ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 586
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության (այսուհետև` վարչություն) աշխատողների թվաքանակը սահմանել 32 հաստիքային միավոր:
2. Վարչության ապարատի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Վարչության աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները հավասարեցնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական վարչությունների կենտրոնական ապարատների աշխատողների աշխատանքի վարձատրության պայմաններին:
Վարչության պետի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակից սահմանել 6:
4. Վարչությանը հատկացնել Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարության գիտաարտադրական համալիրի Երևանի Կոմիտասի փողոցի N 51 մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը (15 աշխատասենյակ)` 471 քառ. մետր օգտակար մակերեսով: Տարեկան վարձավճարի չափը, մեկ քառ. մետրի համար, սահմանել Երևան քաղաքի բյուջետային համակարգի կազմակերպությունների համար նախատեսված չափով:
5. Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարությանը` 10-օրյա ժամկետում գիտաարտադրական համալիրի նշված տարածքները հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից ներկայացված նախահաշվի համաձայն, նրան հատկացնել 2324.2 հազ. դրամ, 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` վարչությանը հատկացված տարածքների վերանորոգման համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |