ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1988 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
8 դեկտեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1988 թվականի մարտի 10-ին Հռոմում ստորագրված` Ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիայի նպատակը ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների կանխարգելման ու դրանք կատարող անձանց հետապնդման ու պատժման նպատակով արդյունավետ և գործնական միջոցների մշակման և ընդունման ուղղությամբ պետությունների միջև միջազգային համագործակցության հետևողական զարգացումն է:
2. Կոնվենցիայի 3-րդ հոդվածում սահմանված են ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված գործողությունները հանցավոր ճանաչելու դեպքերը: Միաժամանակ, հստակեցվում են. կոնվենցիայի կիրառման շրջանակները (2-րդ հոդված), համաձայն որի` այն կիրառելի չէ ոչ առևտրային նպատակներով շահագործվող ռազմանավի, ռազմական օժանդակության կամ մաքսային, ոստիկանական նպատակներով շահագործվող նավի, շահագործումից հանված կամ նավամատույցում կայանած նավի նկատմամբ, ինչպես նաև` կոնվենցիայի կիրառման անմիջական պայմանները (4-րդ հոդված):
3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- քրեականացնել այն գործողությունները, որոնք կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան ճանաչվում են որպես հանցագործություն,
- անհրաժեշտության դեպքում ձերբակալել կոնվենցիայով նախատեսված հանցագործություն կատարած կամ դրանում կասկածվող և ՀՀ տարածքում գտնվող անձին կամ ձեռնարկել այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու կամ հանձնման գործողություններ ձեռնարկելու համար, ինչպես նաև ՀՀ օրենսդրությանը համապատասխան անհապաղ իրականացնել այդ փաստերի նախնական քննություն,
- անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում ընդունել կամ մերժել կոնվենցիայի 3-րդ հոդվածում նախատեսված հանցագործություն կատարած անձի ընդունումը կամ փոխանցել նրան ընդունող պետությանը,
- կոնվենցիայի մասնակից այլ պետություններին հնարավոր առավելագույն օգնություն ցուցաբերել 3-րդ հոդվածում նշված հանցագործությունների վերաբերյալ սկսված քրեական հետապնդման կապակցությամբ, աջակցել քննության համար անհրաժեշտ ապացույցների ձեռքբերմանը,
- ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները վերոհիշյալ հանցագործությունների նախապատրաստումը կանխարգելելու և այդ նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակից պետություններին և Ծովային միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ,
- հնարավոր սեղմ ժամկետում Ծովային միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին տրամադրել նաև կոնվենցիայի 15-րդ հոդվածում նախատեսված տեղեկատվություն:
4. Կոնվենցիան մի շարք երաշխիքներ է նախատեսում քրեորեն հետապնդվող անձանց իրավունքների պաշտպանման ուղղությամբ (7-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետեր, 10-րդ հոդվածի 2-րդ կետ):
Կոնվենցիան երաշխավորում է նաև մասնակից այն պետության շահերի պաշտպանությունը, որի դրոշը նավը կրել է հանցագործության կատարման ժամանակ:
5. Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն անդամ պետությունների միջև հանձնման հետ կապված իրավահարաբերությունները միջպետական այլ պայմանագրերով և համաձայնագրերով կարգավորելի են այնքանով, որքանով չեն հակասում կոնվենցիային:
Փոխադարձ իրավական օգնության հետ կապված իրավահարաբերությունները, ըստ կոնվենցիայի 12-րդ հոդվածի, ենթակա են կարգավորման միջպետական պայմանագրերով կամ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միանում է վերապահմամբ, համաձայն որի` կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման առնչությամբ վեճի` Միջազգային դատարանի կողմից լուծման վերաբերյալ 16-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը պարտադիր չէ կիրառման համար:
7. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում ընդունված մի շարք այլ իրավական փաստաթղթերի դրույթներից: Այդ պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 4 և 9 հոդվածների դրույթներին, քանի որ երաշխավորում են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական միջոցներով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1988 թվականի մարտի 10-ին Հռոմում ստորագրված` Ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|