-ին:

Արձանագրությունը բացվել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մասնակից կամ կոնվենցիան ստորագրած ցանկացած պետության ստորագրման, ինչպես նաև ցանկացած այլ պետության միանալու համար:

Հայաստանի Հանրապետությունը, որպես «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մասնակից պետություն (Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է 1992 թ. հուլիսի 1-ին), արձանագրությունն ստորագրել է 2003 թ. սեպտեմբերի 24-ին` Նյու Յորքում:

Արձանագրության նպատակը զինված հակամարտություններին երեխաների մասնակցությունն արգելելն է:

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս մյուս մասնակից պետությունների, մասնավորապես ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` ապահովելու համար, որ ՀՀ զինված ուժերի` 18 տարեկան չդարձած զինծառայողներն ուղղակիորեն չմասնակցեն ռազմական գործողություններին,

- ապահովել, որ 18 տարեկան չդարձած անձինք ենթակա չլինեն պարտադիր զորակոչի ՀՀ զինված ուժերում,

- «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 38 հոդվածի 3-րդ կետում նշված տարիքի համեմատ բարձրացնել ՀՀ զինված ուժերում անձանց կամավոր զորակոչի նվազագույն տարիքը` հաշվի առնելով այդ հոդվածում պարունակվող սկզբունքները և ընդունելով, որ 18 տարին չլրացած անձինք, կոնվենցիային համապատասխան, հատուկ պաշտպանության իրավունք ունեն,

- արգելել Հայաստանի Հանրապետության զինված ուժերից տարբեր այլ զինված խմբերի կողմից բոլոր պարագաներում 18 տարեկան չդարձած անձանց հավաքագրումը կամ զինված գործողություններում օգտագործումը, նաև նախատեսել այդպիսի հավաքագրման և օգտագործման համար քրեական պատասխանատվություն սահմանող «անհրաժեշտ իրավական միջոցների ընդունում»,

- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ իրավական, վարչական և այլ միջոցներն արձանագրության դրույթների արդյունավետ կիրառումն ու իրագործումն ապահովելու համար: Մեծահասակների և երեխաների շրջանում համապատասխան միջոցներով ապահովել արձանագրության դրույթների և սկզբունքների լայնորեն տարածումն ու քարոզումը: Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու համար, որ ՀՀ իրավասության ներքո գտնվող անձինք, ովքեր, հակառակ քննության առարկա արձանագրության, հավաքագրված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում, զորացրվեն կամ այլ ձևով ազատվեն զինվորական ծառայությունից: Անհրաժեշտության դեպքում այդ անձանց ցուցաբերել պատշաճ օգնություն նրանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերականգնման, ինչպես նաև նրանց սոցիալական վերաինտեգրման նպատակով,

- Հայաստանի Հանրապետության համար արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացնել արձանագրության դրույթների, ներառյալ մասնակցությանը և զորակոչին վերաբերող դրույթների իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետության ձեռնարկած միջոցների մասին համապարփակ տեղեկատվություն պարունակող զեկույց:

3. Համաձայն արձանագրության 3-րդ հոդվածի 2-րդ կետի` արձանագրությունը վավերացնող պետությունը ներկայացնելու է պարտադիր հայտարարություն` նշելով կամավոր զորակոչի ենթակա անձանց նվազագույն տարիքը և այն երաշխիքները, որով բացառվելու է այդպիսի զորակոչի բռնի կամ հարկադիր բնույթը:

4. Արձանագրությամբ առաջադրված խնդիրներն ու ՀՀ ստանձնած պարտավորությունները գտնվում են Սահմանադրության 32 հոդվածի շրջանակում, որով ամրագրված է հասարակության և պետության պարտավորությունը մանկության հովանավորման և պաշտպանության ոլորտում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից` Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող` 2000 թվականի մայիսի 25-ին Նյու Յորքում ընդունված կամընտիր արձանագրությունում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Նախագահող

Գ. Հարությունյան


23 նոյեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-532