ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ, ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱՆՐՈՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ԵՎ ԴՐԱՆՑ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
20 սեպտեմբերի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Վ. Պողոսյանի (հարգելի պատճառով չի մասնակցել որոշման ընդունմանը),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1999 թվականի սեպտեմբերի 15-ին Պեկինում ստորագրված` Համաշխարհային փոստային կոնվենցիայում և դրա եզրափակիչ արձանագրության մեջ (կից Նամակագրական թղթակցության կանոնակարգով, Փոստային ծանրոցների կանոնակարգով և դրանց եզրափակիչ արձանագրություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան, դրա եզրափակիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ընդունվել է Համաշխարհային փոստային միության 22-րդ համագումարի կողմից 1999 թ. սեպտեմբերի 15-ին Պեկինում` ի կիրառումն Համաշխարհային փոստային միության կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) 22 հոդվածի 3-րդ կետի դրույթների:
Կոնվենցիայի նպատակը միջազգային փոստային ծառայության նկատմամբ կիրառելի ընդհանուր կանոնների սահմանումը և նամակագրական թղթակցության ու փոստային ծանրոցների ծառայությունների կանոնակարգումն է:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2001 թ. հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 1999 թ. սեպտեմբերի 15-ին` Պեկինում:
Կոնվենցիան, ի թիվս այլոց, Կանոնադրության 22 հոդվածի 3-րդ կետի դրույթների ուժով հանդիսանում է Համաշխարհային փոստային միության (այսուհետ` Միություն) փաստաթղթերից մեկը, պարտադիր է Միության բոլոր անդամ երկրների համար և Կանոնադրության 25 հոդվածի 4-րդ կետի ուժով ենթակա է հավանության` այն ստորագրած յուրաքանչյուր երկրի ներքին սահմանադրական դրույթներին համապատասխան:
2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- երաշխավորել օգտագործողների/հաճախորդների իրավունքը` օգտվելու համընդհանուր փոստային ծառայությունից, երաշխավորել այդ ծառայության համապատասխանությունը ՀՀ ամբողջ տարածքում մշտապես մատուցվող ընդունելի գներով հիմնական փոստային ծառայությունների առաջարկին,
- ազգային փոստային օրենսդրության շրջանակներում կամ այլ սովորական միջոցներով որոշել համապատասխան փոստային ծառայությունների նշանակությունը, ինչպես նաև որակի և ընդունելի գների պայմանները` հաշվի առնելով, միաժամանակ, բնակչության և ազգային պայմանների պահանջները,
- երաշխավորել փոստային ծառայությունների մատուցումը և որակի ստանդարտների պահպանումն այն օպերատորների կողմից, որոնց վրա դրված է համընդհանուր փոստային ծառայության մատուցումը,
- երաշխավորել բաց տարանցմամբ ուղարկվող փակ ճեպագրերի և նամակագրական թղթակցությունների առաքումների, վերգետնյա և ծովային ճանապարհներով ուղարկվող փոստային ծանրոցների, ինչպես նաև ավիածանրոցների` ՀՀ տարածքով տարանցման ազատությունը,
- որպես չեզոք երկիր, Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված կամ ՀՀ տարածք բռնագաղթած` պատերազմող որևէ կողմին պատկանող անձանց, բռնագաղթած քաղաքացիական անձանց հավասարեցնել ռազմագերիներին` կոնվենցիայի հոդված 8-ի դրույթների կիրառման առումով,
- Միջազգային բյուրո ներկայացնել արդիականացված տեղեկատվություն տրանսպորտային միջոցների ժամանման սահմանային ժամկետների և դրանց հնարավոր փոփոխությունների վերաբերյալ,
- ձեռնարկել կամ ՀՀ օրենսդիր մարմնին առաջարկել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կանխելու, արգելելու և պատժելու համար կոնվենցիայի 63 հոդվածում սահմանված գործողությունները:
3. Համաշխարհային փոստային կոնվենցիայի եզրափակիչ արձանագրությունը (այսուհետ` Եզրափակիչ արձանագրություն) ընդունվել է Միության 22-րդ համագումարի կողմից 1999 թ. սեպտեմբերի 15-ին Պեկինում` ի կիրառումն Կանոնադրության 22 հոդվածի 6-րդ կետի դրույթների:
Եզրափակիչ արձանագրության նպատակը կոնվենցիայի վերաբերյալ վերապահումներ կատարելն է:
Եզրափակիչ արձանագրությունն ուժի մեջ է մտել 2001 թ. հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետությունը Եզրափակիչ արձանագրությունն ստորագրել է 1999 թ. սեպտեմբերի 15-ին` Պեկինում:
Եզրափակիչ արձանագրությունը, ի թիվս այլոց, Կանոնադրության 22 հոդվածի 6-րդ կետի դրույթների ուժով հանդիսանում է Միության փաստաթղթերից մեկը և Կանոնադրության 25 հոդվածի 4-րդ կետի ուժով ենթակա է հավանության` այն ստորագրած յուրաքանչյուր երկրի ներքին սահմանադրական դրույթներին համապատասխան:
Եզրափակիչ արձանագրության եզրափակիչ դրույթների համաձայն` այն ունի նույն ուժը և նույն նշանակությունը, ինչպես, եթե դրա դրույթները ներառվեին կոնվենցիայի տեքստում:
Եզրափակիչ արձանագրությունը հանդես է գալիս որպես առանձին, կոնկրետ նշված երկրների կողմից կոնվենցիայի վերաբերյալ արված վերապահումներն ամփոփող միջազգային փաստաթուղթ: Վերապահումները հիմնականում իրենցից ներկայացնում են բացառություններ` ի շեղումն կոնվենցիայի առանձին դրույթների կամ կոնվենցիայով նախատեսված իրավունքների իրացման վերաբերյալ տարբեր երկրների` իրավաբանորեն ամրագրված մտադրություններ: Դրանք հիմնականում վերաբերում են կոնվենցիայի տարբեր հոդվածների` առանձին, կոնկրետ նշված երկրների վրա չտարածելուն, կոնվենցիայով նախատեսված իրավունքների իրացման վերաբերյալ առանձին, կոնկրետ նշված երկրների` իրավաբանորեն ամրագրված մտադրություններին` կապված տարբեր վճարներ գանձելու, առանձին առաքանիներ չընդունելու հետ, այդպիսի երկրների կողմից կոնվենցիայով նախատեսված առանձին պարտականություններ չկատարելուն, կոնկրետ երկրի կողմից առաքանիների և ծանրոցների ներդրանքի արժեքի սահմանափակմանը` նշելով ներդրանքի կոնկրետ սահմանված արժեքները:
4. Նամակագրական թղթակցության կանոնակարգը հաստատվել է Միության մարմին հանդիսացող Փոստային շահագործման խորհրդի կողմից 1999 թ. դեկտեմբերի 1-ին Բեռնում` ի կիրառումն Կանոնադրության 22 հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի դրույթների:
Նամակագրական թղթակցության կանոնակարգի նպատակը միջազգային փոստային ծառայության նկատմամբ կիրառելի ընդհանուր կանոնների, նամակագրական թղթակցությանը վերաբերող դրույթների կատարման ապահովումն է:
Նամակագրական թղթակցության կանոնակարգն ուժի մեջ է մտել 2001 թ. հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետությունը Նամակագրական թղթակցության կանոնակարգն ստորագրել է 1999 թ. դեկտեմբերի 1-ին` Բեռնում:
Նամակագրական թղթակցության կանոնակարգը, ի թիվս այլոց, Կանոնադրության 22 հոդվածի 3-րդ կետի դրույթների ուժով հանդիսանում է Միության փաստաթղթերից մեկը, պարտադիր է Միության բոլոր անդամ երկրների համար և Կանոնադրության 25 հոդվածի 4-րդ կետի ուժով ենթակա է հավանության` այն ստորագրած յուրաքանչյուր երկրի ներքին սահմանադրական դրույթներին համապատասխան:
Նամակագրական թղթակցության կանոնակարգը սահմանում է ընթացակարգային կանոններ, որոնք մանրամասնում և կոնկրետացնում են կոնվենցիայի` միջազգային փոստային ծառայությանն ու նամակագրական թղթակցությանը վերաբերող դրույթները և կոչված են ապահովելու դրանց արդյունավետ կիրառումը և գործողությունը:
5. Նամակագրական թղթակցության կանոնակարգի եզրափակիչ արձանագրությունը հաստատվել է Միության մարմին հանդիսացող Փոստային շահագործման խորհրդի կողմից 1999 թ. դեկտեմբերի 1-ին Բեռնում` ի կիրառումն Կանոնադրության 22 հոդվածի 6-րդ կետի դրույթների:
Նամակագրական թղթակցության կանոնակարգի եզրափակիչ արձանագրության նպատակը Նամակագրական թղթակցության կանոնակարգի վերաբերյալ վերապահումների կատարումն է:
Նամակագրական թղթակցության կանոնակարգի եզրափակիչ արձանագրությունն ուժի մեջ է մտել 2001 թ. հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետությունը Նամակագրական թղթակցության կանոնակարգի եզրափակիչ արձանագրությունն ստորագրել է 1999 թ. դեկտեմբերի 1-ին` Բեռնում:
Նամակագրական թղթակցության կանոնակարգի եզրափակիչ արձանագրությունը, ի թիվս այլոց, Կանոնադրության 22 հոդվածի 6-րդ կետի դրույթների ուժով հանդիսանում է Միության փաստաթղթերից մեկը և Կանոնադրության 25 հոդվածի 4-րդ կետի ուժով ենթակա է հավանության` այն ստորագրած յուրաքանչյուր երկրի ներքին սահմանադրական դրույթներին համապատասխան:
Նամակագրական թղթակցության կանոնակարգի եզրափակիչ արձանագրության եզրափակիչ դրույթների համաձայն` այն ունի նույն ուժը և նույն նշանակությունը, ինչպես, եթե դրա դրույթները ներառվեին Նամակագրական թղթակցության կանոնակարգի տեքստում:
Նամակագրական թղթակցության կանոնակարգի եզրափակիչ արձանագրությունը հանդես է գալիս որպես առանձին, կոնկրետ նշված երկրների կողմից Նամակագրական թղթակցության կանոնակարգի վերաբերյալ արված վերապահումներն ամփոփող միջազգային փաստաթուղթ: Վերապահումները հիմնականում իրենցից ներկայացնում են բացառություններ` ի շեղումն Նամակագրական թղթակցության կանոնակարգի առանձին դրույթների կամ Նամակագրական թղթակցության կանոնակարգով նախատեսված իրավունքների իրացման վերաբերյալ տարբեր երկրների` իրավաբանորեն ամրագրված մտադրություններ:
6. Փոստային ծանրոցների կանոնակարգը հաստատվել է Միության մարմին հանդիսացող Փոստային շահագործման խորհրդի կողմից 1999 թ. դեկտեմբերի 1-ին Բեռնում` ի կիրառումն Համաշխարհային փոստային միության կանոնադրության 22 հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի դրույթների: Փոստային ծանրոցների կանոնակարգի նպատակը միջազգային փոստային ծառայության նկատմամբ կիրառելի ընդհանուր կանոնների, փոստային ծանրոցներին վերաբերող դրույթների կատարման ապահովումն է:
Փոստային ծանրոցների կանոնակարգն ուժի մեջ է մտել 2001 թ. հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետությունը Փոստային ծանրոցների կանոնակարգն ստորագրել է 1999 թ. դեկտեմբերի 1-ին` Բեռնում:
Փոստային ծանրոցների կանոնակարգը, ի թիվս այլոց, Կանոնադրության 22 հոդվածի 3-րդ կետի դրույթների ուժով հանդիսանում է Միության փաստաթղթերից մեկը, պարտադիր է Միության բոլոր անդամ երկրների համար և Կանոնադրության 25 հոդվածի 4-րդ կետի ուժով ենթակա է հավանության` այն ստորագրած յուրաքանչյուր երկրի ներքին սահմանադրական դրույթներին համապատասխան:
Փոստային ծանրոցների կանոնակարգը սահմանում է ընթացակարգային կանոններ, որոնք մանրամասնում և կոնկրետացնում են կոնվենցիայի` միջազգային փոստային ծառայությանն ու փոստային ծանրոցներին վերաբերող դրույթները և կոչված են ապահովելու դրանց արդյունավետ կիրառումը և գործողությունը:
7. Փոստային ծանրոցների կանոնակարգի եզրափակիչ արձանագրությունը հաստատվել է Միության մարմին հանդիսացող Փոստային շահագործման խորհրդի կողմից 1999 թ. դեկտեմբերի 1-ին Բեռնում` ի կիրառումն Կանոնադրության 22 հոդվածի 6-րդ կետի դրույթների:
Փոստային ծանրոցների կանոնակարգի եզրափակիչ արձանագրության նպատակը Փոստային ծանրոցների կանոնակարգի վերաբերյալ վերապահումների կատարումն է:
Փոստային ծանրոցների կանոնակարգի եզրափակիչ արձանագրությունն ուժի մեջ է մտել 2001 թ. հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետությունը Փոստային ծանրոցների կանոնակարգի եզրափակիչ արձանագրությունն ստորագրել է 1999 թ. դեկտեմբերի 1-ին` Բեռնում:
Փոստային ծանրոցների կանոնակարգի եզրափակիչ արձանագրությունը, ի թիվս այլոց, Կանոնադրության 22 հոդվածի 6-րդ կետի դրույթների ուժով հանդիսանում է Միության փաստաթղթերից մեկը և Կանոնադրության 25 հոդվածի 4-րդ կետի ուժով ենթակա է հավանության` այն ստորագրած յուրաքանչյուր երկրի ներքին սահմանադրական դրույթներին համապատասխան:
Փոստային ծանրոցների կանոնակարգի եզրափակիչ արձանագրության եզրափակիչ դրույթների համաձայն` այն ունի նույն ուժը և նույն նշանակությունը, ինչպես, եթե դրա դրույթները ներառվեին Փոստային ծանրոցների կանոնակարգի տեքստում:
Փոստային ծանրոցների կանոնակարգի եզրափակիչ արձանագրությունը հանդես է գալիս որպես առանձին, կոնկրետ նշված երկրների կողմից Փոստային ծանրոցների կանոնակարգի վերաբերյալ արված վերապահումներն ամփոփող միջազգային փաստաթուղթ: Վերապահումները հիմնականում իրենցից ներկայացնում են բացառություններ` ի շեղումն Փոստային ծանրոցների կանոնակարգի առանձին դրույթների կամ Փոստային ծանրոցների կանոնակարգով նախատեսված իրավունքների իրացման վերաբերյալ տարբեր երկրների` իրավաբանորեն ամրագրված մտադրություններ:
8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Նամակագրական թղթակցության կանոնակարգը, դրա եզրափակիչ արձանագրությունը, փոստային ծանրոցների կանոնակարգը, դրա եզրափակիչ արձանագրությունը դիտարկում է որպես կոնվենցիայի հետ ներքին տրամաբանական կապի մեջ գտնվող մեկ միասնական փաստաթուղթ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1999 թ. սեպտեմբերի 15-ին Պեկինում ստորագրված` Համաշխարհային փոստային կոնվենցիայում և դրա եզրափակիչ արձանագրության մեջ (կից Նամակագրական թղթակցության կանոնակարգով, Փոստային ծանրոցների կանոնակարգով և դրանց եզրափակիչ արձանագրություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|