«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
17 ապրիլի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 1996 թվականի N 106
քաղ. Երևան
1996 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի ապրիլի 5-ի «1996 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորումներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
Մարզային (տարածքային) հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:
3. Հաստատել հանրապետական զորակոչային բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) 1996 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.
բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազական մարմիններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող` զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձնելն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» միջպետական կոնվենցիայով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.
բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինկոմիսարիատներ:
7. Տարածքային կառավարման մարմիններին` 1996 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար`
ա) զինկոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական, ավտոտրանսպորտային միջոցներով.
բ) հաստատել տեղական (ըստ զինկոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետներին:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային բժշկական հանձնաժողովները համալրել համապատասխան մասնագետներով, շրջանային կենտրոնական հիվանդանոցների բազայի վրա ապահովել զորակոչիկների պարտադիր անվճար և առաջնահերթ ռենտգեն հետազոտումը և համապատասխան ռենտգեն (ֆլյուրո) լուսանկարումը:
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`
ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի ուղևորման երթուղիներում.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.
գ) զորակոչի ընթացքում Երևան քաղաքի սահմաններից դուրս զորակոչիկներին փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակետին հատկացնել պետավտոտեսչության երկու անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`
ա) ապահովել զորակոչիկների տեղափոխումն ըստ Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատների հայտերի.
բ) 1996 թվականի գարնանային զորակոչի կազմակերպման նպատակով զինկոմիսարիատները և հանրապետական հավաքակետը եռամսյա ժամկետով ապահովել ավտոտրանսպորտային միջոցներով, ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտերի:
Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանից մեկնումը թույլատրել միայն զինգրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման վկայականներում (նախնական հաշվառման վկայականներում)` տարկետման իրավունքից օգտվելու մասին զինկոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
12. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 1996 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույն չափով օգտագործելու նպատակով բուհերում, դպրոցներում, տեխնիկումներում, պրոֆտեխուսումնական հաստատություններում փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքներն ավարտել մինչև 1996 թվականի հունիսի 15-ը:
13. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1996 թվականի գարնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:
14. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 17-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|